Անկարան տեղեկություն չունի Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը կառավարելու ԱՄՆ-ի հնարավոր ծրագրի մասին։ Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից։
«Մենք դրա մասին տեղեկություն չունենք, ուստի չենք կարող մեկնաբանել», - ասել են Էրդողանի վարչակազմից՝ մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Թոմաս Բարրաքի խոսքերը։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր է համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհն ամերիկյան կառավարմանը հանձնելը։
Խոսքը, ինչպես նշել է նա, «հակամարտության առարկա դարձած 32 կիլոմետրի մասին է»։
Այնուհետև Բարաքը տեսական սցենար է նկարագրել, ըստ որի՝ ԱՄՆ-ն կարող էր «վերահսկողության տակ վերցնել իրավիճակը»՝ 100 տարով վարձակալելով այդ տարածքը, որպեսզի, նրա արտահայտությամբ, «բոլորը կարողանան օգտագործել այն»:
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մեկնաբանելով Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը՝ շեշտել է, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը:
Հուլիսի 10-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը չէր հերքել, որ ապաշրջափակման վերաբերյալ տարբեր առաջարկներ՝ ներառյալ ամերիկյան կողմից, արդեն ներկայացվել են։ Փոխնախարարը նշել էր, որ սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը:
Civilnet











