Գլխավոր Լրահոս

Հնդկական հրթիռը կարող է շրջանցել S-400-ը և սպառնալ Թուրքիային, զգուշացնում է թուրքական լրատվամիջոցը

Հնդկական հրթիռը կարող է շրջանցել S-400-ը և սպառնալ Թուրքիային, զգուշացնում է թուրքական լրատվամիջոցը

Հնդկաստանի կողմից Հունաստանին հեռահար ցամաքային հարվածային թևավոր հրթիռների (LR-LACM, Long Range Land Attack Cruise Missile) հնարավոր մատակարարման վերաբերյալ լուրերը արձագանք են գտել թուրքական մամուլում, որն այդ քայլը ներկայացնում է որպես անվտանգության սպառնալիք։ Թուրքական TRHaber լրատվամիջոցը գրում է, որ Հնդկաստանը Հունաստանին «ոչ պաշտոնապես» առաջարկել է այս հրթիռը, ինչը կապվում է Պակիստանին Թուրքիայի ցուցաբերած աջակցության հետ «Սինդուր» գործողության ժամանակ: ՉՀնդկաստանը 2025-ի մայիսի սկզբին հարվածներ հասցրեց Պակիստանի ռազմական օբյեկտներին և գործողությունն անվանեց «Սինդուր»՝ իր Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ բնակավայրում ապրիլի 22-ի ահաբեկչությունից հետո, որին զոհ գնաց 26 քաղաքացիական անձ։ Հնդկաստանը ահահբեկչության համար մեղադրում է Պակիստանին): Նյու Դելին կամ Աթենքը չեն հաստատել Հնդկաստանի կողմից Հունաստանին հեռահար ցամաքային հարվածային թևավոր հրթիռ մատակարարելու տեղեկությունը։

TRHaber-ի համաձայն՝ հնդկական արտադրության LR-LACM հրթիռը մարտավարական լուրջ խնդիրներ է ստեղծում Թուրքիայի պաշտպանության համակարգերի համար՝ շնորհիվ իր հեռահարության, ճշգրտության և ցածր բարձրությամբ թռիչքի ունակության։ Հրթիռը մշակել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO)։ Այն ունի 1000–1500 կմ հեռահարություն։ Կարող է կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկներ։ Թռիչքն իրականացվում է ռելիեֆին մոտ՝ այն որսալու հնարավորությունը նվազեցնելու նպատակով, ինչը նման է ամերիկյան Tomahawk և ռուսական Kalibr հրթիռներին։

Հրթիռը կարելի է արձակել ինչպես ցամաքային շարժական հարթակներից, այնպես էլ ուղղահայաց արձակման համակարգերից, որոնցով հագեցած է Հնդկաստանի ռազմածովային նավատորմի ավելի քան 30 նավ։ TRHaber-ը նշում է, որ Անկարային խիստ մտահոգում է հանգամանքը, որ եթե հրթիռը հայտնվի Հունաստանի պաշտպանական արսենալում, այն ունակ կլինի շրջանցել Թուրքիայի հակաօդային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ S-400-ը։

Հնդկաստան–Հունաստան պաշտպանական հարաբերություններ

Այս հաղորդումները ի հայտ են գալիս Հնդկաստանի և Հունաստանի պաշտպանական համագործակցության խորացման ֆոնին։ Նախորդ ամիս Աթենք այցելեց Հնդկաստանի ռազմաօդային ուժերի գնդապետ Ա.Պ. Սինգհն և հանդիպեց Հունաստանի ռազմաօդային ուժերի ղեկավար, լեյտենանտ-գեներալ Դիմոսթենիս Գրիգորիադիսի հետ։ Թեև պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել հրթիռի մասին քննարկումների վերաբերյալ, Հնդկաստանը ցուցադրել է այդ հրթիռը հունական DEFEA-25 պաշտպանական ցուցահանդեսի ընթացքում։

TRHaber-ը պնդում է, որ Հնդկաստանի այս նախաձեռնությունը կարող է պատասխան լինել Թուրքիայի՝ Պակիստանին ցուցաբերած աջակցությանը «Սինդուր» գործողության ժամանակ։ Ըստ նույն աղբյուրի՝ Թուրքիան Պակիստանին տրամադրել է դրոններ, անձնակազմ և ռազմական նավ։

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Հունաստանի ռազմաօդային ուժերը փորձում են հավաքել տվյալներ Հնդկաստանի մարտավարության վերաբերյալ՝ հատկապես «Սինդուր» գործողության ընթացքում ֆրանսիական արտադրության Rafale կործանիչների կիրառման առումով։ Ըստ պարբերականի՝ այս տեղեկատվությունը Հունաստանին կօգնի իրականին մոտ սցենարներ մշակել՝ ապագա հնարավոր բախումների պարագայում։

Ըստ լրատվամիջոցի՝ հրթիռի առաջարկը պետք է դիտարկել Հնդկաստանի՝ արևելյան Միջերկրականում ազդեցության մեծացման համատեքստում։ Մասնավորապես հիշատակվում են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցերը Հունաստան (2023) և Կիպրոս (2025), որոնք, ըստ TRHaber-ի, վկայում են Հնդկաստանի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ համագործակցության ձևավորման մասին՝ Թուրքիայի ազդեցությանը հակազդելու նպատակով։ Նշվում է նաև, որ այս համագործակցությունը կարող է հանգեցնել Հնդկաստանի ռազմածովային ներկայության մեծացմանը Կիպրոսի նավահանգիստներում։

Հոդվածի սկզբնաղբյուրը՝ India’s "unofficial offering" of S400-evading cruise missile to Greece shakes Turkey

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում