Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ դատական հայցն է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով հրապարակային հերքում և ներողություն՝ իր հասցեին հնչեցված, ըստ Քոչարյանի, զրպարտչական և վիրավորական հայտարարությունների համար։
Առաջին դատական հայցով Քոչարյանը Սիմոնյանից պահանջում է ոչ միայն հերքում և ներողություն՝ հնչեցրած հայտարարությունների համար, այլև՝ հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ՝ զրպարտության, և 3 մլն դրամ՝ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում։
Դատալեքս համակարգից ստացված տեղեկատվության համաձայն՝ Քոչարյանի ներկայացրած երկրորդ հայցում նշվում է, որ Սիմոնյանը պետք է հրապարակային հերքում ներկայացնի «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում իրեն պատկանող «Alen Simonyan/Ալեն Սիմոնյան» անվանումով օգտահաշվում, ինչպես նաև իրեն պատկանող «Alen Simonyan» տելեգրամյան ալիքում՝ հետևյալ բովանդակությամբ․
«2025 թվականի հունիսի 14-ին իմ կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակվել են կեղծ, ակնհայտ անհիմն, զրպարտչական բնույթի տեղեկություններ։ Ներկայումս ցանկանում եմ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նախկինում հայտնածս տեղեկություններն իրականության հետ որևէ կապ չունեն և հանդիսացել են իմ ոչ իրավաչափ վարքագծի արդյունք»։
Բացի այդ, Քոչարյանը պահանջում է, որպեսզի Ալեն Սիմոնյանը նույն հարթակներում հրապարակայնորեն ներողություն խնդրի իր արտահայտությունների համար՝ հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո հետևյալ տեքստով․
«Նախկինում իմ կողմից ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել արատավորելու Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար զղջում եմ և ցանկանում եմ Ռոբերտ Քոչարյանից ներողություն խնդրել»։
Civilnet











