Ալյոնա Հայրապետյան
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում շարունակել են գործել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոնը և «Ծիլ» տիկնիկային ստուդիան: Նշվածներից միայն տիկնիկային ստուդիան է ակտիվ գործում մինչ այսօր:
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Արցախում թատերական արվեստի սկիզբը դրվել է 19-րդ դարի երկրորդ կեսին: Բեմադրությունները հիմնականում Շուշիում են կազմակերպվել, իսկ ներկայացումներում խաղացել են տեղի թատերասերները: Ավելի ուշ՝ 1932 թվականին, ստեղծվել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Թատրոնի բացումը տեղի է ունեցել Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» պիեսի բեմադրությամբ: 1988-94 թվականներին թատրոնի դերասանները, թատերական գործիչները ելույթներ էին ունենում հանրահավաքներում, մարտական դիրքերում, զորանոցներում: Այս ժամանակահատվածում բեմադրվել են Վարդան Հակոբյանի «Արցախյան բալլադ» պիեսը և Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» դիցապատմական ողբերգությունը: Իսկ մինչև 2000-ականները՝ 1980-90-ական թվականներին, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում և Լիբանանում:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո թատրոնն Արցախում աստիճանաբար վերականգնվեց: Մինչև 2023 թվականի պատերազմը տեղի են ունեցել մի շարք բեմադրությունների առաջնախաղեր (1, 2, 3, 4):
Թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանի խոսքով՝ թատրոնը մինչև 2020 թվականի պատերազմն ունեցել է երեք ֆինանսական աղբյուր՝ պետական միջոցներից աշխատավարձի ֆոնդ, պետական միջոցներից նոր ներկայացումների համար ֆինանսավորում և բարեգործական, հովանավորչական միջոցներ:
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոն
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնն ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո՝ 2022 թվականին՝ մինչ այդ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում գործող «Թափառող շունը» արվեստի ստուդիայի հիման վրա: «Թափառող շունը» արվեստի ստուդիայի հիմնադիր Ժաննա Կրիկորովան Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Հիմնադիրն է Ալեքսանդր Բորդովը: Թատրոնը սկզբնական շրջանում աշխատել է հիմնադրի անձնական ջանքերով, որից հետո այն սկսել է աջակցություն ստանալ ռուսաստանյան «Դիալոգ» կազմակերպությունից: Թատրոնի համար նախատեսված շենքը՝ Ստեփանակերտի կենտրոնում, պետք է վերակառուցվեր, սակայն 2023 թվականի էթնիկ զտման պատճառով նախագիծը չի իրականացվել:
Ռուսական թատրոնն Արցախում, միայն շրջափակման ընթացքում, բեմադրել է երեք ներկայացում՝ Նատալյա Պտուշկինայի «Մինչ նա մահանում էր», Եվգենի Շվարցի «Վիշապը» և Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների հիման վրա՝ «Լի ձայնով» ներկայացումները։
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոն
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոնը ստեղծվել է 2008 թվականին: Մինչև 2020 թվականն այն տեղակայված էր Շուշիի մշակույթի տանը։ Թատրոնը ստանում էր պետական աջակցություն և աշխատում էր պետական ֆինանսավորման շնորհիվ: Մինչև 2020 թվականը ներկայացումներն իրականացվում էին ինչպես Շուշի քաղաքում, այնպես էլ Շուշիից դուրս՝ Ստեփանակերտում, Արցախի գյուղերում, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում: Օրինակ, 2018 թվականին թատրոնը հյուրախաղեր է ունեցել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ 2020 թվականին՝ Քովիդի համավարակի ժամանակ, թատրոնը կազմակերպում էր օնլայն ներկայացումներ:
44-օրյա պատերազմի օրերին թատրոնի անձնակազմը ցրված էր Հայաստանի տարբեր հատվածներում։ Թատրոնի մի քանի դերասաններ Շիրակի մարզում էին։ Վերակազմակերպվելով Գյումրիում և վերափոխելով սովորական տիկնիկները՝ ներկայացումներ են պատրաստվել այնտեղ հանգրվանած արցախցի երեխաների համար: Մինչև 2020 թվականը Շուշիի պետական թատրոնի բոլոր ներկայացումները գրական հայերենով էին։ Արդեն Հայաստանում՝ ժամանակավոր բնակության ընթացքում, բոլոր ներկայացումները վերափոխվեցին Արցախի բարբառի:
44-օրյա պատերազմից հետո Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը դարձավ շրջիկ թատրոն։ Թատրոնը կորցրել էր իր ամբողջ գույքը: Թատերախումբը ցրված էր Արցախով ու Հայաստանով մեկ: Չնայած այս հանգամանքին՝ 2020 թվականի պատերազմից մինչև 2023 թվականի պատերազմը հյուրախաղեր են ունեցել Արցախի տարբեր շրջաններում: Բարեգործությունների շնորհիվ բեմադրվել է մեկ նոր ներկայացում և վերականգնվել նախկին բեմադրություններից 4-ը:
«Ծիլ» տիկնիկային ստուդիա
Մկրտիչ Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոնը ժամանակին ստեղծվել էր Շուշիի դրամատիկական թատրոնի, Շուշիի «Սոս Սարգսյան» մանկապատանեկան և «Երվանդ Մանարյան» տիկնիկային թատրոնների հիման վրա: 2014 թվականին բացվել էր թատրոնի տիկնիկային դահլիճը: 44-օրյա պատերազմից հետո ոչ ամբողջական կազմով շարունակել է գործել տիկնիկային խումբը՝ վերանվանվելով «Ծիլ» տիկնիկային ստուդիայի: Այն գործել է շրջիկ տարբերակով՝ հյուրախաղեր ունենալով Արցախի գյուղերում: Բեմադրությունները շարունակվել են նույնիսկ Արցախի շրջափակման ժամանակ: Հիմնադիր Արմեն Գաբրիելյանի խոսքով՝ նույնիսկ 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի օրերին ներկայացումներ են խաղացել նկուղներում:
Թատրոնի դերը
Արցախում թատրոնը սկսել է ձևավորվել ու կայանալ մի այնպիսի ժամանակահատվածում, երբ կար լեզվի, մշակույթի, ինքնության պահպանման անհրաժեշտություն: 44-օրյա պատերազմից հետո թատրոնը Արցախի բնակչության համար ընտրելու հնարավորությամբ ժամանցի տարբերակ էր: Այն օգնում էր հանդիսատեսին վերականգնվել պատերազմից հետո, նույնիսկ որոշ բեմադրություններում փորձ էր արվում տալ ինքնությանը, կորստին վերաբերող հարցերի պատասխաններ: Ընդհանուր առմամբ, հետպատերազմյան Արցախում այն ևս մեկ խթան էր կյանքը վերսկսելու, Արցախում գործելու և ապրելու, Արցախը ժամանցային տեսանկյունից ավելի գրավիչ դարձնելու համար:
Ընդհանուր առմամբ՝ պարտադիր չէ, որ թատրոնը կոնկրետ խնդիրներ լուծի: Բայց մեր պարագայում հաճախ հենց այդպես էլ ստացվում է: Թատրոնը կարող է պահպանել ու փոխանցել արցախյան ավանդույթների, լեզվի և ինքնության այլ տարրերի առանձնահատկությունները: Բեմադրությունները կարող են հիշեցնել ու վավերագրել Արցախի պատմությունը, դրանք կարող են բարձրաձայնել արցախցիների ներկայիս խնդիրները՝ նույնիսկ միջազգային լսարանի համար: Ի վերջո, թատրոնը կարող է ներկայացնել ներկայիս արցախցու կերպարը՝ օգնելով ինչպես ճանաչել, այնպես էլ՝ պահպանել նրա ինքնությունը:
Արցախի թատրոնը՝ Արցախից դուրս
2023 թվականի բռնի տեղահանությունից հետո Արցախի թատերախմբերն ունեցել են տարածքի, աշխատատեղի, ֆինանսավորման խնդիրներ: ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, հետաքրքրություն չի ցուցաբերել արցախյան թատերախմբերի գործնեության շարունակականությունն ապահովելու համար:
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմը փորձեց ինքնուրույն կազմակերպել հետագա աշխատանքները, բայց դա անելն անհնար էր, քանի որ բացակայում էին անգամ նվազագույն պայմանները՝ տարածք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ: Տարիներ շարունակ պետական միջոցներով աշխատելու փորձով այն դժվար թե ի զորու լիներ ինքնուրույն լուծել իր, նախ և առաջ, ֆինանսական խնդիրները: Այլ խնդիրներ էլ կան՝ թատրոնի անձնակազմի մի մասը ցրվել է երկրով մեկ, մի մասն էլ երկրից դուրս է:
Երևանում 2023 թվականից հետո Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը սոսկ երկու անգամ խաղացել է «Անմահների դիրքը» ներկայացումը: Դրան հետևել են դեռևս շրջափակման ընթացքում պլանավորված հյուրախաղեր ԱՄՆ-ում ու Լիբանանում: Սակայն դրանով թատրոնի գործունեությունն ավարտվել է: Արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում արցախյան թատրոնը որևէ ներկայացմամբ բեմ չի բարձրացել:
Ի տարբերություն Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը մինչև վերջերս ակտիվ գործում էր: 2023 թվականին տեղահանվելուց հետո այն գործել է ինչպես «ԴԻԱԼՈԳ», այնպես էլ «Հայկական ժառանգություն» կազմակերպության աջակցությամբ: Երևանում առաջինը խաղացել են «Լի ձայնով» ներկայացումը: Այնուհետև իրականացվել են Իվան Վիրիպաևի «Իրանական կոնֆերանսը», Ջոն Փրիստլիի «Վտանգավոր շրջադարձը» և այլ ներկայացումներ: 2024 թ․ հունվարից սկսած «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության ու Հայ-ռուսական մշակութային ասոցիացիայի համագործակցության համաձայնագրի շրջանակում «ԴԻԱԼՈԳ»-ը լիարժեք հոգ է տարել թատրոնի կարիքների մասին: Սակայն Ստեփանակերտի ռուսական թատրոնն այս պահին իր հետագա գործունեության համար այլևս չունի բավարար ֆինանսավորում:
2023 թվականին Արցախի ողջ բնակչության բռնատեղահանումից հետո Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան դրամատիկական շրջիկ թատրոնի համար սկսվել է ամենածանր շրջանը: Անձնակազմի մի մասը գտնվում է Հայաստանի տարբեր մարզերում ու համայնքներում, մյուս մասը՝ Հայաստանից դուրս: Այդուհանդերձ, թատրոնը շարունակում է իր գործունեությունը, ճիշտ է՝ մեծ դժվարությամբ և առիթից առիթ։ Թատերախմբի անդամ Աշխեն Հարությունյանի խոսքով՝ դերասաններն ուզում են խաղալ, պատրաստ են նույնիսկ անվճար դա անել, բայց բարդ է հավաքվելը, կազմակերպվելը մի տեղում: Հիմա հյուրախաղեր կազմակերպում են հազվադեպ: Թատրոնը միացել է «Արցախի մշակութային ժառանգության պահպանման» ՀԿ-ին։ Աշխեն Հարությունյանի խոսքով՝ դիմել են փոքր դրամաշնորհների, սակայն հաճախ նախապատվությունը տրվում է կենցաղային հարցեր լուծող ծրագրերին, իսկ մշակութային ծրագրերը կամ չեն ֆինանսավորվում, կամ ֆինանսավորվում են փոքր գումարներով:
Ինչ վերաբերում է «Ծիլ» տիկնիկային ստուդիային, այն տեղահանումից հետո շարունակել է գործունեությունը Հայաստանում: Քանի որ ստուդիան աշխատում է բացառապես բարեգործական հիմունքներով՝ այն նույնպես, ի սկզբանե, ունեցել է ֆինանսական խնդիրներ: Ներկայումս աշխատում է «Լորիկ» մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ: Բեմադրություններն իրականացվում են արցախյան ենթաբարբառներով՝ միաժամանակ ունենալով շրջիկ ներկայացումներ Հայաստանի գյուղերում: Ներկայացումներից բացի ստուդիան իրականացնում է հեքիաթաթերապիա, տիկնիկաթերապիա, ասեղնագործություն, և այլն:
Լինե՞լ, թե՞ չլինել
Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնը տարիներ շարունակ եղել է արցախցիների մշակութային կյանքի կարևոր մասը: Մայր թատրոնն օգնել է պահպանել լեզուն, երբ կար դրա անհրաժեշտությունը՝ խորհրդային տարիներին: Այն օգնել է արցախցիներին վերականգնվել ու անցնել բնականոն կյանքի հետպատերազմյան տարիներին: Օգնել է հաղթահարել 9-ամսյա շրջափակումը՝ ապահովելով ժամանց կիսասոված բնակչության համար: Գրեթե 100 տարեկան թատրոնն այսօր կանգնած է լինել-չլինելու հարցի առաջ:
Արցախցիների կարծքիները տարբեր են: Մի մասը կարծում է, որ մայր թատրոնը պետք էր հենց Արցախում: Մյուս մասը պնդում է, որ հիմա էլ այն պետք է շարունակի գոյությունը՝ Արցախի ժառանգության ու մշակույթի պահպանման համար:
Civilnet











