Գլխավոր Լրահոս

«Առաջադրանքի պատշաճ չկազմակերպում և մարտական գործողություններից հրաժարում»․ «Լելե Թեփեի» գործով առաջին նիստը

«Առաջադրանքի պատշաճ չկազմակերպում և մարտական գործողություններից հրաժարում»․ «Լելե Թեփեի» գործով առաջին նիստը

Հայկ Ղազարյան

Հունիսի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ամենաաղմկահարույց դրվագներից մեկի վերաբերյալ առաջին դատական նիստը։ Հանրության մեջ այն առավել հայտնի է որպես «Լելե Թեփեի» օպերացիա։ Այսօր քննվեց հետագա նիստերի գաղտնիության ռեժիմը։

«Դատախազը հարցազրույցում հանգամանքներ է բացահայտել, բայց այժմ խոսում է գաղտնիության մասին»,- ասաց փաստաբան Մհեր Հակոբյանը՝ ի պատասխան դատախազի միջնորդության՝ դատական նիստերն ամբողջությամբ դռնփակ անցկացնելու վերաբերյալ։

Մեղադրյալի աթոռին են Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (Ցոր) հրամանատար Արթուր Օհանյանը, նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։ Զորամասի հրամանատարը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, իսկ գումարտակի հրամանատարները՝ զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։

Հետագա նիստերի գաղտնիության ռեժիմի հարցը

Դատախազ Ալեքսանյանը հիշատակեց գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ կոնկրետ անձնակազմի քանակության, տեղակայման և խնդիրների մասին:

Գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանի պաշտպան Մհեր Հակոբյանը պնդեց, որ 2020-ի օպերացիան 2023-ից հետո այլևս գաղտնի նշանակություն չունի: Նա առարկեց ամբողջական դռնփակ նիստի դեմ, սակայն համաձայնեց մասամբ դռնփակ ռեժիմի անցնելու՝ փաստաթղթերի հետազոտման ժամանակ:

Դատարանը որոշեց, որ դռնփակ ռեժիմով կիրականացվի միայն գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունը և դրա հետ կապված հարցաքննությունները, իսկ մնացած մասերը կլինեն բաց:

Մեղադրական եզրակացությունները

Դատական նիստի ժամանակ հանրային մեղադրողը մանրամասնեց երեք մեղադրյալների մեղսագրվող արարքները:

ՊԲ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (Ցոր) հրամանատար Արթուր Օհանյանը մեղադրվում է մարտական առաջադրանքի պատշաճ չկազմակերպելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նա շարժվել է անհամեմատ քիչ քանակությամբ տեխնիկայով, ինչի հետևանքով շարասյունը «պատահաբար հանդիպել է հետախուզությամբ չհայտնաբերված հակառակորդին»: Դա հանգեցրել է նրան, որ Օհանյանը վիրավորվել է, և ՊԲ հրամանատարի տված մարտական առաջադրանքը խափանվել է:

8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի երկրորդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը մեղադրվում է, որ 2020թ. հոկտեմբերի 7-ին «զենք-զինամթերքի կորուստները հաշվարկելու պատրվակով» հրաժարվել է մասնակցել մարտական գործողություններին և խոսել Պաշտպանության բանակի հրամանատարի հետ և առանց ավագ պետի թույլտվության հրամայել է ողջ գումարտակին շրջադարձ կատարել և վերադառնալ:

8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը մեղադրվում է, որ հակահարվածի ժամանակ տանկով կողաշրջվել է հակատանկային խանդակի մեջ, դուրս եկել տանկից և անձնակազմին տեղափոխել հանգիստ տարածք, իսկ ինքը չի շարունակել մասնակցել առաջադրանքի կատարմանը՝ խուսափելով հնարավոր մարտական գործողություններից:

Ցորի հրամանատար Արթուր Օհանյանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդին է։ 

Ձախից՝ առաջինը՝ զորամասի հրամանատար Արթուր Օհանյանը, երրորդը՝ տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը՝ մեղադրյալի աթոռին։

Ջալալ Հարությունյանի և Արթուր Օհանյանի պաշտպանի շահերի բախման խնդիրը

Նիստի ընթացքում քննարկվեց Արթուր Օհանյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանի՝ գործին հետագա մասնակցության հարցը՝ պայմանավորված շահերի հնարավոր բախումով:

Հանրային մեղադրողը միջնորդեց քննարկել Ապրեսյանի մասնակցությունը, քանի որ վերջինս ներգրավված է նաև Ջալալ Հարությունյանի շահերի պաշտպանությանը մեկ այլ քրեական վարույթի շրջանակում: Մեղադրող կողմը հայտարարեց. «Ջալալ Հարությունյանը, ըստ էության, առաջին հերթին այս քրեական վարույթով հանդիսանում է որպես հաղորդում ներկայացրած անձ, հաստատված փաստ է, որ Ջալալ Հարությունյանի, Արթուր Օհանյանի և մյուս մեղադրյալների շահերում կան և կարող են լինել հակասություններ»:

Պաշտպանը պարզաբանեց, որ ինքը Արթուր Օհանյանի պաշտպանությունը ստանձնել է ավելի վաղ, քան Ջալալ Հարությունյանինը մեկ այլ քրեական գործով: 

«Այս գործով Արթուր Օհանյանի պաշտպանությունը ես ավելի շուտ եմ ստանձնել, քան Ջալալ Հարությունյանի պաշտպանությունը, որին ծանոթանալու փուլում միանշանակ եկել եմ այն համոզման, որ այն գործը, որը գտնվում է վերաքննիչ դատարանի վարույթում, բացարձակապես որևէ առնչություն չունի այս գործի հետ»,- հայտարարեց նա։

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ Ապրեսյանի մասնակցությանը որևէ խոչընդոտ չկա:

Ապրեսյանը պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպանությունը իրականացնում է «ՑՕՐ-ի Դ20 դիվիզիոնի» գործով։ Բանակային հակահարվածի գործով Ջալալ Հարությունյանը արդարացվել է։

Դատավոր Ժորա Չիչոյանն ու դատախազ Ալեքսյանյանը դատարանի դահլիճում։

Հանցակազմի բացակայության միջնորդությունը

Պաշտպան Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց Գեղամ Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: Նա պնդեց, որ Աբրահամյանը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի կամ ՀՀ զինված ուժերի զինծառայող, ինչը պահանջվում է մեղադրվող հոդվածի սուբյեկտ լինելու համար:

«Գեղամ Աբրահամյանին ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում տվել է փախստականի կարգավիճակ... նա չի հանդիսացել Հայաստանի Հանրապետության քաղաքացի և չի անցել պարտադիր զինվորական ծառայություն Հայաստանի Հանրապետությունում», - ընդգծեց նա։

Դատարանը մերժեց այս միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2025-ի օգոստոսի 21-ին:

2020-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը գրավեց Ջաբրայիլի շրջանի մի քանի գյուղ և բացեց Հորադիզի միջանցքը: Հակառակորդը տարածվեց Արաքս գետի երկայնքով՝ օգտագործելով զրահապատ տեխնիկա և անօդաչուների գերակայությունը: Հոկտեմբերի 6-ին հասավ Ջաբրայիլ քաղաք:

Հայկական կողմը որոշեց հակահարված ձեռնարկել՝ ներթափանցած խմբավորումներին շրջափակելու և սնուցումից զրկելու նպատակով: Այդ գաղափարի հեղինակը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր:

Տես նաև՝ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում