ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ համացանցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնով արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրության տարածման փաստով։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Ըստ աղբյուրի՝ այդ գործողություններն իրականացվել են մի խումբ անձանց կողմից և տարածվել որոշ ԶԼՄ-ներում։
Ըստ գերատեսչության՝ 2025-ի հունիսի 26-ին համացանցում հրապարակվել է «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ ձայնագրություն։ Քննչական կոմիտեն նշում է, որ սա արհեստական բանականությամբ ստեղծված կեղծիք է, որտեղ վարչապետն իբր թե հանձնարարություններ է տալիս իրավապահ մարմինների ղեկավարներին՝ կոնկրետ քրեական վարույթով։
Դեպքի առթիվ, հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված հաղորդումը, ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային կեղծիք կատարելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔԿ-ից հայտնում են, որ ներկայում կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ համակարգչային կեղծիք կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Իրավապահ մարմինը նախազգուշացնում է ձեռնպահ մնալ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ ապատեղեկատվություն տարածելու և այդ կերպ հանրությանը մոլորեցնելու գործելաոճից։
Civilnet











