Գլխավոր Լրահոս

«Վարձակալության ծրագրի հարցում որևէ համաձայնություն չկա». Արցախի ՄԻՊ

«Վարձակալության ծրագրի հարցում որևէ համաձայնություն չկա». Արցախի ՄԻՊ

Արցախցիների վարձակալության ծրագրի փոփոխության հարցով կառավարության հետ երկուշաբթի տեղի ունեցած հանդիպումը արդյունք չի տվել։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշեց, որ իշխանությունները անտեսում են տեղահանված արցախցիների խնդիրները։

«Երկար է տևել հանդիպումը, սակայն որևէ համաձայնություն, հատկապես վարձակալության աջակցության շարունակման հարցում, ձեռք չի բերվել։ Իրենց համար մարդկանց դրսում մնալը հիմնավոր պատճառ չէ»,- ասաց Ստեփանյանը։

Հուլիսի 14-ին արցախցիները բողոքի ակցիա անցկացրին կառավարության շենքի դիմաց՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին պահանջագիր հանձնելու նպատակով։ Ակցիան նախաձեռնել էր Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որը Հայաստանի կառավարությունից պահանջում է ընդլայնել բնակարանաշինության աջակցությունը, կարգավիճակ տալ տեղահանվածներին, հստակեցնել սոցիալական աջակցության մեխանիզմները և վերականգնել իրենց իրավունքները առանց դատարանի միջամտության։

Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի աշխատակազմի ղեկավար Արման Ադիլխանյանը, փոխվարչապետի խորհրդական Աննա Գասպարյանը և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Ստեփանյանը հայտնեց, որ կառավարությունը չի պատրաստվում վերանայել իր մոտեցումը վարձակալության աջակցության հարցում, և որ Ստեփանակերտի՝ 2023-ի սեպտեմբերի 25-ի հրդեհից տուժածներին կարգավիճակ տրամադրելու հարցում նույնպես առաջընթաց չկա։

«Խորհրդի դիրքորոշումն այն է, որ այս պահին ավարտում ենք փողոցային պայքարի փուլը։ Դա վերջակետ չէ, լինելու է վերաձևակերպում և վերակազմակերպում։ Երբ լինի հանրային պահանջ, պայքարը կշարունակենք։ 100 հոգով հաջողություն հասնել հնարավոր չէ»,- ասաց Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

Նա նաև նշեց, որ խորհուրդը դուրս է եկել Արցախի ներկայացուցչության շենքից և նպատակահարմար չի համարում շարունակել գործունեությունն այնտեղ։

Ըստ Մարգարյանի՝ ցավալի է, որ այս անգամ շատ քիչ մարդ է միացել բողոքին, և կառավարությունը դա օգտագործում է՝ հայտարարելով, թե մեծ մասի խնդիրները լուծվել են։ 

Նա քննադատեց նաև Արցախի պատգամավորներին ու պաշտոնյաներին՝ նշելով, որ նրանք հրաժարվում են ստանձնել պատասխանատվություն և լինել տեղահանվածների կողքին։

Արցախցիների բողոքը կապված է բնակարանային ապահովության «40+10» դրամի ծրագրի փոփոխությունների հետ, որոնց պատճառով բազմաթիվ տեղահանվածներ այլևս չեն օգտվում աջակցության ծրագրից։ 

«40+10 հազար» դրամի աջակցության ծրագիրը սկսեց գործել 2023-ի հոկտեմբերից՝ տեղահանությունից հետո, որպես բնակարանային օգնություն այն արցախցիների համար, ովքեր կորցրել էին մշտական բնակավայրերը և ունեին բնակարանային խնդիր։ Արցախցիների ավելի վաղ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո կառավարությունը որոշել էր երկարաձգել աջակցությունը ապրիլ և մայիս ամիսների համար՝ մինչև հունիսի 1։ Հունիսի 1-ից ծրագիրը փոխարինվեց 40,000 դրամի աջակցությամբ՝ միայն որոշակի խմբերի համար, որոնց թվում են անչափահասները, բարձրագույն կրթություն ստացողները, 63-ից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները։

Արցախցիները պահանջում են վերականգնել «40+10 հազար» ծրագրի նախնական պայմանները՝ մինչև սեփական բնակարան ունենալը, ինչպես նաև շարունակել բնակվարձի աջակցությունը՝ առանց տարբերակումների։ Նրանք կառավարությունից ակնկալում են հստակ ռազմավարություն և հայեցակարգ՝ բնակապահովման և սոցիալական աջակցության ոլորտներում։

Հայկ Ղազարյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում