Գլխավոր Լրահոս

Խաղողի մթերման վարկերի ժամկետները երկարաձգվում են՝ Վրաստանում խնդիրների պատճառով 

Խաղողի մթերման վարկերի ժամկետները երկարաձգվում են՝ Վրաստանում խնդիրների պատճառով 

Հայաստանի կառավարությունը որոշել է մինչև վեց ամիս երկարաձգել խաղողի մթերման համար տրամադրված վարկերի մարման ժամկետները՝ Վրաստանի մաքսային ծառայությունների կողմից կոնյակ արտահանող հայկական բեռնատարների համար ստեղծվող դժվարությունների պատճառով։ Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 17-ի կառավարության նիստին։

Ապրիլի 17-ից Վրաստանի մաքսային մարմինները սկսել էին կանգնեցնել դեպի Ռուսաստան ու Բելառուս շարժվող բեռնատարները՝ լաբորատոր փորձաքննության պատճառաբանությամբ։ Ըստ տնտեսավարողների, միայն Թբիլիիս մոտի Գեզի տերմինալում կուտակվել է շուրջ 150 բեռնատար։ Բեռնատարների երկարատև կանգառը հանգեցրել է ֆինանսական լուրջ հետևանքների՝ լրացուցիչ ծախսեր, մատակարարման խափանումներ, տուգանքներ և արտահանման ծավալների նվազում։

«Մաքսային տերմինալում կանգնելու ժամանակահատվածում տնտեսավարողների համար առաջանում են լրացուցիչ ծախսեր (օրական շուրջ 100 դոլար վճարվում է բեռնափոխադրող կազմակերպությանը),  չեն կարողանում ապահովել ապրանքի մատակարարումը  առևտրի ցանցերի հետ կնքված մատակարարման պայմանագրերում նշված ժամկետներում, ինչի դեպքում ենթարկվում են մատակարարման ենթակա ընդհանուր խնբաքանակի արժեքի 20 տոկոսի չափով տուգանքի և զրկվում չմատակարարված խմբաքանակը հետագայում մատակարարելու իրավունքից։ Բացի այդ, նման իրավիճակը կրկնվելու դեպքում առևտրային ցանցերը սկսում են խուսափել տնտեսավարողների հետ մատակարարաման պայմանագրեր կնքելուց։ Այս դեպքում նվազում է նաև կոնյակի արտահանման ծավալները»,- ասված է կառավարության որոշման նախագծում։

Ստեղծված իրավիճակում ընկերությունները դժվարանում են կատարել աշխատավարձային, հարկային ու վարկային պարտավորությունները։

Որպես լուծում՝ կառավարությունը փոփոխություն է արել՝ թույլ տալով մինչև վեց ամիս ժամկետով երկարաձգել 2023-ին տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները։ Նույն ժամկետով երկարաձգվում են նաև պետական բյուջետային երաշխիքների մարման ժամկետները։ Հին երաշխիքները կփոխարինվեն նորերով՝ երկարաձգված ժամկետներով։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ հուլիսի 1-14-ը Վրաստանից ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բարձված 103 բեռնատար։  

Տևական ժամանակ է՝ վրացական կողմը չէր թույլատրում Հայաստանի կոնյակ-գինի արտահանող մի շարք ընկերությունների արտադրանքը իր տարածքով հասցնել Ռուսաստան ու այլ երկրներ։ Մայիսի 13-ին ու 21-ին արտահանողները ակցիաներ էին իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց, դիմել Հայաստանի կառավարությանը։ Էկոնոմիկայի նախարարը պարբերաբար հայտնում էր, որ զբաղվում է խնդրով։

Էլեն Մուրադյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում