2020-ի պատերազմ, «Դ-20» դիվիզիոնի պատմությունը. Մաս 1

Հայկ Ղազարյան
«2020 թվականի հոկտեմբերի 12-ին ժամը 17:00-ի սահմաններում հրետանու պետը նկատել է դիմացի բլուրից դեպի ձորն իջնող խմբավորում և այդ մասին տեղեկացրել է մեզ: Ես ևս դուրս եմ եկել դիտակետից և նայել դիմացի բլուրը և նկատել դեպի ցած իջնող խմբավորում՝ մի քանի տասնյակ անձ, թիվ չեմ կարող նշել». սա «Դ-20» հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի զինվոր Ալեքսան Մկրտչյանի ցուցմունքից է։
2025-ի հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի՝ 5,5 տարվա ազատազրկման վճիռը։ Նա մեղավոր է ճանաչվել ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի համար, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։
Ըստ դատարանի՝ բանակի հրամանատարի ճակատագրական սխալի հետևանքով «Դ-20» հրետանային դիվիզիոնի դիրքերը ենթարկվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակմանը, ինչի արդյունքում զոհվել է 20 զինծառայող, իսկ մեկ զինծառայող մինչ օրս համարվում է անհետ կորած։ 2020-ի հոկտեմբերի 12-ին, երբ հակառակորդը մոտենում էր հայկական դիրքերին, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը «Դ-20» դիվիզիոնի ղեկավարության հարցմանը ի պատասխան հայտնել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Այդ սխալ գնահատականը, ըստ դատարանի, դարձել է ողբերգական հետևանքի պատճառ։
ՍիվիլՆեթը, ուսումնասիրելով դատավարական նյութերը, փորձել է վերականգնել այդ ողբերգական դեպքի փաստական պատկերը։
Դիվիզիոնը սեպտեմբերի 27-ին
«Դ-20» հրետանային դիվիզիոնը ընդգրկված է եղել Ստեփանակերտում տեղակայված 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում, որն առավել հայտնի է «Ցոր» անվամբ։
2020-ի սեպտեմբերի 27-ին դիվիզիոնը տագնապով շարժվել է դեպի կենտրոնացման շրջան, որը Ասկերանի գաջի գործարանի մոտ էր։ Նույն օրը դիվիզիոնը ստացել է հրաման տեղափոխվել և զբաղեցնել պահեստային կրակային դիրքեր Վազգենաշեն գյուղի ուղղությամբ։ Վազգենաշենը գտնվում էր Աղդամի տարածքում և Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանի պատասխանատվության գոտում։
Դիվիզիոնը Վազգենաշենում աշխատել է մինչև հոկտեմբերի 4-ը։
Դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը դատարանում հայտնել է, որ մինչև հոկտեմբերի 4-ը դիվիզիոնը 1650 արկ է կրակել։ «Անձնակազմը մեծ վնասվածքներ չի ստացել, միայն թեթև քերծվածքներ, իսկ զորքի մարտական վիճակը եղել է գերազանց»,- ասել է Թովմասյանը՝ համաձայն հրապարակված դատական գործի։
Դեպի հարավ՝ 18-րդ դիվիզիայի կազմ
Հարավային ուղղությամբ լարված իրավիճակով պայմանավորված՝ «Դ-20» հրետանային դիվիզիոնը հոկտեմբերի 4-ի գիշերը դուրս է եկել Վազգենաշենից և տեղափոխվել Հադրութի շրջան։ Բայց այդ՝ այն «Ցոր»-ից անցել է 18-րդ դիվիզիայի ենթակայության տակ։ (18-րդ հրաձգային դիվիզիայի պատասխանատվության գոտին տարածվում էր Արաքս գետից մինչև Ֆիզուլի քաղաքի հյուսիս։ Դիվիզիայի կազմի մեջ էին մտնում Ջաբրայիլի 9-րդ, Հադրութի 1-ին, Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանները և այլ ստորաբաժանումներ): Անցնելով շուրջ 86 կիլոմետրանոց երթուղի՝ դիվիզիոնը հոկտեմբերի 5-ին կրակային դիրք է զբաղեցրել Տող գյուղի հարևանությամբ՝ «Ջրաշխարհ» ջրային այգու տարածքում։
