Գևորգ Թոսունյան
Հակակոռուպցիոն դատարանում հունիսի 30-ին շարունակվեց «Քիմիկների զորամաս» անունով հայտնի քրեական գործով դատական նիստը։ Հարցաքննվեց գործով վկա Վլադիմիր Ուլուխանյանը, որը եղել է Զանգելանում շրջափակման մեջ հայտնված խմբի կազմում։
Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողները 2020-ի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել են Զանգելան։ Գործով քննվում է 62 հոգանոց խմբի հարցը։ Նշվում է, որ մարտական խնդրի կատարման ժամանակ նրանք շրջափակման մեջ են ընկել, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, 24-ի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանին, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին և զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։
«Զենքին չէի տիրապետում, գնացել էի, որ գոնե պատրոն տամ»
Դատական նիստի ընթացքում զոհված զինծառայողներից մեկի եղբայրը՝ Հայկ Եղիազարյանը, հարցեր ուղղեց վկային։ Վլադիմիր Ուլուխանյանը նշեց, որ զինծառայողները զինված են եղել AK-74 ինքնաձիգներով և նռնակներով, սակայն չհիշեց՝ արդյոք զրահաբաճկոն ու սաղավարտ ունեցել են։
Ի պատասխան հարցին, թե ինչու է մեկնել մարտի դաշտ, եթե զենքին լավ չի տիրապետել, Ուլուխանյանը պատասխանեց. «Ես կամավոր գնացել եմ, որ գոնե պատրոն տամ։ Ես մագազին եմ լցրել, գռանատ եմ տվել։ Իմ ծառայությունն էնպես ա եղել, որ ես զենք չեմ կրակել։ Ես սպորտզվոդ եմ ծառայել։ Իմ ընկերները գնացել են, ես ուզեցել եմ նրանց հետ գնամ»։
Վկան նաև հայտնեց, որ իր զինվորական գրքույկով ինքը հրետանավոր է, սակայն իրենց տարել են որպես հետևակ, և զորքը համալրելիս ոչ ոք չի հետաքրքրվել իր մարտական հմտություններով։




Անդրանիկ Մակարյան․ «Նրանց խնդիրը պահպանությունն էր»
Ի պատասխան վկայի ցուցմունքի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գործով մեղադրյալ Անդրանիկ Մակարյանը դատարանում պարզաբանեց, որ խմբի խնդիրը ոչ թե հետախուզությունն էր, այլ պահպանությունը։
«Նրանց խնդիրը հետախուզելը կամ «սուպեր հետախույզ» լինելը չէր։ Խմբի խնդիրն էր՝ գտնվել պահպանվող ստորաբաժանումից 500-1000 մետր հեռավորության վրա՝ դիտարկման և կրակային աջակցություն ապահովելու տիրույթում։ Խումբը պետք է կատարեր երեք խնդիր»,- հայտարարեց Անդրանիկ Մակարյանը։
Նա մանրամասնեց, որ այդ խումբը պետք է բացառեր հակառակորդի ներթափանցումը պահպանվող տարածք, կանխեր հակառակորդի հանկարծակի հարձակումը պահպանվող ստորաբաժանման վրա, ինչպես նաև ապահովեր պահպանվող ստորաբաժանման անվտանգ բացազատումը և մարտի մեջ մտնելը։
Խումբը, սակայն, հայտնվել է հակառակորդին դեմ հանդիման։
Ո՞վ է սխալ ուղեկցել զինծառայողներին․ բանավեճ դատարանում

Դատարանում քննարկում ծավալվեց զինծառայողներին ուղեկցողների և խմբի՝ սխալ վայրում հայտնվելու հանգամանքի շուրջ։ Մեղադրյալների փաստաբաններից մեկը նշեց, որ, ըստ նախորդ ցուցմունքների, խնդիրն առաջացել է սխալ ուղեկցման հետևանքով, և ուղեկցողներից մեկը՝ Վարդան Ալեքսանյանը, դա խոստովանել է։
Այս պնդմանը հակադարձեց տուժողի իրավահաջորդ Հայկ Եղիազարյանը՝ պնդելով, որ կոնկրետ այդ խմբին ուղեկցել է ոչ թե Ալեքսանյանը, այլ մեկ այլ անձ։
Ինքը՝ վկա Ուլուխանյանը, նշեց, որ ընդհանրապես տեղյակ չի եղել ուղեկցման կամ ուղեկցողների մասին։
Հանրային մեղադրողն առարկեց պաշտպանական կողմի հարցադրումներին՝ նշելով, որ սխալ է վկայից ակնկալել իրավական վերլուծություն կամ այլ անձանց ցուցմունքների հիման վրա եզրակացություններ անել։
«Որևէ հրամանատար մեզ չի բացատրել մարտական գործողության էությունը»
Վկան դատարանում հայտնեց, որ իրենց նախապես չեն բացատրել մարտական գործողության մանրամասները և հնարավոր սցենարները։
«Մեզ ասել են, որ պետք է ոտքով մոտենանք ու նկատելու դեպքում էլ բոյի մեջ չենք մտնում։ Կրակի դեպքում կգան քիմիկները՝ որպես օգնական»,- պատմեց վկան։
Նրա խոսքով՝ բացի «Գիվի» անունով մի անձից, որևէ հրամանատար իրենց չի բացատրել գործողության էությունը, չի հրահանգավորել, թե ինչպես վարվել ԱԹՍ-ների հարվածի կամ այլ իրավիճակների դեպքում։
Զոհվածի ծնողներից Հրաչ Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե ով է, ըստ վկայի, մեղավոր տեղի ունեցածի համար։ «Ամենաշատը ես կուզենամ իմանալ՝ խի տենց եղավ։ Պիտի տենց չլիներ, մենք գնացել ենք լրիվ ուրիշ բանի, ու լրիվ այլ բան դարձավ։ Զոհեր ու անհետ կորածներ»,- ասաց վկան՝ հավելելով, որ դժվարանում է նշել մեղավորի անուն։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 8-ին։
Civilnet











