Գլխավոր Լրահոս

ՀՀ-ն երբեւէ որեւէ մեկի հետ չի քննարկել և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը. խոսնակ

ՀՀ-ն երբեւէ որեւէ մեկի հետ չի քննարկել և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը. խոսնակ

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ «միջանցքի» հետ կապված։

-Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հայտարարությունը։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում։

-Հայաստանի Հանրապետությունը երբեւէ որեւէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը։ Հայաստանի Հանրապետությունը թե Ադրբեջանի, թե միջազգային մյուս գործընկերների հետ քննարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հայաստանի Հանրապետությունը նաև ակնկալում է Ադրբեջանի Հանրապետության տարածքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ևՀՀ մնացած մասի միջեւ, ինչպես նաև երրորդ երկրներից և դեպի երրորդ երկրներ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում։ Իր հերթին Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքով ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, ինչպես նաև Ադրբեջանից դեպի երրորդ երկրներ և երրորդ երկրներից տրանսպորտային հաղորդակցությունը։ Այս ամենը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգման և փոխադարձության սկզբունքով։ Ս/թ հուլիսի 10-ին Աբու Դաբիում ևդրանից առաջ կամ դրանից հետո որեւէ այլ տարբերակ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու։ Ադրբեջանի նախագահի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից։ Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել և հակասում է մինչևայս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն և տառին։ Ինչպես վարչապետ Փաշինյանը նշել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում, Հայաստանի տարածք մուտք գործող, այդ թվում՝ տարանցիկ բեռները և քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր մաքսային և սահմանային հսկողություն՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներով։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե ով մուտք գործեց իր տարածք, մուտք գործելուց հետո արդյո՞ք դուրս եկավ, թե ոչ։ 

Քաղաքացիների և նրանց ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը չի կարող չստուգվել, իսկ անհամապատասխանության դեպքում նրանց մուտքը ՀՀ տարածք չի կարող թույլատրվել։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե տարանցիկ նպատակով իր տարածք մուտք գործած բեռը կամ իրը դուրս եկա՞վ ՀՀ տարածքից, թե ոչ, հակառակ դեպքում կարող է մաքսանենգության  և արգելված ապրանքների շրջանառության  անվերահսկելի աղբյուր բացվել։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվության, թե իր տարածքով ի՞նչ բեռներ են անցնում, որովհետեւ, օրինակ, եթե քիմիական նյութերով բեռնված վագոն կամ բեռնատար վթարվի, դրա հետեւանքները կրելու է մեր երկիրը և այդ հետեւանքների վերացմամբ զբաղվելու են ՀՀ համապատասխան ծառայությունները։ Հայաստանի Հանրապետության տարածքը հատելիս մեր երկրի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որեւէ տարբերակ չկա։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ունեն միջազգային մի շարք պարտավորություններ, օրինակ, սեփական տարածքում միջազգային հանցավորության տարբեր դրսևորումները կանխարգելելու և հակազդելու վերաբերյալ, իսկ նման պարտավորությունները պետություններն իրացնում են ի թիվս այլնի, իրենց մաքսային ու սահմանային ծառայությունների միջոցով։ Հետևաբար, Հայաստանի համար նաև այս առումով հասկանալի չէ Ադրբեջանի հայտարարությունը։ Այլ բան, և դրա մասին վարչապետ Փաշինյանը հայտարարել է հուլիսի 16-ի իր ասուլիսում․ այդ հանդիպումները Հայաստանի Հանրապետության սահմանային ևմաքսային կետերում կարող են տեղի ունենալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, երբեմն առանց կոնտակտի, կենսաչափական անձնագրերով ու բեռների առցանց հայտարարագրմամբ ու սքանավորմամբ։ Հիմա սա ընդունված ձեւաչափ է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ամեն դեպքում, ՀՀ տարածքով անցնող վագոնները պետք է նաև կապարակնքվեն, դրանցից մաքսանենգ ապրանքների արտանետումը բացառելու համար։ Նաև տարանցման համար գոյություն ունեն միջազգայնորեն ընդունված վճարներ։ Երկաթուղու դեպքում դրանք այլ են, խողովակաշարերի դեպքում՝ այլ, ավտոճանապարհներին՝ բեռնատար մեքենաների համար՝ այլ, մարդատար մեքենաների համար՝ այլ, և երբեմն երկրները փոխադարձության սկզբունքով համաձայնության են գալիս տարիֆների մասին։ Բոլոր դեպքերում համապատասխան համաձայնեցված վճարներ պետք է վճարվեն, և ՀՀ պետական բյուջեն պետք է եկամուտներ ստանա տրանսպորտային հաղորդակցությունների վերագործարկումից։

Ինչ վերաբերվում է անվտանգությանը, Հայաստանի Հանրապետությունն ինքն է ապահովում իր տարածքով անցնող ճանապարհների, բեռների, տրանսպորտային միջոցների և ուղեւորների անվտանգությունը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծով նախատեսված հաղորդուղիների համար անվտանգության լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսվել, ներառյալ ՀՀ ԱԱԾ կազմում այդ նպատակով հատուկ ստորաբաժանման ստեղծումը։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ապահովել տարանցման անվտանգությունը՝ թե բեռների, թե տրանսպորտային միջոցների, թե խողովակաշարերի, թե մալուխների և թե, իհարկե, ուղևորների համար։ Ինչ վերաբերում է երկու երկրներում տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման համար անհրաժեշտ ներդրումներին, ամեն երկիր ինքն է որոշում իրեն հարմար ներդրումային սխեմաները։ Վարչապետ Փաշինյանը հուլիսի 16-ի ասուլիսում հստակ ասել է, որ ՀՀ տարածքում ներդրումային որեւէ սխեմա չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից ևիրավազորությունից անդին։

-Խոսելով ադրբեջանական կողմում՝ մինչև Հայաստանի և Իրանի սահման, երկաթուղու կառուցման մասին՝ Իլհամ Ալիևը նշել է, որ իրենք գրեթե ավարտում են երկաթուղու շինարարությունը, և, հավանաբար, մեկ տարուց էլ պակաս ժամանակում, գուցե նույնիսկ հաջորդ տարվա գարնանը, երկաթուղու ադրբեջանական հատվածը կառուցված կլինի։ Նա նշել է, թե վերջին հինգ տարիներին հայկական կողմից որևէ աշխատանք չի տարվել, այդ հարցը իբր դիտավորյալ հանվում է օրակարգից։ Ալիևի խոսքով՝ այս դեպքում «Հայաստանի՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները գրեթե զրոյի են հավասար և եթե Հայաստանը շարունակի խոչընդոտել գործընթացը, կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև՝ քաղաքական մեկուսացման մեջ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական կողմի նման պնդումները։

-Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդուղիները ապաշրջափակելու վերը շարադրված առաջարկները Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ադրբեջանին արել է շարունակաբար։ Ավելին, նախորդ տարի նոր առաջարկ է արվել Ադրբեջանին, ըստ որի՝ Հայաստանի լոկոմոտիվները հայաստանցի մեքենավարներով և վերը նշված սկզբունքների իրագործմամբ կարող են ապահովել երկաթուղային բեռնափոխադրումները Ադրբեջանի Արեւմտյան շրջանների և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության, ինչպես նաևՍյունիքի մարզի և Հայաստանի Հանրապետության մյուս հատվածների միջեւ։ Այս առաջարկի մասին վարչապետ Փաշինյանը հրապարակային խոսել է «Երեւանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում։ Ադրբեջանը, սակայն, այդ առաջարկները կամ լռության է մատնում կամ մերժում է։ Լիազորված եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կողմից վերը շարադրված բոլոր լուծումները իրագործելու պատրաստակամությունը։ Ինչ վերաբերում է երկաթուղու շինարարությանը, Ադրբեջանում կառուցվող երկաթուղին ունի նաև ներքին նշանակություն (Բաքուն ևԱդրբեջանի Արեւմտյան շրջաններ կապում է իրար)։ Հայաստանի Հանրապետությունը Սյունիքի մարզում 42 կմ երկարությամբ երկաթուղի կառուցելու շարժառիթ կունենա միայն Ադրբեջանի հետ համաձայնության պարագայում, քանի որ այդ երկաթուղին առանց Ադրբեջանի հետ համաձայնության չի կարող օգտագործվել նույնիսկ Հայաստանի ներքին բեռնափոխադրումների համար։ Այնպես որ, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը օրակարգից հանելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը հիմնավոր չէ։ Ադրբեջանի հետ համաձայնությունների ձեռքբերումից անմիջապես հետո նշված երկաթուղու շինարարությունը կմեկնարկի, իսկ նախապատրաստական աշխատանքներ արդեն տարվում են, օրինակ՝ Նռնաձոր գյուղի համար նոր ճանապարհի կառուցումը, որի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունը այժմ տեղի է ունենում նախկին երկաթուղու շերտով։ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է հարեւանների հետ բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, և դրա ապացույցը ՀՀ կառավարության ստեղծած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, որը Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները ներկայացնում են գրեթե ամենուր։

-Ադրբեջանի նախագահը խոսել է նաև խաղաղության համաձայնագրի մասին՝ նշելով, որ Երևանն ու Բաքուն ավելի քան մոտ են դրա ստորագրմանը։ Միևնույն ժամանակ, նա համաձայնագրի նախաստորագրման կոնտեքստում շարունակել է որպես նախապայման ներկայացնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն ու Մինսկի խմբի լուծարումը։ Արդյոք հայկական կողմի համար ընդունելի՞ տարբերակ է այս փուլում համաձայնագրի նախաստորագրումը։

-Հայաստանի Հանրապետության վարչապետը նույնպես հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի մեխանիզմների լուծարմանը և Խաղաղության համաձայնագրի հնարավոր նախաստորագրմանը, Հայաստանի Հանրապետության համար դա հասկանալի օրակարգ է, ևհիմա ակտիվ քննարկումներ են գնում, թե ինչ պայմաններում դա կարող է տեղի ունենալ։ Ինչ վերաբերվում է Սահմանադրության հետ կապված հարցին, ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ եթե Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ Սահմանադրական դատարանը այն Սահմանադրությանը հակասող ճանաչի, վարչապետն ինքը ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի։ Մինչ այդ դրա պատճառ չկա, որովհետև ՀՀ Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի որոշմամբ սահմանել է, որ մեր Սահմանադրության մեջ որեւէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Այս թեմաներին վարչապետ Փաշինյանն ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի ևարդյունքների մասին Զեկույցի քննարկման և«Երեւանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ ունեցած ընդարձակ ելույթներում։

Հայտնի է նաև, որ վարչապետ Փաշինյանը ՀՀ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին քննարկումներ է  մեկնարկել դեռևս 2018-2020 թվականներին ևայժմ այդ հարցն ակտիվ ինստիտուցիոնալ քննարկման փուլում է։ Բայց դա ՀՀ ներքին օրակարգի հարց է ևկապ չունի Ադրբեջանի հետ բանակցությունների հետ։  

-Իսկ արդյոք Խաղաղության համաձայնագրի ստորագրման կամ նախաստորագրման համատեքստում քննարկվում է գերիների ազատ արձակման ևգտնվելու վայրն անհայտ անձանց հարցը։

-Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ այդ հարցերին անդրադարձ կատարվում է բոլոր քննարկումներում, և ընթացիկ բանակցությունները բացառություն չեն։ 

Հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով օկուպացված Շուշիում, մեկնաբանել է կոմունիկացիաների հարցում ամերիկյան առաջարկը՝ նշելով, որ այդ հարցը Հայաստանի իշխանությունը պետք է որոշի։ 

«Ինչ վերաբերում է մեզ՝ մեր տարածքում ո՛չ արտաքին օպերատոր է լինելու, ո՛չ էլ վարձակալություն», - ասել է նա և մանրամասնել, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի մեր ժողովուրդը և բեռները ազատորեն անցնեն»։

Հայկական կողմին մեղադրելով «վերջին 5 տարում ոչ մի աշխատանք չկատարելու մեջ»՝ Ալիևը պնդել է, թե Հայաստանը, գործընթացն արգելակելու դեպքում, կհայտնվի ոչ միայն տրանսպորտային մեկուսացման մեջ, որում այսօր է գտնվում, այլև՝ քաղաքականապես մեկուսացված»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրերս հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ դա վերագրելով իր վարչակազմի դիվանագիտական ջանքերին։

«Հայաստան և Ադրբեջան։ Մենք իսկական հրաշք գործեցինք այնտեղ, և դա արդեն գրեթե կայացած է, եթե չասենք արդեն ստորագրված է»,– ուրբաթ երեկոյան հանրապետական սենատորների հետ ընթրիքի ժամանակ ասել է Թրամփը։

Թրամփն իր ավելի քան երկու ժամ տևած ելույթում Հայաստան-Ադրբեջան թեմային անդրադարձել է շատ կարճ։ Նա խոսել է ներքին և միջազգային մի շարք հարցերի մասին։

ԱՄՆ նախագահի այս հայտարարությանը նախորդել էր օրեր առաջ ԱՄՆ- առաջարկը՝ վարձակալելու 32 կիլոմետրանոց ճանապարհ Հայաստանի Սյունիքի մարզով, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ որպես տարանցիկ կապուղի և կլինի ամերիկյան մասնավոր ընկերության վարձակալության ներքո։

Առաջարկի համաձայն՝ ճանապարհի կառավարումը 100 տարով իրականացնելու է ԱՄՆ-ում գրանցված առևտրային ընկերություն՝ չեզոք վերահսկողությամբ։ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հաստատել էր այդ առաջարկը նախորդ շաբաթ՝ նշելով, որ նպատակը կողմերի համատեղ օգտագործումն ապահովելն է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հուլիսի 16-ի ասուլիսին չէր հերքել Վաշինգտոնից նման առաջարկների առկայությունը, բայց ընդգծել էր, որ ճանապարհի նկատմամբ պետք է լինի Հայաստանի իրավազորությունը։

Կարդացեք նաև՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը «շատ մոտ է», ասել է Թրամփը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում