Գլխավոր Լրահոս

Փաշինյանը սպառնում է ՀԷՑ-ի աշխատակիցներին, կառավարությունը պատրաստում է վերահսկողության նոր մեխանիզմ

Փաշինյանը սպառնում է ՀԷՑ-ի աշխատակիցներին, կառավարությունը պատրաստում է վերահսկողության նոր մեխանիզմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ և սպառնալիքներով գրառում է կատարել՝ ուղղված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության աշխատակիցներին՝ հայտարարելով, որ նրանք, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով և պարտադրում են մասնակցություն հավաքների, «կհեռացվեն աշխատանքից կամ կդատվեն»։

«ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»,- գրել է վարչապետը՝ հավելելով, որ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին և հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։

«Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»,- գրել է Փաշինյանը։

Այս հայտարարությունից մեկ օր առաջ, հուլիսի 1-ից, Ազգային ժողովն արդեն սկսել է քննարկել ՀԷՑ-ը պետականացնելուն ուղղված նախագիծը։

Նախագծի համաձայն՝ ռիսկեր նկատելու դեպքում կառավարության լիազոր մարմինը կկարողանա հաղորդում ներկայացնել, ինչի հիման վրա հնարավոր կլինի ընկերության նկատմամբ կիրառել կանխարգելիչ միջամտություններ՝ երաշխավորելու էներգետիկ համակարգի անխափան աշխատանքը և սպառողների շահերի պաշտպանությունը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 1-ին խորհրդարանում նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը որևէ կապ չունի ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ հունիսի 17-ին արված քաղաքական հայտարարության հետ։

«Հանձնարարությունը եղել է հայտարարությունից առաջ, հանձնարարությունը եղել է գրավոր։ Ինձ մոտ տպավորությունն այն է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան», - ասել է Խուդաթյանը՝ փորձելով փարատել քաղաքական ճնշման վերաբերյալ կասկածները։

Հունիսի 17-ին «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարել էր․ «Մի փոքրիկ խմբակ՝ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայ եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամենին»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում