Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են քրեականացնել բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը։
Ըստ նախագծի՝ 2023-2025-ի ընթացքում արձանագրվել է բուժաշխատողների նկատմամբ բռնության 27 դեպք, որոնցից 4-ը՝ 2025-ի առաջին երկու ամսում։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում։ Հեղինակները նշում են, որ թեև գործող օրենսգրքում կան ընդհանուր բնույթի հոդվածներ, դրանք «չեն ընդգծում բուժաշխատողների՝ որպես հասարակության համար կարևոր խմբի, պաշտպանության անհրաժեշտությունը»։
Առաջարկվող նոր հոդվածի համաձայն՝ բուժաշխատողի օրինական գործունեությանը խոչընդոտելը կարող է պատժվել տուգանքով, հանրային աշխատանքներով, մինչև մեկ տարի ազատության սահմանափակմամբ կամ մեկ ամիս կարճաժամկետ ազատազրկմամբ։ Եթե նույն արարքը կատարվի բռնություն գործադրելու սպառնալիքով, ապա պատիժներն ավելի խիստ են՝ տուգանք, 100-200 ժամ հանրային աշխատանքներ, մինչև երկու տարի ազատության սահմանափակում կամ երկու տարի ազատազրկում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախկինում գործող քրեական օրենսգրքում բուժաշխատողների նկատմամբ բռնության համար հոդված կար (130.1), սակայն այն հանվել է 2022-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենսգրքից։ Հեղինակները զուգահեռ են անցկացնում լրագրողների, դատավորների, դատախազների և այլ մասնագիտական խմբերի հետ, որոնց գործունեությանը խոչընդոտելու համար օրենսգիրքն արդեն իսկ առանձին պատասխանատվություն է սահմանում։
Նախագծում անդրադարձ կա նաև միջազգային փորձին, մասնավորապես նշվում է ԱՄՆ-ի և Ավստրալիայի օրենսդրությունը, որտեղ բուժաշխատողների դեմ ուղղված հարձակումների համար խիստ պատիժներ են նախատեսված։
Civilnet











