Գլխավոր Լրահոս

Բացահայտվել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը

Բացահայտվել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը

27 տարի անց բացահայտվել է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998-ի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն։

ՔԿ-ի տվյալներով՝ Ս.Ա.-ն, լինելով զինծառայող, կազմակերպել է սպանությունը և 1998-ի նոյեմբեր-դեկտեմբերին այդ նպատակով պայմանավորվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ՝ նրանց խոստանալով համապատասխանաբար 10,000 և 15,000 դոլար։

Ս.Ա.-ն սպանությունն իրականացնելու նպատակով Ա.Ն.-ից ձեռք է բերել «Մակարով» տեսակի ատրճանակի ինքնաշեն փող և խլացուցիչ, որոնք տեղադրել է իր ապօրինի պահվող «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակի վրա։ Ատրճանակը փորձարկել է քաղաքից դուրս՝ ստուգելով ձայնի խլացման աստիճանը։ Խլացուցիչի արդյունավետությունը բավարար չլինելու պատճառով, Ա.Ն.-ի օգնությամբ քանդել և նորից ինքնաշեն եղանակով հավաքել է փամփուշտները՝ նվազեցնելու վառոդային լիցքը։

1998-ի դեկտեմբերի 7-ին Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն, իսկ դեկտեմբերի 8-ին Ս.Ա.-ն եկել են Երևան՝ իրենց հետ բերելով հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ Ս.Ա.-ն հանցակիցներին ցույց է տվել շենքը, որտեղ բնակվել է Վահրամ Խորխոռունին։

Դեկտեմբերի 9-ի երեկոյան նրանք հանդիպել են Հանրապետության հրապարակում և Հ.Ն.-ի վարած մեքենայով գնացել Խորխոռունու բնակության վայր, որտեղ դարանակալել են։ Ըստ նախնական դերաբաշխման՝ Հ.Ն.-ն մնացել է մեքենայում, իսկ Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն՝ շենքի մուտքի մոտ։
Դեկտեմբերի 10-ի՝ ժամը 00։30-ի սահմաններում, երբ Խորխոռունին մտել է շենքի մուտք, Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն, փոխլրացնելով միմյանց, արձակել են հինգ կրակոց։ Երեքը՝ դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջանում։ Վահրամ Խորխոռունին մահացել է տեղում։ Ս.Ա.-ն, Ա.Ա.-ն և Հ.Ն.-ն փախել են դեպքի վայրից։

Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (շահադիտական դրդումներով կատարված սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Վերջինս ձերբակալվել է:

ՔԿ-ն տեղեկացնում է, որ կշարունակի տեղեկացնել նախաքննության ընթացքի և արդյունքների մասին։ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրվում են նաև նախկինում հանրային հնչեղություն ստացած այլ սպանության գործերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում