Ջանդի (Ալեքսանդրա) Քուենինգ, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը X-ի իր էջում կարճ տեսանյութ է տարածել, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գովեստի խոսքեր է հղում իրեն։ Տեսանյութը լայնորեն լուսաբանվել է Ադրբեջանի իշխանամետ մեդիայի կողմից։
Ելույթում Ալիևը պարզաբանել է, որ երբեք չի կանխատեսել Թրամփի հաղթանակը, սակայն նշել է, որ Ադրբեջանը կցանկանար տեսնել Թրամփին որպես նախագահ, քանի որ «պարոն Թրամփը, ինչպես նաև Ադրբեջանի ժողովուրդը, կիսում են հիմնարար արժեքներ, այդ թվում՝ ընտանեկան արժեքներ»։
Ալիևը նաև պնդել է, որ Թրամփը ԱՄՆ միակ նախագահն էր, որը պատերազմ չի սկսել՝ շեշտելով, որ նա ձգտել է դադարեցնել պատերազմները։
«Մենք շնորհակալ ենք նրան անձամբ՝ իր անձնական ձգտման համար օգնել Հայաստանին և Ադրբեջանին վերջապես հասնելու համաձայնության՝ չնայած նրան, որ նա զբաղված է գլոբալ անվտանգության այլ խնդիրներով»,- ասել է Ալիևը։
Տեսանյութն ավարտվում է Ալիևի՝ Թրամփին ուղղված հաջողություն մաղթանքով իր ծրագրերի իրագործման մեջ, «հատկապես ճահիճը չորացնելու գործում»։
Այսօր էլ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ տեսանյութը տարածելու համար, և կրկին ընդգծել է Ադրբեջանի աջակցությունը Թրամփի՝ «խաղաղության և կայունության ամրապնդման տեսլականին ու ջանքերին՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հարավային Կովկասում»։
Հուլիսի 19-ին, Թրամփը Հանրապետական սենատորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «հրաշք է գործել» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում՝ հավելելով, թե խաղաղության համաձայնագիրը «գրեթե ավարտված է»։ Այդ հայտարարության պահին, սակայն, Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները դեռևս հրապարակային անհամաձայնություններ ունեին տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման տարբերակների շուրջ։
Թրամփը այլ մանրամասներ չէր հայտնել իր հայտարարության մասին, իսկ Հայաստանը և Ադրբեջանը որևէ մեկնաբանություն չէին արել։
Այս տարվա սկզբին Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները դիվանագիտական մի շարք քայլեր էին ձեռնարկել Ադրբեջանի ուղղությամբ, այդ թվում՝ Թրամփի հատուկ բագանգաց Սթիվ Ուիթքոֆի մարտին Բաքու կատարած այցը և ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայք Ուոլցի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև կայացած հեռախոսազրույցը։
Քննարկումները, ըստ ամենայնի, կենտրոնացած էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման հարցին։ Ուոլցը նշել էր, որ ԱՄՆ-ն գոհ է, որ երկու երկրները «մեծ առաջընթաց են գրանցել և համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ»։
Civilnet











