Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն աշխարհաքաղաքական սխեմա է, որը ղեկավարվում է ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից՝ ի վնաս Իրանի ազգային անվտանգության և ռազմավարական կապերի։ Վելայաթիի հայտարարությունը հրապարակել է իրանական Tasnim-ը։
Թեհրանում կայացած միջոցառման ժամանակ, նվիրված Շեյխ Սաֆի Ալ-Դին Արդաբիլու հիշատակին, Վելայաթին ասել է, որ Իրանի թշնամիները՝ մասնավորապես Իսրայելն ու ԱՄՆ-ը, նպատակ ունեն թուլացնել իրանական ինքնության հիմքերը՝ վնաս հասցնելով ազգային անվտանգությանը։
«Այս համատեքստում, «Զանգեզուրի միջանցքի» նման ծրագրերը հետապնդվում են որպես ավելի լայն աշխարհաքաղաքական նախագծերի քողարկում։ Գլխավոր նպատակն է թուլացնել դիմադրության առանցքը, խզել Իրանի կապը Կովկասի հետ և ցամաքային շրջափակում սահմանել Իրանի և Ռուսաստանի վրա տարածաշրջանի հարավում»,- հայտարարել է Վելայաթին։
Նա ընդգծել է, որ Իրանի ազգային անվտանգությունը կարմիր գիծ է, և նշել, որ Իրանն ի սկզբանե հստակ և վճռականորեն դեմ է արտահայտվել նման նախագծերին (խմբ․ նկատի ունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը), այդ թվում՝ զորք տեղակայելով սահմաններին և վարժանքներ անցկացնելով։
Վելայաթին շեշտել է, որ այս նախագիծը ոչ միայն ամերիկյան ռազմավարության մաս է՝ Ուկրաինայից ճնշումը Կովկաս տեղափոխելու նպատակով, այլև աջակցվում է ՆԱՏՕ-ի և որոշ պանթյուրքիստական շարժումների կողմից։
«Այսօր էլ թշնամին ձգտում է ներթափանցել Իրանի աշխարհաքաղաքական խորքը թվացյալ տնտեսական, բայց իրականում անջատողական նախագծերի քողի տակ»,- ասել է Վելայաթին։
***
Ավելի վաղ Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրել է Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սեփական ծրագիրը։
Արձագանքելով ամերիկյան առաջարկի մասին հայտարարություններին Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտնել է, որ այդպիսի մի քանի առաջարկ ստացվել են տարբեր երկրներից, որոնք քննարկման առարկա են։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է․ «Մենք բոլոր առաջարկները քննարկում ենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հենքի վրա»։
Civilnet











