Գլխավոր Լրահոս

Կարապետյանը հայտնում է ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանում հաղթանակի մասին, կառավարությունը հակադարձում է (լրացված)

Կարապետյանը հայտնում է ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանում հաղթանակի մասին, կառավարությունը հակադարձում է (լրացված)

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում։ Այս մասին հայտնում է «Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ»‎ ֆեյսբուքյան էջը։

Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995-ի հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։

2025-ի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։

Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

Այս հայտարարությունից հետո Հայաստանի կառավարությունը այս վճռի վերաբերյալ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,

-միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,

-հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,

-ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»:

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում Սամվել Կարապետյանի հաղթանակը ենթադրում է, որ դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝

• բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները

• փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը

• հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները

• և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը

***
Հայաստանի կառավարության և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։

Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:

Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով։ Նրան մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար:

Ազգային ժողովը հուլիսի 3-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որն հանրության շրջանում հայտնի է որպես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) պետականացմանը միտված նախագիծ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում