«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երկու ամսով կալանավորվել է։ Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
Բագրատ սրբազանը ձերբակալվել էր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո։ Մինչ այդ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ պնդելով, թե «Սրբազան պայքարի» շարժման ղեկավարներն ու մասնակիցները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական գործողություններ՝ միտված իշխանության բռնի զավթմանը։
Քննչական կոմիտեն այս գործով դատարան էր ներկայացրել 16 անձի կալանավորելու միջնորդություն։ Դատարանը նրանցից 9-ին կալանավորելու միջնորդությունը բավարարել է, մեկ անձի կալանավորելու միջնորդությունը քննվել է, որոշումը կհչապարակվի հունիսի 26-ին, մնացած միջնորդությունները կքննվեն հունիսի 26-ին
Քննչական կոմիտեն հաղորդել է, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների դեմ ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով իրականացված քննչական գործողությունների շրջանակում ձերբակալվել է 14 անձ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ։ Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի և ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացվել է ավելի քան 90 խուզարկություն։ Դրանց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց և հետագայում պաշտոններ զբաղեցնողների ցուցակներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, ինչպես նաև հանցավոր գործողությունների մանրակրկիտ պլանավորման և ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր։
Հունիսի 24-ին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր «հեղաշրջման պլան», որը, ըստ լրատվամիջոցի, ներկայացնում է գործողությունների փուլային ծրագիր, ռեսուրսների և գործող անձանց հաշվագրում։ Այդ պլանը սկսեցին տարածել վարչապետը, վարչապետի տիկինը և իշխանական պատգամավորներ, ինչից հետո այն ուղարկվեց Քննչական կոմիտե:
Civilnet











