Գլխավոր Լրահոս

Վիրավորում և հրամանի կատարում. Իշխան Վահանյանի պաշտպանական կողմի ճառը

Վիրավորում և հրամանի կատարում. Իշխան Վահանյանի պաշտպանական կողմի ճառը

Գևորգ Թոսունյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատավարությունը, որի համար դատախազը պահանջել է 18 տարվա ազատազրկում։ Հուլիսի 1-ի նիստին պաշտպանական ճառով հանդես եկան փաստաբան Սիրանուշ Հարությունյանը, իսկ ամբաստանյալը միացավ նրա դիրքորոշմանը։

«Ես միանում եմ պաշտպանին, ես ամբողջ ճշմարտությունը ներկայացրել եմ։ Կապի միջոցը փոխանցել եմ, հրամանատարությունն էլ տեղյակ էր իմ գործողություններից»,- ասաց Իշխան Վահանյանը։

2020-ի պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ակտիվ մարտական գործողությունների վայր են տեղափոխվել Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի հինգերորդ հրաձգային ուսումնական գումարտակի զինծառայողները (դատաքննության ընթացքում խոսվում է մինչև 400 զինծառայողների մասին, այդ թվում՝ զինվորների ու սպաների)։ 

Իշխան Վահանյանն ամբաստանյալի աթոռին է այն բանի համար, որ մարտի ժամանակ լքել է դիրքերը։ Մեղադրանիք համաձայն՝ Իշխան Վահանյան հանդիսանալով N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020-ի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ մարտի ժամանակ ինքնակամ լքել է դիրքերը։

Զինվորները պատրաստ չէին, պնդում է փաստաբան

Փաստաբան Սիրանուշ Հարությունյանն իր ճառում կասկածի տակ դրեց զորամասի հրամանատարի՝ 2020-ի հոկտեմբերի 10-ին գումարտակը «Խուռհատ» սար տեղափոխելու հրամանի իրավաչափությունը։

«Ըստ հրամանի՝ «Խուռհատ» սար պետք է տեղափոխվեին 18 տարեկան զինվորներ, որոնք նոր էին երդում տվել, պատշաճ մարտական պատրաստության փորձ չունեին։ Այս պայմաններում Վահանյանը անվերապահորեն կատարել է այդ հրամանն ու իր գումարտակին տեղափոխել «Խուռհատ» սար»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ զինվորները տեղափոխվել են մի վայր, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում, ինչին նրանց մեծ մասը պատրաստ չէր։ Սա, ըստ փաստաբանի, մարտական գործողությունների պայմաններում առաջացրել է խուճապ, քանի որ մարտական պատրաստություն չունեցող զինվորները չէին կարողացել համարժեք արձագանքել։

Վիրավորում և մարտադաշտի լքում

Պաշտպանական կողմի դիրքորոշմամբ՝ մարտական գործողությունների ընթացքում Իշխան Վահանյանը վիրավորում է ստացել, ինչը հաստատված է փորձագիտական եզրակացությամբ։

«Հանգամանքները դասավորվում են այնպես, որ Վահանյանը ստանում է վիրավորում և օգտվելով այդ հանգամանքից՝ նպատակահարմար է գտնում հեռանալ մարտական դաշտից ու դիմել բուժօգնության։ Մենք ունենք փորձագետի այն եզրակացությունը, որ Վահանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են պայթունից առաջացած բեկորների հետևանքով, պատճառվել է առողջությանը թեթև վնաս»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այդ պահին Վահանյանը ճիշտ է համարել օգտվել բուժծառայությունից։

Համակարգային խնդիրներ և կապի մեկ միջոց

Փաստաբանը անդրադարձավ մեղադրանքի այն դրվագին, թե Վահանյանը, լքելով մարտական դիրքը, իր հետ տարել է կապի միակ միջոցը՝ հանգեցնելով ծանր հետևանքների։

«Արդյոք միայն մեկ կապի միջոցի առկայությունը կամ բացակայությունը պետք է բավարար լինի, որ գումարտակը գոյություն ունենա կամ դրա գոյությանը վտանգ սպառնա»,- հարց բարձրացրեց փաստաբանը։

Նա շեշտեց, որ ցանկացած իրավիճակում պետք է լինի փոխարինող սպայակազմ և կապի այլընտրանքային միջոցներ, իսկ զինված ուժերը պետք է գործեն համակցված։ Հարությունյանը հիշեցրեց, որ Վահանյանի հեռանալուց հետո մնացած սպաները չեն կարողացել իրավիճակը կառավարել, ինչի հետևանքով եղել են բազմաթիվ զոհեր, գերիներ, իսկ որոշ զինծառայողներ մինչև դեկտեմբեր պատսպարվել են տներում, սակայն հրամանատարությունը նրանց փրկելու համար քայլեր չի ձեռնարկել։

Ըստ պաշտպանի՝ այսօր պատասխանատվության է ենթարկվում միայն Իշխան Վահանյանը՝ համակարգային բազմաթիվ խնդիրները անտեսելով։

Հանրային մեղադրողը, ի պատասխան, նշեց, որ կասկածի տակ չի դնում վիրավորման փաստը, սակայն պնդում է, որ վնասվածքն այն աստիճանի չի եղել, որը կհիմնավորեր հրամանատարի կողմից մարտի դաշտը լքելը։

Նիստի ավարտին դատավոր Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ մեղադրյալի վերջին խոսքի համար պետք է տրամադրվի ժամանակ ու հետաձգեց նիստը։ Այդ ընթացքում կրքերը լարվեցին, զոհված զինծառայողների ծողները ցանկանում էին արտահայտվել, դատավորը նրանց ներկայացրեց ընթացակարգը ու ասաց, որ կարող են հայտարարությամբ հանդես գալ հաջորդ նիստին։

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում