Գլխավոր Լրահոս

Հայ-թուրքական սահմանի անցակետը Թալեաթ փաշայի անունով կոչելու առաջարկը վտանգում է արդարությունը․ Զորյան ինստիտուտ

Հայ-թուրքական սահմանի անցակետը Թալեաթ փաշայի անունով կոչելու առաջարկը վտանգում է արդարությունը․ Զորյան ինստիտուտ

Հայաստան-Թուրքական սահմանի անցակետը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի անունով կոչելու առաջարկը վտանգում է արդարությունը՝ լեգիտիմացնելով անցյալի հանցագործությունները և խորացնելով դեռևս բաց վերքերը: Զորյան ինստիտուտը խոր մտահոգություն է հայտնել Թուրքիայի խորհրդարանում ներկայացված առաջարկի վերաբերյալ։

Թուրքիայի Ազգային ժողովում ներկայացվել է օրինագիծ, որով առաջարկվում է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջան»-«Մարգարա» անցակետի թուրքական մասն անվանակոչել Թալեաթ փաշայի անունով։

Օրինագծի հեղինակը թուրքական ազգայնական İYİ կուսակցության ղեկավար և պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն է։ Նախաձեռնությանը միացել է 28 պատգամավոր։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օրինագծում այդ քայլը ներկայացվում է որպես միջոց՝ «երիտասարդ սերնդի մոտ պատմական գիտակցության ձևավորման», ինչպես նաև «պետության պատվավոր անցյալի և պատմական ժառանգության» մասին հիշեցման նպատակով։

«Թալեաթ փաշայի հրամանով պլանավորվեց և իրականացվեց ավելի քան 1,5 միլիոն հայերի կոտորածը, 2000-ից ավելի եկեղեցիների ոչնչացումը, համայնքների վերացումը և միլիոնավոր հայերի բռնի տեղահանումը իրենց հայրենի հողերից: Հաշտության և համագործակցության հնարավորության խորհրդանիշ հանդիսացող սահմանի անվանումը Ցեղասպանության հետ նույնացվող անձի անունով, խորը անզգայություն է՝ մարդու արժանապատվության, պատմական ճշմարտության և բարոյական պատասխանատվության նկատմամբ»,- ասված է Զորյան ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ: 

Ինստիտուտը հորդորում է թուրք առաջնորդներին և հասարակությանը՝ «ընտրել հույսի, ճշմարտության և համընդհանուր մարդասիրության վրա հիմնված այլընտրանք»։ Հատուկ ուշադրություն է դարձվել հայազգի Հրանտ Դինքին, որը մարմնավորում էր ազգերի միջև փոխըմբռնման ու խաղաղության գաղափարը, և առաջարկվում է սահմանը անվանակոչել նրա անունով, որը, ինչպես նշվում է, եղել է «խղճի ձայն»։

Զորյան ինստիտուտը կոչ է անում թուրք մտավորականներին, քաղաքական գործիչներին և ակադեմիկոսներին հասկանալ, որ առաջընթացը գալիս է ոչ թե պատմության մոռացմամբ, այլ դրա քաջ ճանաչմամբ։ Հիշեցվում է, որ Գերմանիան ճանաչել է Հոլոքոստը, Կանադան՝ բնիկ ժողովուրդների դեմ գործած ոճրագործությունները, և խոսքը գնում է Թուրքիայի կողմից իր պատասխանատվության ընդունման անհրաժեշտության մասին հայերի, հույների, ասորիների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ գործած ցեղասպանության հարցում, որի հետևանքով ավելի քան 4,5 մլն մարդ սպանվել կամ արտաքսվել է։

***

2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը Վիեննայում հանդիպման ընթացքում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն ապրիլին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էր, որ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը բացելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում տեխնիկական մանրամասների վրա։ «Չգիտեմ՝ երբ դա կլինի, բայց լուրջ աշխատում ենք։ Հուսով եմ՝ հնարավորինս շուտ պետք է ավարտենք այս գործընթացը»,- ասել էր Քըլըչը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում