Գլխավոր Լրահոս

Պետդեպն ուշադրության կենտրոնում է պահում միջանցքի հարցը. խոսնակ

Պետդեպն ուշադրության կենտրոնում է պահում միջանցքի հարցը. խոսնակ

Վաշինգտոնը շարունակում է հետևել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ զարգացումներին՝ աջակցելով խաղաղության և կայունության ապահովմանը Հարավային Կովկասում. հուլիսի 17-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը։ 

Ադրբեջանցի լրագրողը հարց է ուղղել, թե արդյոք Միացյալ Նահանգները պաշտպանում է, նրա ձևակերպմամբ, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որը տարածաշրջանում համարվում է տնտեսական, տրանսպորտային և քաղաքական փոփոխությունների խթան:

Պատասխանելով հարցին՝ Բրյուսը շեշտել է, որ թեման մեծ կարևորություն ունի և գտնվում է ԱՄՆ նախագահի թիմի ուշադրության կենտրոնում:

«Սա այն հարցերից է, որը պետք է ճշտել Սպիտակ տան և նախագահի թիմի հետ։ Բայց այն, ինչ այժմ կարող եմ ասել՝ Միացյալ Նահանգներն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում։ Մենք հետևում ենք իրադարձություններին և տեղյակ ենք միջանցքի շուրջ ընթացող զարգացումներից։ Դա մի հարց է, որին մենք ուշադրություն ենք դարձնում», - նշել է Բրյուսը:

Նա հավելել է, որ պատրաստ են լրացուցիչ պարզաբանումներ տրամադրել առաջիկայում, երբ համապատասխան հաստատում ստանան Վաշինգտոնից։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, վերջերս հայտարարել էր, որ տեսականորեն հնարավոր է համարում Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհն ամերիկյան կառավարմանը հանձնելը։

Խոսքը, ինչպես նշել է նա, «հակամարտության առարկա դարձած 32 կիլոմետրի մասին է»։ Բարաքը տեսական սցենար է նկարագրել, ըստ որի՝ ԱՄՆ-ն կարող էր «վերահսկողության տակ վերցնել իրավիճակը»՝ 100 տարով վարձակալելով այդ տարածքը, որպեսզի, նրա արտահայտությամբ, «բոլորը կարողանան օգտագործել այն»:

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, մեկնաբանելով Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, շեշտել է, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը:

Հուլիսի 10-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը չէր հերքել, որ ապաշրջափակման վերաբերյալ տարբեր առաջարկներ՝ ներառյալ ամերիկյան կողմից, արդեն ներկայացվել են։ Փոխնախարարը նշել էր, որ սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում