Գլխավոր Լրահոս

Կոպտորեն խախտվել են Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության երաշխիքները․ Սիրանուշ Սահակյան

Կոպտորեն խախտվել են Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության երաշխիքները․ Սիրանուշ Սահակյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին չի տրամադրվել իրավասու, անկախ և անաչառ դատարանի առջև պաշտպանվելու արդար հնարավորություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ իրականացնելով միակողմանի և կանխորոշված ելքով քննություն։ Ավելին, դատավորները մերժել են Ռուբեն Վարդանյանին տրամադրել լիարժեք հասանելիություն գործի նյութերին՝ միաժամանակ գործին կցելով կեղծված փաստաթղթեր։

Խախտվել են նաև ընդդատության երաշխիքները․ գործը փոխանցվել է ռազմական տրիբունալին, չնայած այն հանգամանքին, որ Ռուբեն Վարդանյանը քաղաքացիական անձ է և երբևէ որևէ առնչություն չի ունեցել իրավապահ կամ անվտանգային կառույցների հետ։ «Արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից։ Նման պայմաններում արդար դատաքննության հասկացությունն ինքնին վերածվում է ձևականության՝ զուրկ որևէ բովանդակությունից», -ընդգծել է Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանի ներկայացրած փաստերը վկայում են, որ Բաքուն Ռուբեն Վարդանյանին զրկել է գործի կարևոր նյութերին ծանոթանալու հնարավորությունից, դատավարական հիմնարար իրավունքներից և մեկուսացրել միջազգային դիտարկումից ու աջակցությունից։

«‎Այս մոտեցումը կոպիտ ձևով խախտում է ինչպես Ադրբեջանի ներքին օրենսդրությունը, այնպես էլ արդար դատաքննության չափանիշները։ Այն խաթարում է արդարադատության գաղափարը և ցույց է տալիս, որ դատավարությունը քաղաքական շարժառիթով իրականացվող վարույթ է, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից»,- ասված է պարզաբանման մեջ։

Սիրանուշ Սահակյանը Միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և համաշխարհային առաջնորդներին կոչ է անում անհապաղ ուշադրություն դարձնել այս գործին և ճնշում գործադրել Ադրբեջանի Հանրապետության վրա, որպեսզի այն կատարի միջազգային իր պարտավորությունները, մասնավորապես՝ ապահովի արդար դատաքննության իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և միջազգային համապատասխան այլ փաստաթղթերով։

***

2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնխարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց ներկայացված են բազմապիսի կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ռազմական դատարանի առջև նրանցից բացի կանգնած է ևս ութ հոգի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում