Էլեն Մուրադյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին հրավիրված ասուլիսին անդրադարձավ 2022-ի ապրիլին իր ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցած հղի կնոջ մահվան ելքով վրաերթին՝ հայտարարելով, որ դեպքի հետ որևէ կապ չունի։ «Այդ իրադրությունն ուզում եք ինձ հետ կապել, դա ձեր խնդիրն է»,- ասաց Փաշինյանը։
«Պատկերացրեք, որ դուք ավտոբուսի մեջ նստած եք, և ավտոբուսը վրաերթի է ենթարկում քաղաքացու։ Դուք ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ։ Դա իմ շարասյունը չէ, դա վարչապետին սպասարկող մեքենան է։ Ես մեքենայի մեջ եմ եղել, շարունակել եմ նստած մնալ։ Ես նույնիսկ վկա չեմ գործով։ Ցավակցել եմ, ցավում եմ, դատական գործընթաց գնում է։ Ես գնալիս եմ եղել ԱԺ՝ իմ աշխատանքային պարտականությունները կատարելու։ Այդ իրադրությունն ուզում եք ինձ հետ կապել, դա ձեր խնդիրն է»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ինքը եղել է ծառայողական մեքենայի մեջ և որևէ տեղեկություն չի ունեցել տեղի ունեցած մասին։ Նա ընդգծեց, որ վրաերթը տեղի է ունեցել ավտոշարասյան մեկ այլ մեքենայի կողմից, իսկ իքն այլ մեքենայի մեջ է եղել։
2022-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Երևանում՝ Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում, վրաերթի ենթարկեց հետիոտնի՝ 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին։ Ո՛չ Սոնայի, ո՛չ էլ նրա առաջնեկի կյանքը փրկել չհաջողվեց։ Դեպքը տեղի ունեցավ, երբ Փաշինյանը շտապում էր Ազգային ժողով իր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպմանը։ Դեպքը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։
Երիտասարդ կնոջ վրաերթից հետո ո՛չ վրաերթ կատարած մեքենան, ո՛չ էլ շարասյան մյուս մեքենաները չկանգնեցին և փորձ չարեցին նրան տեղափոխել հիվանդանոց։
Նախաքննության տվյալներով՝ Արամ Նավասարդյանը, կատարելով հատուկ շարասյան ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից, խախտել է երթևեկության կանոնները՝ վարելով մեքենան 108.7 կմ/ժ արագությամբ։ Սա գերազանցում է վարչապետի ավտոշարասյան համար թույլատրելի 100 կմ/ժ արագությունը։ Ավելին, նա միջոցներ չի ձեռնարկել արագությունը նվազեցնելու համար։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նավասարդյանը վրաերթի է ենթարկել կանաչ լույսի ներքո «հանգիստ քայլող հետիոտն Սոնա Մնացականյանին»։
Գործով ձերբակալվել էր Ճանապարհային ոստիկանության դասակի հրամանատար Արամ Նավասարդյանը, որի խափանման միջոցն ավելի ուշ փոխվեց։ Ներկայում նա ազատության մեջ է։ 2022-ի հոկտեմբերի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ մտել է դատարան։
Սոնա Մնացականյանի գործով նրա ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Րաֆֆի Ասլանյանը կարծում է, որ երեք տարի առաջ տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի գործը ձգձգելու իրավական պատճառներ գոյություն չունեն։
Փաստաբանի խոսքով՝ մեղադրյալին պետական միջամտությամբ ազատության մեջ պահելու նպատակը հենց գործի մանևրելու հնարավորություն ստեղծելն է։ Երբ մեղադրյալը ազատության մեջ է, նիստերի ձգձգումը շատ հեշտ է։
Ըստ փաստաբանի՝ դատարանների ծանրաբեռնվածությունն էլ է ազդել գործի երկարատևության վրա։
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատական վերջին նիստը հունիսի 13-ին էր, հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 29-ին։
Civilnet











