Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են մի շարք մտահոգիչ միտումներ՝ կապված հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերով անմեղության կանխավարկածի խախտման հետ։
ՄԻՊ-ը շեշտում է՝ «օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում անձանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ ձևավորելու միտումները հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքին»։
Հատկապես մտահոգիչ է, որ նման մոտեցում կարող են դրսևորել իրավապահ մարմիններն ու նրանց պաշտոնյաները։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ՝ «իրավապահ մարմիններն ի պաշտոնե ունեն ոչ թե պարզապես անձանց մեղավորությունը հիմնավորելու, այլ գործով անկախ, օբյեկտիվ, անկողմնակալ քննություն իրականացնելու պարտականություն»։
Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է՝ «այս սկզբունքը պետք է անշեղորեն պահպանվի ցանկացած քրեական վարույթի ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը, ինչ վարքագիծ ունի անձը և այլն»։
Համաձայն պաշտպանի՝ կատարված առերևույթ հանցագործության և անձի մեղավորության առնչությամբ ձևակերպումները չպետք է հանրային ընկալում ձևավորեն՝ որպես հաստատված փաստ ներկայացնելով այն անձի կողմից, առանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտի։
Պաշտպանը նաև հիշեցնում է՝ հանցավորության դեմ պայքարը պետության կարևոր հանձնառություններից է, սակայն այն պետք է իրականացվի «անկախության, անաչառության, օբյեկտիվության սկզբունքների խստագույնս պահպանմամբ»։
Մարդու իրավունքների պաշտպանը հավաստիացնում է՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի երաշխավորումը մնում է իր ուշադրության կենտրոնում, և ինքը շարունակելու է հետևել համապատասխան չափանիշների պահպանմանը։
***
Հուլիսի 10-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) անդամների բնակության վայրերում և գրասենյակներում։
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ահաբեկչության նախապատրաստության և ապօրինի զինամթերքի շրջանառության գործով իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 7 անձ: Ձերբակալվածներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ահաբեկչության նախապատրաստության մասին հոդվածով։
Civilnet











