Գլխավոր Լրահոս

Հայ գերիները զրկված են իրենց անմեղությունն ապացուցելու որևէ հնարավորությունից․ հայտարարություն

Հայ գերիները զրկված են իրենց անմեղությունն ապացուցելու որևէ հնարավորությունից․ հայտարարություն

«Բաքվի ռազմական դատարանում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսի հերթական՝ 26-րդ նիստը»: Այս մասին հայտարարություն է տարածել Free Armenian Prisoners-ը։

Նախորդ շաբաթ փաստաբան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ծավալուն փաստաթուղթ էր հրապարակել՝ ներկայացնելով  բոլոր այն իրավախախտումները, որոնք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվել են թե՛ նախաքննության, թե՛ «դատավարության» ընթացքում: 

«Արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից։ Նման պայմաններում արդար դատաքննության հասկացությունն ինքնին վերածվում է ձևականության՝ զուրկ որևէ բովանդակությունից», - ընդգծել էր Սահակյանը։

Փաստաթղթում արձանագրվում էր, որ այդ խախտումներն անհնար են դարձրել Ռուբեն Վարդանյանի համար արդյունավետ պաշտպանության իրականացումը: «Այս խախտումներն ստեղծել են մի իրավական միջավայր, որտեղ նա փաստացի զրկված է իր դեմ առաջադրված մեղադրանքները վիճարկելու կամ արդարացնող ապացույցներ ներկայացնելու իմաստալից որևէ հնարավորությունից»,-ասվում է  հրապարակված փաստաթղթում:

Թեև մյուս գերիների մասով հնարավոր չէ թեկուզ փոքր տեղեկություն ստանալ, սակայն կասկած չկա, որ նույն իրավիճակն է նաև նրանց պարագայում: 

Free Armenian Prisoners կայքը պարբերաբար հրապարակում է Ռուբեն Վարդանյանի գործի լսումների արդյունքները՝ հիմք ընդունելով տեղացի փաստաբան Աբրահամ Բերմանի՝ ընտանիքին փոխանցած տեղեկությունները:

Նախորդ՝ հուլիսի 8-ին կայացած նիստում Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը կրկին դատական նախկին որոշումների քաղվածքներին ծանոթանալու միջնորդություն էին ներկայացրել, որոնք չեն բավարարվել:

«Նիստի մյուս հատվածում ենթադրյալ տուժողներն վկայություններ են տվել  ռազմական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքների մասին: Ինչպես նախորդ լսումների ժամանակ, ցուցմունք տված անձանցից ոչ մեկը Ռուբեն Վարդանյանի հետ անձամբ ծանոթ չի եղել: Բոլորը նշել են, որ նրա մասին լսել են միայն լրատվամիջոցներից կամ սոցիալական ցանցերից: Նկարագրված դեպքերի հետ Ռուբեն Վարդանյանին կապող փաստական որևէ ապացույց չի ներկայացվել», - ասված է հայտարարության մեջ։ 

Free Armenian Prisoners-ի հայտարարության մեջ նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը և մյուս 22 հայ գերիներն արդեն շուրջ  656 օր ապօրինի կալանվորված են Բաքվում: Միջազգային հանրությունը և իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս պահանջել  են անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակել հայ քրիստոնյա քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։

***

2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնխարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց ներկայացված են բազմապիսի կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ռազմական դատարանի առջև նրանցից բացի կանգնած է ևս ութ հոգի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում