Գլխավոր Լրահոս

Վաշինգտոնում քննարկվել է Արցախի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի հարցը

Վաշինգտոնում քննարկվել է Արցախի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի հարցը

ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է բրիֆինգ՝ նվիրված բռնի տեղահանված արցախահայության հավաքական ու պաշտպանված վերադարձին՝ Շվեյցարիայի խորհրդարանի անդամների ներկայացրած խաղաղության նախաձեռնության շրջանակում։

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 200 հոգի՝ Կոնգրեսի աշխատակիցներ, իրավապաշտպաններ, նախկին դիվանագետներ և փորձագետներ։ Բանախոսների թվում էին շվեյցարացի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները և Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Բանախոսությունը բացել է կոնգրեսական Քրիս Սմիթի գրասենյակի ղեկավար Մարկ Միլոշը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․«Իրական խաղաղությունը՝ կայուն և երկարաժամկետ, չի կարող Հայաստանի վրա պարտադրվել զենքի սպառնալիքով՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և Արցախի բնիկ հայկական բնակչության հաշվին։ Այսպես կոչված «խաղաղության պայմանները», որոնք այժմ պարտադրվում են Երևանին՝ որպես միակողմանի հնազանդություն ցեղասպանական Ադրբեջանին, պետք է մերժվեն։ Անհրաժեշտ է ձևավորել նոր խաղաղություն՝ հիմքում ունենալով արցախահայության ապահով վերադարձն իրենց հայրենիք»։

Էրիխ Ֆոնտոբելն ասել է, որ նախաձեռնությունը ծնվել է իր՝ Հայաստան կատարած այցի ժամանակ․ «Մի կին ցույց տվեց ինձ իր նախկին տան տեսանյութը, որն այժմ օկուպացված է։ Այդ տեսարանը կոտրեց իմ սիրտը։ Այդ պահին ես հասկացա՝ պետք է գործեմ»։

Լուկաս Ռեյմանն ընդգծել է, որ «Արցախցի հայերի վտարումը միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտում է»՝ հղում անելով Շվեյցարիայի ԱԳՆ դիրքորոշմանը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն կարող է դերակատար լինել՝ հաշվի առնելով Շվեյցարիայի առաջիկա նախագահությունը։

Ջոն Էյբները ներկայացրել է էթնիկ զտումը որպես միտումնավոր քաղաքականության հետևանք․ «Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց՝ որպես ինը ամիս տևած շրջափակման գագաթնակետ։ Արդյունքում՝ տեղի ունեցավ Արցախից հայ քրիստոնյաների էթնո-կրոնական զտում»։

Վարդան Օսկանյանը հայտարարել է․ «Սա պարզապես տեղական կամ էթնիկ խնդիր չէ։ Սա մարտահրավեր է՝ ուղղված միջազգային կարգին և մարդու իրավունքների նկատմամբ արևմտյան հանձնառությունների արժանահավատությանը»։ Նա նաև շեշտել է՝ «Շվեյցարական հարթակը կողմեր ընտրելու մասին չէ։ Դա չեզոք, սկզբունքային հարթակ է՝ որտեղ լռեցված ձայները կարող են լսվել, և որտեղ Ադրբեջանն ու Արցախի հայերը կարող են համատեղ ելք գտնել»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում