Գլխավոր Լրահոս

Ալիևը խոսել է խաղաղության պայմանագրի ստորագրմանը «շատ մոտ լինելու» և «Զանգեզուրի միջանցքը» չբացելու ռիսկերի մասին

Ալիևը խոսել է խաղաղության պայմանագրի ստորագրմանը «շատ մոտ լինելու» և «Զանգեզուրի միջանցքը» չբացելու ռիսկերի մասին

Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, սակայն նախաստորագրումը դեռևս ստորագրում չի նշանակում․ հուլիսի 19-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիրը՝ ելույթ ունենալով օկուպացված Շուշիում ընթացող մեդիաֆորումին։ Նա կրկնել է Բաքվի նախապայմանները՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի լուծարում։

«Այո, տեքստը կարող է նախապես նախաստորագրվել, և ադրբեջանական կողմը հանդես է եկել այդպիսի առաջարկով Աբու Դաբիում։ Բայց, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրում դեռևս չի նշանակում դրա ստորագրում։ Մի բան է համաձայնության բանավոր արտահայտում, մեկ ուրիշ բան՝ յուրաքանչյուր էջի նախաստորագրում։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - ասել է Ալիևը։

Խոսելով կոմունիկացիաների ապաշրջափակման և Սյունիքով անցնող ճանապարհի մասին՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ Հայաստանը ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ չի կատարել։

«Ցավոք, հայկական կողմից ոչ մի աշխատանք վերջին 5 տարում չի արվել։ Այդ հարցը միտումնավոր հանվում է օրակարգից։ Այդ դեպքում Հայաստանի շանսերը՝ երբևէ դառնալ տարանցիկ երկիր, մոտենում են զրոյի։ Եթե նրանք շարունակեն արգելակել այդ գործընթացը, կարծում եմ, կհայտնվեն ոչ միայն տրանսպորտային մեկուսացման մեջ, որում այսօր են գտնվում, այլև որոշակիորեն նաև կլինեն քաղաքականապես մեկուսացված», - նշել է Ալիևը։

Ելույթի ընթացքում նա նաև արձանագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ մասնակցությունը հարավկովկասյան գործընթացներին։

«Կարծում եմ՝ ապագայում մենք կլսենք ավելի շատ լավ լուրեր», - եզրափակել է Ադրբեջանի ղեկավարը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ դա վերագրելով իր վարչակազմի դիվանագիտական ջանքերին։

«Հայաստան և Ադրբեջան։ Մենք իսկական հրաշք գործեցինք այնտեղ, և դա արդեն գրեթե կայացած է, եթե չասենք արդեն ստորագրված է»,– ուրբաթ երեկոյան հանրապետական սենատորների հետ ընթրիքի ժամանակ ասել է Թրամփը։

Թրամփն իր ավելի քան երկու ժամ տևած ելույթում Հայաստան-Ադրբեջան թեմային անդրադարձել է շատ կարճ։ Նա խոսել է ներքին և միջազգային մի շարք հարցերի մասին։

ԱՄՆ նախագահի այս հայտարարությանը նախորդել էր օրեր առաջ ԱՄՆ- առաջարկը՝ վարձակալելու 32 կիլոմետրանոց ճանապարհ Հայաստանի Սյունիքի մարզով, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ որպես տարանցիկ կապուղի և կլինի ամերիկյան մասնավոր ընկերության վարձակալության ներքո։

Առաջարկի համաձայն՝ ճանապարհի կառավարումը 100 տարով իրականացնելու է ԱՄՆ-ում գրանցված առևտրային ընկերություն՝ չեզոք վերահսկողությամբ։ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հաստատել էր այդ առաջարկը նախորդ շաբաթ՝ նշելով, որ նպատակը կողմերի համատեղ օգտագործումն ապահովելն է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հուլիսի 16-ի ասուլիսին չէր հերքել Վաշինգտոնից նման առաջարկների առկայությունը, բայց ընդգծել էր, որ ճանապարհի նկատմամբ պետք է լինի Հայաստանի իրավազորությունը։

Կարդացեք նաև՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը «շատ մոտ է», ասել է Թրամփը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում