Գլխավոր Լրահոս

Կարապետյանը դատական հայց է ներկայացրել «ՔՊ»-ական պատգամավորների դեմ

Կարապետյանը դատական հայց է ներկայացրել «ՔՊ»-ական պատգամավորների դեմ

Գործարար, այժմ կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատական հայցեր է ներկայացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանի և Հայկ Կոնջորյանի դեմ՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով, նրանցից յուրաքանչյուրից պահանջելով 9 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք  DataLex-ից։

Սամվել Կարապետյանի իրավական ներկայացուցիչները պահանջում են, որ Արսեն Թորոսյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի և հերքի իր՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հետևյալ հայտարարությունները․ «Ես երկու հայտարարությանն եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ՖՍԲ-ի շտաբ կվարտիրայում։ Առաջինի անունը Արշակա ... Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»։  

Հերքել նույն թվականի հունիսի 17-ին ԱԺ ամբիոնից հնչեցրած զրպարտություն համարվող հայտարարությունները՝ մասնավորապես այն մասին, թե ՖՍԲ-ն հրահանգել է Կարապետյանին գործել ՀՀ օրինական իշխանության դեմ՝ նպատակ ունենալով վնասել ՀՀ ղեկավարությանը։ Հերքման տեքստը հրապարակել «facebook.com» սոցիալական ցանցում՝ Արսեն Թորոսյանի պաշտոնական էջում կամ՝ առնվազն 5000 տպաքանակով, ՀՀ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում։ Արսեն Թորոսյանից բռնագանձել 9 մլն դրամ՝ որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում։ Բռնագանձել նաև դատական ծախսերը։

Արսեն Թորոսյանն անդրադառնալով իր դեմ ներկայացված հայցին՝ ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչպիսի մեծ պատիվ։ Գիտեն թե փող ունեն, կարող են տասնյակ փաստաբաններ վարձել ու աջուձախ բոլորին դատի տալ ու դրանով ինչ-որ հարցեր լուծել, օրինակ՝ մեզ լռեցնե՞լ։ Լու՞րջ»։

Նույն օրը ներկայացված երկրորդ հայցով Սամվել Կարապետյանը պահանջներ է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի դեմ՝ վկայակոչելով 2025-ի հունիսի 17-ին և 18-ին ԱԺ ամբիոնից հնչեցված մի շարք հայտարարություններ։  Մասնավորապես Կոնջորյանն ասել է․ «Դուք ընդամենը որոշ բարձրաստիճան կղերականների և օլիգարխիայի սրբապիղծ ամուսնության էն մյուս կողմն եք, օլիգարխիական թևն եք», ծառայամիտ հացկատակ պնակալեզներ եք դուք ․ ․ ․ Վեր ընգեք տեղներտ», «և այսօր Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են բոլոր ինչքան հանցագործ ասես․ օլիգարխներ, նախկին թալանչիներ, դուրսպրծուկներ, սրբապիղծներ և ընտրապիղծներ, հիմնադիր ընտրապիղծներ, բոլորը հավաքվել են էս վեղարի տակ որպես մարտագլխիկ և էտ մարտագլխիկով ուզում են կրակեն պետության վրա։ Եվ երեկ էտ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաև ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը»։

Հայցվորը պահանջում է Հայկ Կոնջորյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից հերքել նշված հայտարարությունները, հերքման տեքստը հրապարակել Կոնջորյանի ֆեյսբուքյան էջում կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող թերթում, բռնագանձել 9 մլն դրամ որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատարանի կողմից որոշված դատական ծախսերը:

Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում հրապարակելով իր այն ելույթը, որի համար Սամվել Կարապետյանը նրա դեմ դատական հայց է ներկայացրել, գրել է․

«Դոլարային միլիարդատեր Տաշիր Սամոն դատի է տվել ինձ և պահանջում է 9 մլն դրամ` այս ելույթում իմ հնչեցրած մտքերի համար: Մեծն «ֆիլանտրոպին» երևի թվում է, թե կարող է լռեցնել ինձ` դատի տալով ԱԺ ամբիոնից հնչեցրած իմ քաղաքական խոսքի համար: Ախորժակիդ քացախ:»

Հունիսի 17-ից Հայաստանի կառավարության և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։

Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:

Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում