Գևորգ Թոսունյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ «մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց» արտահայտությունը ուղղված է եղել ՍիվիլՆեթին։ Նման եզրահանգման է եկել Տեղեկատվական վեճերի խորհրդը, որն անկախ մարմին է։ Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնական նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև անձի արժանապատվությունը և մասնավոր կյանքի իրավունքը:
2025-ին հունվարի 20-ին ՍիվիլՆեթի մայր կազմակերպությունը՝ Սիվիլիթաս հիմնադրամը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ վերջինիս «մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց» արտահայտության համար։
Ավինյանն այդ արտահայտությունն արել էր 2024-ի դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում՝ արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին և իր ընտանիքի վերաբերյալ ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP)՝ «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածի։
Մայիսի 6-ին դատարանում Ավինյանի ներկայացուցիչը պնդել էր, որ քաղաքապետը «խոսել է ստի ու մանիպուլյացիայի մասին»՝ առանց որևէ կոնկրետ լրատվամիջոց թիրախավորելու ու այդ արտահայտությունը ՍիվիլՆեթին չէր վերաբերում։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ էր դիմել ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը՝ խնդրելով տրամադրել կարծիք՝ արդյոք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ «մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց» հայտարարությունը վերաբերում էր լրատվամիջոցին, թե ոչ։
Խորհուրդը գտել է, որ տվյալ դեպքում առկա էին հանգամանքներ, որոնք հիմնավորում են՝ «Տիգրան Ավինյանի վիճահարույց արտահայտությունը ուղղված է եղել «CivilNet.am»-ին»։
Ըստ խորհրդի տարածած հաղորդագրության՝ քաղաքապետի սուր խոսքի առիթ է եղել այն, որ Factor TV-ի տաղավարում կայացած բանավեճում Հայկ Մարությանը վկայակոչել է Տիգրան Ավինյանի մասին CivilNet.am-ում հրապարակված քննադատական մի հոդված։
«Դրան հետևել է Տիգրան Ավինյանի քննադատությունը նույն լրատվամիջոցի հասցեին, որի ընթացքում նաև նշել է, որ իր հայրը նույնպես դատական հայց է ներկայացրել CivilNet.am-ի դեմ, որից հետո քաղաքապետն ամփոփել է իր խոսքը վիճահարույց հայտարարությամբ։ Թեև այն ձևակերպված է վերացական, սակայն դրանից անմիջապես առաջ հնչեցված երկու արտահայտությունները վերաբերել են բացառապես CivilNet.am-ին։ Հետևաբար, ցանկացած օբյեկտիվ դիտորդ կարող էր ընկալել, որ Տիգրան Ավինյանը նկատի է ունեցել հենց տվյալ լրատվամիջոցը։ Այդպես է ընկալել նաև բանավեճի վարողը, որը անմիջապես հորդորել է չքննադատել «հատկապես՝ ՍիվիլՆեթի գործընկերներին», ինչին հակադարձելով, Տիգրան Ավինյանը նշել է, որ շարունակելու է թիրախավորել՝ կրկին վկայակոչելով CivilNet.am-ը։ Այսպիսով, բոլոր նշված հանգամանքները ցույց են տալիս խնդրո առարկա արտահայտության և դրա թիրախի միջև օբյեկտիվ կապի առկայությունը, որի մասին հիշատակել է Եվրոպական դատարանը։ Հակառակը պնդելը կնշանակի անհասցե հայտարարությունների շղարշի ներքո արդարացնել անձանց արժանապատվությունը արատավորող հրապարակային խոսքերը»,- եզրահանգել է խորհուրդը։
Մասնագիտական խումբը հարցը դիտարկել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներից մեկի համատեքստում։ Մասնավորապես, նշվում է, որ «Դյուլդինն ու Կիսլովն ընդդեմ Ռուսաստանի» գործով ՄԻԵԴ-ը սահմանել է, որ եթե վեճը վերաբերում է հրապարակային արտահայտությամբ կոնկրետ անձանց արժանապատվության, հարգանքի իրավունքի միջամտությանը, անհրաժեշտ է, որ առկա լինի «օբյեկտիվ կապ» հայտարարության և դատարան դիմած անձի միջև։ Ըստ այդ որոշման՝ զուտ անձի ենթադրությունը կամ անձնական ընկալումը, որ տվյալ հրապարակումը ուղղված է եղել նրան, դեռ բավարար չէ հիմնավորելու, որ այդ հրապարակումը արատավորել է նրա արժանապատվությունը։ Անհրաժեշտ է ցույց տալ հստակ հանգամանքներ, որոնք «սովորական ընթերցողին» հիմք կտան կարծելու, որ տվյալ արտահայտությունը ուղղված է եղել տվյալ անձին կամ որ նա ուղղակիորեն թիրախավորված է եղել այդ քննադատությամբ:
Հիշատակվում է նաև, որ հետագայում այս դիրքորոշումն ընդունեց նաև ՀՀ վճռաբեկ դատարանը։ Մասնավորապես, 2012-ի կայացրած որոշումներից մեկում դատարանը սահմանեց, որ «գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ»:
Այս նախադեպային որոշումների վերլուծության ներքո էլ խորհուրդը գտել է, որ «ցանկացած օբյեկտիվ դիտորդ կարող էր ընկալել, որ Տիգրան Ավինյանը նկատի է ունեցել հենց տվյալ լրատվամիջոցը»։
Խորհրդի անդամներն են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը (Խորհրդի քարտուղար), «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն Արա Ղազարյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և փաստաբան Օլգա Սաֆարյանը։
Civilnet











