Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Լրատվամիջոցները գրում են, որ ոստիկաններ կան Շիրակի թեմի առաջնորդարանի մոտ, զուգահեռ վաղ առավոտվանից այնտեղ են հավաքվում քաղաքացիներ։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ուղիղ եթերում հայտնեց, որ արքեպիսկոպոսը տեղյակ չի եղել իր բնակավայրում իրականացվող խուզարկությունների մասին։
Ըստ փաստաբանի՝ Աջապահյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է, որտեղ նախագահում է Քահանայից ժողովը։
Պողոսյանը նաև հավելեց, որ առավոտյան իրավապահներից մեկը Մայր Աթոռի տարածքում փնտրել է արքեպիսկոպոսին։ «Այժմ փորձում ենք պարզել՝ ով է եղել այդ անձը»,- նշնեց փաստաբանը։
Հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ըստ դատախազության հաղորդագրության՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը)»,- հայտնել են դատախազությունից:
Civilnet











