Կրոնական ազատությունների ոլորտում պետության միջամտությունը չի կարող լինել կամայական. ՄԻՊ

Կրոնական ազատությունների ոլորտում պետության միջամտությունը չի կարող լինել կամայական, անհրաժեշտ է, որ այն լինի համաչափ և չեզոք։ Որևէ իրավիճակում պետության գործողությունները չպետք է խախտեն կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։ Այս մասին ասված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում կարևոր է կրոնական ազատությունների միջազգային երաշխիքների խիստ պահպանումը։ Պաշտպանը պահանջում է իրավասու մարմիններից հետևել այդ երաշխիքներին բոլոր գործընթացներում և խուսափել այնպիսի հանրային հաղորդակցությունից, որն կարող է տպավորություն ստեղծել կրոնական համոզմունքների անհարգալից վերաբերմունքի մասին։
Հայտարարության մեջ նշվում է, որ իրավապահ մարմինների ընթացիկ գործողությունները առնչվում են նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին, ուստի կարևոր է խուսափել միջամտություններից, որոնք կարող են խախտել կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։ Հղում է կատարվում նաև միջազգային նախադեպերին և իրավական մոտեցումներին, որոնք պահանջում են պետությունից չեզոքություն և անհամաչափ միջամտություններից զերծ մնալու պարտավորություն։
Պաշտպանը շեշտում է, որ քրեաիրավական գործընթացները պետք է իրականացվեն այնպես, որ երաշխավորեն անձանց կրոնական ազատությունները և չձևավորեն թյուր հանրային տպավորություն։ Բոլոր հանրային քննարկումները, ըստ Պաշտպանի, անհրաժեշտ է իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքով։
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կրոնական կազմակերպությունների պարտավորությունը՝ պահպանելու իրավահավասարության և հակախտրականության սկզբունքները։ Նշվում է, որ ատելության խոսքի, այդ թվում՝ կրոնական ազատությունների դեմ ուղղված արտահայտությունների օգտագործումը պաշտոնատար անձանց, իրավաբանների և եկեղեցականների կողմից խիստ մտահոգիչ է։
Պաշտպանը պահանջում է բացառել նման խոսք ու վարքագիծ՝ ընդգծելով, որ մտքի, խղճի և կրոնի ազատությանն առնչվող հարցերը պետք է կարգավորվեն պետություն-կրոնական կազմակերպություն համագործակցության սկզբունքով։
Վերջնական դիրքորոշումը, ինչպես հայտարարվում է, Պաշտպանը կներկայացնի գործընթացների վերլուծությունից հետո։
***
Հայաստանի իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև հակասությունները առանձնապես սրվել են մայիսի վերջից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ դրեց Գարեգին Բ կաթողիկոսի կուսակրոնության ուխտը, ապա նաև պահանջեց նրան գահընկեց անել։ Փաշինյանի քննադատությանը նախորդել էր մայիսի 24-ին Գարեգին Բ կաթողիկոսի մասնակցությունը Բեռնում Արցախի ժողովրդի իրավունքների վերաբերյալ համաժողովին։
Հունիսի 27-ի առավոտյան ուժայինները փորձել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից բերման ենթարկել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, բայց տարածքում հավաքված բազմաթիվ քաղաքացիներ թույլ չեն տվել։ Որոշ ժամանակ անց ուժայինները հեռացել են տարածքից։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այնուհետև ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե։ Նրան 2 ամսով կալանավորել են:
Ըստ Քննչական կոմիտեի՝ արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է զանգվածային լրատվության միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու մեջ:
Հունիսի 26-ին 2 ամսով կալանավորվել է նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
Civilnet










