Քաղաքապետարանում դեռևս չեն մշակել օդի որակի բարելավման նոր ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը դեռևս չի մշակել և հանրությանը չի ներկայացրել օդի որակի բարելավման քառամյա ծրագիրը։ Այդ մասին պարզ դարձավ քաղաքապետարանի հուլիսի 7-ի աշխատանքային քննարկման ժամանակ։
Նախ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը ներկայացրեց հունիս ամսվա օդի որակի վերաբերյալ տվյալները։ Նա նշեց, որ ցուցանիշները եղել են նորմայի սահմաններում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ պետք է ներկայացվի նաև օդի որակի բարելավման քառամյա ծրագիրը՝ ըստ միջոցառումների և ժամկետների։ Նրա խոսքով՝ այդ տվյալները պարբերաբար պետք է հնչեն դահլիճում։
«Ինչպես արդեն նշելի է, սպասում ենք՝ Շրջակա միջավայրի նախարարությունը սահմանի այդ չափորոշիչների ձևաչափը, տրամադրի թիմերի համար, և ըստ դրա սկսենք մշակել»,- պատասխանեց Հայկազյանը։
Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց, որ պատասխանն ընդունելի չէ, քանի որ այն անորոշություն է մտցնում իր կողմից տրված հանձնարարականի կատարման հարցում։
Դեռ փետրվարին Երևանի քաղաքապետարանը խոստացել էր հնարավորինս արագ մշակել և հանրությանը ներկայացնել քառամյա ծրագիրը։
Հունվարի 31-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել օդի աղտոտվածության խնդրին՝ հայտնելով, որ հանձնարարել է փոխվարչապետին, Շրջակա միջավայրի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին ինտենսիվ աշխատել խնդրի լուծման ուղղությամբ՝ հաշվի առնելով հանրային լայն անհանգստությունը և ստացված բազմաթիվ նամակները։
Գևորգ Թոսունյան
Թեմա
Civilnet