Դիվիզիոնի հրամանատարի ցուցմունքի համաձայն՝ յուրային զորքերի քանակը, պահեստազորայինների (ՄՈԲ) ներգրավմամբ, կազմել է 164 հոգի, սակայն ՄՈԲ-ից 9 հոգի փախել էին դեռ Հադրութ չհասած։ Դիվիզիոնը ուներ 12 հրանոթ, որոնք բաժանված էին երեք հրետանային ստորաբաժանումների (մարտկոցների) միջև՝ յուրաքանչյուրում չորսական միավոր։
«Ջրաշխարհում» դիվիզիոնը մնում է մեկ օր՝ մինչև հոկտեմբերի 6-ը։
Հակահարված
Արցախի ամենահարավային հատվածում գտնվող Քենդ Հորադիզ գյուղից մինչև Արաքսի ափ՝ մոտ 10 կմ երկարությամբ առաջացած ճեղքվածքը փակելու նպատակով հայկական կողմը որոշում է հոկտեմբերի 7-ին իրականացնել բանակային հակահարված։ Այս գործողությունը հանրության շրջանում ավելի շատ հայտնի է «Լելե Թեփեի» օպերացիա անվամբ։
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան, դիվիզիոնը, 40 կմ երթ կատարելով, տեղափոխվել է «9-րդ կմ» կոչվող տեղանքի հրետանային կրակային դիրքեր՝ բանակային հակահարվածին մասնակցելու նպատակով։ Ինչպես հայտնի է, բանակային հակահարվածը ձախողվել է, որից հետո հաջորդ օրը հայկական կողմը ճեղքվածքը փակելու նպատակով փորձել է իրականացնել ռեյդային գործողություններ, որոնք նույնպես տապալվել են։
Հոկտեմբերի 8-ին «9-րդ կմ» տեղանքից դիվիզիոնը դուրս է եկել, քանի որ, ըստ դիվիզիոնի հրամանատարի, խորք ներթափանցած հակառակորդի հետևակին առևերեսվելու վտանգ կար։
«9-րդ կմ» կոչվող տարածքից դիվիզիոնը դուրս է եկել միայն սպայակազմի արհեստավարժության շնորհիվ, քանի որ տվյալ տարածքից լսելի է եղել հակառակորդի ինքնաձիգի կրակոցների ձայները, իսկ ինքնաձիգից կրակոցի ձայներ լսելը նշանակում է, որ հակառակորդը մոտ է»,- դատարանում ասել է տուժող Արմեն Ասրյանը։ (Այս դատական գործում կարևոր դեր ունի զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ հրետանավոր, պահեստազորի փոխգնդապետ Արմեն Ասրյանը, որը երկար տարիներ ծառայել է ՊԲ-ում, այդ թվում՝ 14 տարի՝ Գլխավոր շտաբում, իսկ 2020-ին աշխատել է Արցախի Անվտանգության խորհրդում։ Պատերազմից հետո նա մասնակցել է դիվիզիոնի զինծառայողների որոնողական աշխատանքներին):

Զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ փոխգնդապետ Արմեն Ասրյանը Վերաքննիչ դատարանում։ Լուսանկարը՝ Հասմիկ Խաչատրյանի/ՍիվիլՆեթ, 30 մայիս, 2025
Պաշտպանության բանակի հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը նշել է, որ «Դ-20» դիվիզիոնը հակահարվածների ժամանակ լավ է կատարել կրակային խնդիրները։
Ըստ Դավիթ Ավետիսյանի (18-րդ դիվիզիայի հրամանատարի տեղակալ-հրետանու շտաբի պետ)՝ դիվիզիոնը ժամանակավորապես տրամադրվել է 18-րդ դիվիզիային՝ Ջալալ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ հակահարձակման հրամանի գաղտնիությունը պահպանելու նպատակով։ Նա նշել է, որ չի կարող հիշել, թե որ օրն է դիվիզիոնը վերադարձվել «Ցոր»-ին, սակայն դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ջալալ Հարությունյանը տվել է խնդիր՝ կապված «Իլայա» (Լելե Թեփե) բարձունքի ուղղությամբ գործողությունների հետ։
Ջուվարլու. երրորդ մարտկոցը շարքից դուրս է գալիս
«9 կմ»-ից դիվիզիոնը Ֆիզուլի քաղաքից 5 կմ հարավ-արևմուտք գտնվող Ջուվարլու գյուղի մոտ է տեղափոխվում հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը՝ շարժվելով 22 կմ։
«Առավոտյան՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 05:30-ին, մենք դուրս ենք եկել Ջուվարլու կոչվող շրջանում տեղազննում կատարելու նպատակով, որից հետո եկել են ամբողջ անձնակազմին վերցրել և արագ գնացել ու երեք մարտկոցներով տեղակայվել, իսկ մենք էլ զբաղեցրել ենք հրամանատարական դիտակետը»,- վկայում է դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը։
«Դ-20» հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի հրամանատար, գործով վկա Մխիթար Բադալյանի ցուցմունքի համաձայն՝ Ջուվարլուի տարածքում առաջին անգամ տեղակայվելու ժամանակ կահավորում չի եղել, այդ իսկ պատճառով իրենք անձնակազմի համար սկսել են ինժեներական աշխատանքներ կատարել. «Այս բոլոր գործողությունները մոտավորապես տևել են 3-4 ժամ։ Դրանից հետո, սկսել ենք մարտ վարել, սակայն մեկ օր հետո «թողնել» հրաման են ստացել»։
Դիվիզիոնի հրամանատար Թովմասյանը ասում է, որ ժամը 13:30-ի կողմերը, սկսվել է ինտենսիվ հրետակոծություն իրենց ուղղությամբ այնպես՝ որ չէին կարողանում «շելերից» (թաքստոց) և դիտակետից դուրս գալ:
Այդ ժամանակահատվածում ինտենսիվ հրետակոծության հետևանքով դիվիզիոնի երրորդ մարտկոցը շարքից դուրս է եկել. խոցվել են չորս հրանոթներից երեքը, մեկ հոգի վիրավորվել է։
Ըստ Թովմասյանի ցուցմունքի՝ այդ ամենից հետո զորամասի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը վերադասին զեկուցել է, որ երրորդ մարտկոցը շարքից դուրս է եկել, իսկ ՊԲ հրետանու բաժնից ասել են, որ իրենց տեղը պետք է փոխել:
Նորից՝ Ջրաշխարհ, հետո կրկին՝ Ջուվարլու
Ըստ դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանի՝ զորամասի հրետանու պետ Հայրապետյանը վերադասին զեկուցել է, որ երրորդ մարտկոցը շարքից դուրս է եկել, իսկ ՊԲ հրետանու բաժնից ասել են, որ իրենց տեղանքը պետք է փոխել:
«Այդ պահին ռացիան Նորայր Հայրապետյանի («Ցոր»-ի հրետանու պետ) մոտ է եղել, և ինքն է կապ պահել Պաշտպանության բանակի հրետանու պետ Գենադի Բաղդասարյանի կամ վերջինիս տեղակալ Ռաֆայել Գրիգորյանի հետ: Իրեն Նորայր Հայրապետյանն է ասել, որ նորից պետք է տեղափոխվեն իրենց հին տեղը՝ «Ջրաշխարհ» չհասած վայրում գտնվող դիրքերը»,- վկայում է Թովմասյանը։
Դիվիզիոնի հրամանատարը նշել է, որ հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը նրանք հասել են Ջրաշխարհ, և «Ցոր»-ի հրետանու պետը զեկուցել է ՊԲ հրետանու պետին՝ տեղակայման մասին։
Այնուհետև Նորայր Հայրապետյանը փոխանցել է, որ գնդապետ Գենադի Բաղդասարյանի հրամանով պետք է վերադառնան նախկին դիրքը։ Թովմասյանը փորձել է առաջարկել տեղակայվել մի փոքր աջ կամ ձախ, սակայն Հայրապետյանը պատասխանել է, որ նոր կահավորման համար ժամանակ չկա։ Երրորդ մարտկոցը, որը հրանոթներ չուներ, ուղարկվել է Կարմիր Շուկա։
Դիվիզիոնի հրամանատարի խոսքով՝ իր և հրետանու պետի միջև տեղի է ունեցել տարաձայնություն. նա նշել է, որ պետք է մի անգամ էլ խոսի վերադասի հետ։ Նորայր Հայրապետյանը պատասխանել է, որ Գենադի Բաղդասարյանի հրամանը հենց այդպիսին է եղել, ուստի անհրաժեշտ է վերադառնալ նախկին զբաղեցրած դիրքը։ Ի վերջո, հոկտեմբերի 11-ի առավոտյան նրանք դուրս են եկել և կրկին տեղակայվել Ջուվարլու գյուղում՝ երկրորդ անգամ զբաղեցնելով նույն կրակային դիրքերը։
Դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը, որը նույն դեպքի համար մեկ այլ գործով մեղադրյալ է (մեղադրվում է սեփական կյանքը փրկելու նպատակով դրսևորված անգործության մեջ), պատմել է, որ ինքը դեմ է եղել դիվիզիոնի տեղափոխությանը և հակադարձել է դրան։
«Դիվիզիոնի հրամանատարին հարցրել եմ, թե արդյոք գիտի, թե որտեղ է իրենց առաջնագիծը, որին պատասխանել է, որ՝ ո՛չ, չգիտի։ Դրանից հետո նրան ասել եմ, եթե չգիտի առաջնագծի տեղակայումը, ապա ինչպես է այդքան ստորաբաժանումը առաջ տալիս»,- վկայում է դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Գևորգյանը՝ ավելացնելով, որ դիվիզիոնի հրամանատարը այդ կարողությունը չուներ նման որոշմանը հակադարձելու։
Դիվիզիոնի հրամանատար Թովմասյանը հաստատում է, որ շտաբի պետ Գևորգ Գևորգյանը և մեկ այլ զինծառայող մոտեցել են իրեն և ասել. «Կամձիվ, գնանք այնտեղ՝ ի՞նչ անենք։ Որ գնանք, էլ հետ չենք գալու»: Դիվիզիոնի համանատարը պատասխանել է, որ արդեն տեղեկացրել է համապատասխան անձանց և առաջարկել, որ դիմեն հրետանու պետին՝ հրամանի փոփոխություն ստանալու հույսով։ Գևորգ Գևորգյանը դիմել է Նորայր Հայրապետյանին, սակայն «Ցորի» հրետանու պետը արձագանքել է, որ կրակային դիրքի զբաղեցման հրամանը պետք է կատարվի։
Բանակի հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը նշում է, որ Ջուվարլու տեղափոխությունը իր համար խնդրահարույց չէր, քանի որ դիվիզիոնը առաջնագծից գտնվել է բավականին հեռավորության վրա, և իրենք կարողացել են իրենց զորամասի համար խնդիր կատարել։ Իսկ այն հանգամանքը, որ որոշակի կորուստներ էին կրել այդ դիրքում, և այն համարվում էր թշնամու կողմից բացահայտված, ևս խնդրահարույց չէր. «Քանի որ կորուստները եղել էին երրորդ մարտկոցում ու այդ անգամ երրորդ մարտկոցը չէր գնացել, այսինքն` երրորդ մարտկոցի կրակային դիրքերը չէին զբաղեցվել»։
Իսկ որտե՞ղ էր առաջնագիծը
Ջրաշխարհից դեպի Ջուվարլու շարժվելով՝ դիվիզիոնը մոտեցել էր առաջին (Հադրութի) պաշտպանական շրջանի առաջնագծին։ Ջուվարլուից դիվիզիոնը կարող էր կրակով աջակցել առաջին պաշտպանական շրջանի դիրքերին։ («Ցոր»-ի մեկ համազորային ստորաբաժանում այդ օրերին գտնվում էր առաջին պաշտպանական շրջանի Կարախանբեյլի գյուղի գծում՝ դեպի արևելք, իսկ մյուսը հարավում՝ «9 կմ»-ում):

Հակառակորդը դիվիզիոնին մոտենում էր ոչ թե է 1-ին ՊՇ-ից, այլ Ջաբրայիլից՝ 9-րդ ՊՇ-ից
Հոկտեմբերի 3-ից հետո հակառակորդը հարավային ուղղությամբ հաջողել էր ճեղքել պաշտպանությունը և հոկտեմբերի 10-11-ին արդեն գրավել էր Հադրութը։
Այս իրավիճակում դիվիզիոնին հակառակորդը մոտենում էր հարավից, մինչդեռ առաջին պաշտպանական շրջանի ստորաբաժանումները իրենց դիրքերից նահանջել են միայն հոկտեմբերի 27-ին՝ ըստ ստացված հրամանի։
ՊԲ գլխավոր շտաբի սպաների վկայությամբ՝ հոկտեմբերի 12-ին առաջնագծում հայտնված ուժերի ինքնությունը ճշգրտելու փորձեր արվել են հենց առաջին պաշտպանական շրջանից։
Դիվիզիոնի հրամանատարի մոտ հարցեր են առաջացել, երբ, չունենալով հստակ ճակատային գիծ, ստիպված են եղել կրակել բոլոր հրանոթներով՝ տարբեր ուղղություններով։
