Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն Մանուկյանը, չի ապահովվում փաստաբանների մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։
«Վերոգրյալի հաշվառմամբ Պաշտպանի հանձնարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Քննչական վարչություն: Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Ըստ անհրաժեշտության՝ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
***
Հուլիսի 10-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) անդամների բնակության վայրերում և գրասենյակներում։ ՀՅԴ-ից հայտնում են, որ ձերբակալվել են կուսակցության մի քանի անդամներ, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։
Բերման է ենթարկվել նաև ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։ Բացի այդ, խուզարկություններ են տեղի ունեցել ՀՅԴ անդամ Վահագն Մաթինյանի և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։
Վերջին տվյալներով՝ չորս անձի տեղափոխել են Երևանի քննչական վարչություն։
Civilnet











