Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հուլիսի 4-ին մասնակի բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի։ Դատարանը վճռել է Արմեն Ավինյանից հօգուտ Գրիգոր Իսկանդարյանի բռնագանձել 250,000 դրամ՝ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։
Հայցի առիթը 2024-ի դեկտեմբերին Արմեն Ավինյանի հնչեցրած արտահայտությունն էր։ Երբ լրագրողը նրան հարցրել էր վճարովի ավտոկայանատեղիների՝ «կարմիր գծերի» թանկացման մասին, Ավինյանը պատասխանել էր․ «Պտի 500,000 դրամ սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստե, ամեն իրա գեղի «Օպելով»»։ Տեսանյութի տարածումից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն էր խնդրել հոր խոսքերի համար։
Ավագանու ընդդիմադիր անդամ Գրիգոր Իսկանդարյանը, որպես «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր, դատարան էր դիմել՝ պահանջելով 500,000 դրամի փոխհատուցում՝ խորհրդանշականորեն այնքան, որքան, ըստ Արմեն Ավինյանի, պետք է լիներ կայանման վճարը։
Դատարանի վճռում, որը հրապարակվել է Դատական տեղեկատվական համակարգում, նշվում է․ «Դատարանը գտնում է, որ պատասխանողի կողմից հրապարակային կերպով կատարված «Պտի 500,000 դրամ սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստե, ամեն իրա գեղի «Օպելով» արտահայտությունը ողջամտորեն կարող էր ընկալվել որպես վիրավորական»։
Դատարանը նաև արձանագրել է, որ թեև արտահայտությունը ուղղված չի եղել կոնկրետ անձի, դրա համատեքստը՝ «համբալ» բառի և «Օպել» մակնիշի զուգորդումը, օբյեկտիվորեն ստեղծում է վիրավորական ընկալում «Օպել» մակնիշի ավտոմեքենա վարող անձանց նկատմամբ։ Վճիռ կայացնելիս հաշվի են առնվել նաև տեսանյութի դիտումների մեծ թիվը և պատասխանողի գույքային դրությունը։
Գրիգոր Իսկանդարյանը վճռի հրապարակումից հետո հայտարարել է, որ այն հաղթանակ է․ «Ժողովրդի լեզվով ասած՝ հաղթել ենք դատարանում։ Ճիշտ է, մենք պահանջում էինք 500,000 դրամ սիմվոլիկ, ինչպես և նա էր ասում, որ ցանկանում է կարմիր գծերը 500,000 դրամ լինեն, դատարանը բավարարել է 250,000 դրամի չափով»,- ասել է նա։
Իսկանդարյանը ասել է, որ եթե վճիռը մտնի օրինական ուժի մեջ ու գումարն իրեն փոխանցեն, այն ուղղվելու է բարեգործության։ Արմեն Ավինյանը վճիռը կարող է բողոքարկել վերաքննիչ ատյանում մեկ ամսվա ընթացաքում։
Civilnet