ՊԲ հրետանու բաժնի շտաբի կապի պետ, գործով վկա Կարեն Բալյանը, դատարանում պատասխանելով տուժող Արմեն Ասրյանի հարցերին, նշել է, որ խնդիրները ստանում էին տարբեր տեղերից, գրանցում և փոխանցում կրակային դիրքերին։ Նրա խոսքով՝ դիվիզիոնը կրակում էր շատ ու անկանոն. նշանակետերը երբեմն գտնվում էին 6 կմ, իսկ երբեմն՝ 15 կմ և ավելի հեռավորության վրա։
Դիվիզիոնը Ջուվարլուից կարող էր կրակել մինչև 15 կմ՝ դեպի արևելք՝ աջակցելով առաջին պաշտպանական շրջանին։ Իսկ 6 կմ հեռավորությունը նշանակում է, որ դիվիզիոնը կրակում էր դեպի հարավ՝ ներթափանցած զորքերի ուղղությամբ։
Ո՞վ էր խնդիրներ տալիս դիվիզիոնին
ՊԲ հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը վկայում է, որ պատերազմի սկզբից մինչև հոկտեմբերի 6-ը հրետանային կառավարումն իրականացվել է Ստեփանակերտի խորացված հրամանատարական կետից (հրամանատարական բունկերից)։ Սակայն նշում է, որ երբ դիվիզիոնը անցել է 18-րդ դիվիզիայի ենթակայության տակ, կառավարումն իրականացվել է այդ դիվիզիայի հրամանատարի միջոցով։ Այնուհետև Բաղդասարյանը ավելացնում է. «Բացի դրանից էլ պարբերաբար Նորայր Հայրապետյանն էր զանգահարում, կապ հաստատում իրենց հետ, քանի որ այդ զորամասը կենտրոնական ենթակայության զորամաս էր»։
Մարտունու շրջանից (Վազգենաշենից) հոկտեմբերի 4-ից 5-ը Արցախի հարավ տեղափոխվելիս՝ դիվիզիոնը «Ցոր»-ից անցել է 18-րդ հրաձգային դիվիզիայի ենթակայության տակ։ Սակայն, Դավիթ Ավետիսյանի (18-րդ դիվիզիայի հրամանատարի տեղակալ-հրետանու շտաբի պետ) վկայությամբ, դա արվել է հակահարձակման գաղտնիությունը պահպանելու նպատակով, իսկ հակահարվածից հետո դիվիզիոնը կրկին վերադարձվել է «Ցոր»-ին։
Այս գործով վկայությունները ցույց են տալիս, որ հակահարվածից հետո էլ դիվիզիոնին խնդիրներ են տվել Ստեփանակերտի խորացված հրամանատարական կետից, և «Ցոր»-ի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը մշտապես կապի մեջ է եղել ՊԲ հրետանու պետ Գենադի Բաղդասարյանի հետ։
«Ցոր»-ի հրետանու շտաբի պետ, Նորայր Հայրապետյանի տեղակալ Դավիթ Հայրապետյանը վկայում է, որ 18-րդ դիվիզիայի հրամանատարության հետ կապ չեն ունեցել, այլ կապ են ունեցել միայն վերադաս հրամանատարության՝ մասնավորապես՝ ՊԲ հրետանու շտաբի հետ. «Այդ կապի միջոցով լսել եմ, որ ՊԲ շտաբից խոսել են Նորայր Հայրապետյանի հետ»։
Դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը նշում է. «Խնդիրները տրվել են ՊԲ հրետանու պետը, մեկ անգամ էլ զորամասի («Ցոր»-ի) հրամանատար Առաքելյանն է նշանակետ տվել»։
Դիվիզիոնը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 12-ը՝ 16 օրում, փոխել է վեց կրակային դիրք՝ անցնելով մոտ 200 կմ։ Ըստ հրամանատար Հայկ Թովմասյանի՝ այդ ընթացքում դիվիզիոնը կրակել է շուրջ 3200 արկ. «Դա հեշտ չէր։ Դիվիզիոնը հանգստի օր չի ունեցել, ամեն օր խնդիր է կատարել»։
Ստորև ներկայացնում ենք «Ցոր»-ի «Դ-20» դիվիզիոնի երթուղու անիմացիան։
16 օրում՝ 6 կրակային կետ․ Վազգենաշեն → Ջրաշխարհ → 9-րդ կմ → Ջուվարլու → Ջրաշխարհ → Ջուվարլու։ Ընդհանուր՝ շուրջ 205 կմ։ Անիմացիայի հեղինակ՝ Գառնիկ Ստեփանյան։
Կարդացեք նաև՝ 2020-ի պատերազմ, «Դ-20» դիվիզիոնի պատմությունը. Մաս 2
Տեղադրություն
Civilnet










