ArmLur.am–ը հայտնում է, որ էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել։ CivilNet-ը փորձեց տեղեկությունը ճշտել Հակակոռուպցիոն կոմիտեից։ Կառույցի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ առայժմ չեն մեկնաբանում տեղեկությունը։
***
Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզում գազալցակայանում տեղի է ունեցել սպանություն։ Ըստ ԶԼՄ-ների՝ գազալցակայանը պատկանում է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն։ Կրակոցների հետևանքով մահացել է 36-ամյա տղամարդ։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում գազալցակայանի հերթափոխի պետը և գազալիցքավորողը մեղադրվում են հանցանք կատարած անձին աջակցելու համար։ Ըստ հաղորդագրության՝ հերթափոխի պետը հրահանգել է մաքրել արյան հետքերը և հավաքել կրակված պարկուճները՝ հանցանքը պարտակելու նպատակով։
ԶԼՄ-ները հայտնում են, որ սպանության գործով իրավապահները փնտրում են Արմավիրի մարզում «ՃԱՊ» մականունով հայտնի 33-ամյա Կարեն Բադալյանին։ Ըստ նույն աղբյուրների՝ մարտի 25-ին իրավապահները խուզարկություն են իրականացրել Դիանա Գասպարյանի տանը։
Մայիսի 15-ին Գասպարյանը հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։ Հաջորդ օրը ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ նրա ամուսինը կարող է ձերբակալվել՝ աղմկահարույց պատմության հետ առնչություն ունենալու պատճառով։
Civilnet











