Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 6 անշարժ գույք.
- 2 շարժական գույք.
- 6 իրավաբանական անձում մասնակցություն.
- շուրջ 2 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ:
Դատարանի կողմից կիրառվել են նաև հայցի ապահովման միջոցներ:
***
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվել է։
Հուլիսի 8-ին Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմ ձայներով բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը՝ համաձայնություն տալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն։
Ըստ գլխավոր դատախազի միջնորդագրի՝ Արթուր Սարգսյանը, «Սրբազան պայքար» շարժման մեկ այլ մասնակցի՝ Վազգեն Գալստանյանի և այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում և ահաբեկչություն։ Աննա Վարդապետյանի ներկայացմամբ՝ մեղադրանքը հիմնված է գաղտնի ձայնագրությունների վրա, որոնցում քննարկվել է Երևանում ենթակառուցվածքների խափանում և զանգվածային անկարգություններ հրահրելու ծրագիր։
Civilnet











