Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումից վեց ամիս անց քաղաքային իշխանություններն անցնում են վերահսկողության հաջորդ փուլին։ Այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի՝ հունիսի 30-ի գործակարգավարական նիստին։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ Ազգային ժողովի հուլիսի 1-ին սկսվող արտահերթ նիստում կքննարկվի օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է տուգանք սահմանել տրանսպորտային միջոցից օգտվելու համար չվճարած քաղաքացիների համար։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ թեև երևանցիների գերակշիռ մեծամասնությունը պատասխանատու է վերաբերվում վճարումներին, սակայն կան քաղաքացիներ, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունը։
«Ունենք քաղաքացիներ, ովքեր մտածում են, միգուցե, որ եկել է, այսպես ասած, անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը։ Հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակը ավարտվում է, և հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որպեսզի հետո նաև այդ մեծ բողոքները չլինեն»,- ասաց քաղաքապետը։
Օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո քաղաքապետի որոշմամբ կսահմանվի այն ստորաբաժանումը, որն իրավասու կլինի իրականացնել վերահսկողություն և կիրառել տուգանքներ։ Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ արդարացի է վճարող քաղաքացիների դժգոհությունը՝ չվճարողների նկատմամբ սանկցիաների բացակայության վերաբերյալ։
Ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների՝ վճարումներից գոյացած գումարներն ամբողջությամբ ուղղվում են տրանսպորտային ոլորտի զարգացմանը, մասնավորապես՝ նոր ավտոբուսների և տրոլեյբուսների ձեռքբերմանը։
Գործակարգավարական նիստին նշվեց, որ շարունակվում են տեխնիկական բարելավումները։ Նախատեսվում է մինչև հուլիսի վերջ բոլոր ավտոբուսները կահավորել երկրորդ վալիդատորներով՝ վճարման գործընթացն ավելի հարմար դարձնելու համար։
Գևորգ Թոսունյան
Civilnet











