Գլխավոր Լրահոս

Երևանի տրանսպորտում ուղեվարձը չվճարելու համար կսկսեն տուգանել

Երևանի տրանսպորտում ուղեվարձը չվճարելու համար կսկսեն տուգանել

Երևանի քաղաքապետարանն այս շաբաթ կսկսի վերապատրաստումներ, որից հետո կանցնի հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարած անձանց տուգանելու գործընթացին։ Այս մասին հայտարարվեց քաղաքապետարանի հուլիսի 28-ի գործակարգավարական նիստում։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ վերահսկողությունն իրականացնելու է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը։

«Ծրագրային աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավարտված են։ Մեր գործընկերների հետ դասընթացներ կանցկացվեն՝ պարզաբանելու, թե ինչպես պետք է իրականացնել ստուգումը»,- ասաց Գրիգորյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ պատասխանատուներն այս շաբաթ կսկսեն վերապատրաստումը, ինչից հետո փաստացի կմեկնարկի նաև ուղեվարձը չվճարած քաղաքացիներին տուգանելու գործընթացը։

Հուլիսի 3-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ներհամայնքային տրանսպորտից օգտվելու կանոնները խախտելու համար տուգանքներ սահմանող օրենսդրական փաթեթը։

Օրենքը սահմանում է տուգանքների երեք հիմնական չափ, դրանք են․

  • 10,000 դրամ՝ ուղեվարձը չվճարելու կամ տոմսը չվավերացնելու համար։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ ուղևորը փորձում է երթևեկել առանց վճարման։
  • 15,000 դրամ՝ ուրիշի անձի համար նախատեսված արտոնյալ տոմսից (օրինակ՝ թոշակառուի կամ ուսանողի) օգտվելու համար։ Սա ամենաբարձր տուգանքն է այս շարքում։
  • 3,000 դրամ՝ տոմս ունենալու, սակայն այն վալիդատորով չվավերացնելու համար։ Այսինքն՝ այս տուգանքը նախատեսված է ոչ թե չվճարելու, այլ տրանսպորտային միջոց մտնելուց հետո ուղևորությունը չգրանցելու համար։

Տուգանք՝ տեղում և առանց լսումների

Ըստ նախագծի՝ ուղևորները պարտավոր են լինելու տրանսպորտային միջոցը նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել տեղական վճարի վճարման կրիչը, մինչև ուղևորության ավարտը այն պահպանել ու տալ հսկող անձին, եթե նա պահանջում է:

Կարևոր է նշել, որ օրենքը նաև փոխում է տուգանքի նշանակման կարգը։ Ըստ ընդունված փոփոխության՝ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կկայացվի հենց խախտումը հայտնաբերելու պահին՝ առանց լրացուցիչ լսումներ հրավիրելու։ Սա նշանակում է, որ համայնքի կողմից լիազորված հսկիչները կկարողանան տեղում տուգանել կանոնները խախտած ուղևորներին։

Հսկողության նպատակով համայնքային մարմինը կարող է նաև օգտագործել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանել, լուսանկարահանել, ձայնագրել, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու համար:

Բացի այդ, կա մեկ այլ դրույթ, որ լիազոր մարմինը կամ անձինք իրավունք կունենան նույնականացնելու անձանց։ Եթե անձը կասկածվում է, որ չի մուծել ու չի պատրաստվում նույնականացվել, կարող է նաև վարչական ձերբակալության ենթարկվել։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում