ԱՄՆ-Իրան. տարածված տեսանյութերը չեն պատկերում իրական հարվածները

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում և հայկական մի շարք լրատվամիջոցներում լայն տարածում են ստացել տեսանյութեր, որոնք ներկայացվում են որպես ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածներ: Այս տեսանյութերը իբր վերաբերում են հունիսի 22-ին տեղի ունեցած հարվածներին, երբ ԱՄՆ-ն թիրախավորեց Իրանի միջուկային օբյեկտները Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում:
Թեև հարվածները փաստացի տեղի են ունեցել, և ըստ պաշտոնական տեղեկության՝ ԱՄՆ-ի B-2 ռմբակոծիչները իրանական օբյեկտների վրա կիրառել են GBU-57՝ ստորգետնյա թիրախներ խոցելու համար նախատեսված հզոր ռումբեր, սոցցանցերում տարածվող տեսանյութերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:
Տարածված տեսանյութերը հին են և նկարահանվել են այլ վայրերում
Առաջին տեսանյութում պատկերված է գիշերային ժամերին տեղի ունեցած հզոր պայթյուն: Տեսանյութը ներկայացվում է որպես Իրանի Ֆորդո քաղաքի միջուկային կենտրոնի վրա հարված:
Տեսանյութը տարածվել է News.am-ի, «Կենտրոն» հեռուստալիքի, մի շարք այլ լրատվամիջոցների, փորձագետների ու սոցցանցերի օգտատերերի կողմից։
#CivilNetCheck-ը տեսանյութի հակադարձ որոնման արդյունքում պարզել է, որ այն նկարահանվել է Սիրիայում՝ Տարտուս քաղաքի նավահանգստում: Տեսանյութն իրականում ցույց է տալիս 2024-ի դեկտեմբերին Իսրայելի կողմից իրականացված հարվածը, որի թիրախը եղել են սիրիական զինապահեստներն ու ռազմական տեխնիկան։
Երկրորդ տեսանյութը, որը լայն տարածում է ստացել Yerkir.am-ի, Lurer.com-ի և այլ լրատվամիջոցների ու էջերի կողմից, ցուցադրում է հսկայական պայթյունի սնկաձև ամպ: Տարբեր լրատվամիջոցներ այս տեսանյութը ներկայացրել են տարբեր կերպ՝ ոմանք պնդելով, թե դա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայի վրա հարված է, մյուսները՝ թե Իրանի Բուշերի ատոմակայանում տեղի ունեցած պայթյուններ են:

Իրականում այս տեսանյութը նկարահանվել է 2025-ի ապրիլի 26-ին Իրանի Բանդարաբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում: Այդ օրը այնտեղ տեղի էր ունեցել հզոր հրդեհ, որը հանգեցրել էր քիմիական նյութերի պայթյունի։
The more I read about this explosion today in Bandar Abbas, the more I think about the reports about those #Iran cargo ships docking in Bandar Abbas after departing #China with missile components. pic.twitter.com/X0Rxrx51Na
— Jason Brodsky (@JasonMBrodsky) April 26, 2025
«Սոցցանցերի հայկական տիրությում տարածված մյուս տեսանյութը ներկայացվում է որպես ԱՄՆ-ի ռմբակոծիչների հարված Ֆորդոյի միջուկային կենտրոնին՝ GBU-57 ռումբերի կիրառմամբ։ Տեսանյութում երևում են լեռներով շրջապատված բնակելի շինություններ, որին հաջորդում է հսկայական պայթյուն։»
#CivilNetCheck-ը բաց աղբյուրների վերլուծությամբ պարզել է, որ այս կադրերը նկարահանվել են դեռ 2015-ի ապրիլին՝ Եմենի մայրաքաղաք Սանայում հութիների զինապահեստի վրա Սաուդյան Արաբիայի ավիահարվածից հետո: Ո՛չ ԱՄՆ-ի B-2 ռմբակոծիչները, ո՛չ էլ GBU-57 ռումբերը այդ միջադեպում ներգրավված չեն եղել:
Այսպիսով, թեև 2025-ի հունիսին Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածները փաստացի տեղի են ունեցել, սակայն վերոնշյալ տեսանյութերը այդ իրադարձություններին չեն առնչվում: Դրանք հին են, նկարահանվել են այլ վայրերում և սխալ համատեքստում են ներկայացվում:
CivilNetCheck
Civilnet










