Գեորգի Միրզաբեկյան
Տևական ժամանակ է՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ամբողջացնելով խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը, հայտարարում են խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։ Իսկ վերջին ժամանակներում շրջանառվում է նաև նախաստորագրման հնարավորությունը, ինչը ենթադրում է ստորագրությամբ ամրագրել ձեռք բերած համաձայնությունը և գնալ դեպի պայմանագրի ստորագրում։
Հայ-ադրբեջանական գործընթացի վերջին զարգացումները ցույց են տալիս, որ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարը (գոնե այս պահին) ոչ այնքան կապված է խաղաղության պայմանագրի կնքման հարցում Ադրբեջանի առաջ քաշած երկու պահանջից՝ Հայաստանի Սահմանադրությունում Անկախության հռչակագրին արվող հղումի չեղարկման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցերից, որքան հաղորդակցային ուղիների ապաշրջափակումից՝ հատկապես Հայաստանով նախատեսված ճանապարհի գործարկման հեռանկարից։
Վերջին հարցը Երևանի ու Բաքվի օրակարգում կրկին ձեռք է բերել առանցքային նշանակություն, չնայած դեռ 2024-ի օգոստոսին կողմերը համաձայնել էին հաղորդակցությունների հարցը տարանջատել (սահմանազատման գործընթացի նմանությամբ) խաղաղության պայմանագրի օրակարգից՝ «խոստանալով» դրան վերադառնալ ավելի ուշ։
Ադրբեջանական կողմը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո էլ ժամանակ առ ժամանակ փորձել է Հայաստանով նախատեսված ճանապարհի հարցն առաջնային դարձնել և միջանցքի ձևով հասնել դրա լուծմանը։ Ի վերջո, նախորդ տարիներին Հայաստանի դեմ ռազմական ագրեսիաները մեծամասամբ պայմանավորված են եղել հենց այդ հարցով։
Ներկայում հարցի հնչեղությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով։
Նախևառաջ, խաղաղության պայմանագրի կնքման հարցում ֆորմալ առումով էական խոչընդոտներ չեն մնացել։ Հայաստանի Մայր օրենքի փոփոխության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ կապված ադրբեջանական ակնկալիքները, որոնցով Բաքուն պաշտոնապես պայմանավորում է խաղաղության պայմանագրի կնքումը, ժամանակի հարց է թվում։ Հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է դրան պայմանագրի ստորագրմանը զուգահեռ, ինչը կսահմանափակի ռազմական ագրեսիայի դիմելու Ադրբեջանի պատրվակները։
Ադրբեջանը, կանխերգելելով նման սցենարը, առաջ է տանում խաղաղության պայմանագրի աշխատանքային տեքստից դուրս մնացած հաղորդակցությունների խնդիրը, որն ըստ էության հայ-ադրբեջանական օրակարգի ամենագլխավոր հարցն է, որն ունի միջազգային լոգիստիկ մեծ նշանակություն։ Ադրբեջանը կարծես սպասում է միջազգային դերակատարների առաջարկներին՝ ակնկալելով հարցի լուծումը սեփական պատերացումների հիման վրա։
Պատահական չէ, որ վերջերս հայկական կողմը հայտարարեց, որ մերժել է Հայաստանի տարածքը վարձակալելու մասին ամերիկյան առաջարկը, ինչից կարելի է ենթադրել, որ այն, ինչ-որ տեղ հակասում էր Երևանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներին։ Այնուամենայնիվ, ամերիկյան առաջարկը, որի առկայությունը հաստատեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ի ասուլիսում, ինքնին հետաքրքիր է և ցույց է տալիս, որ ամերիկյան կողմը, ինչ-որ տեղ օգտվելով հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական ոչ միանշանակ հարաբերություններից, փորձում է կարևոր դեր ստանձնել Կովկասում՝ Հայաստանի հարավում։ ԱՄՆ-ի առաջարկը թերևս մի քանի շերտ ունի, և Վաշինգտոնը, ըստ ամենայնի, կշարունակի իր ակտիվ դերը։
Բացի այդ, Ադրբեջանը, կենտրոնանալով միայն հաղորդակցային ուղու շուրջ քննարկումների վրա, փորձում է միջազգային ճնշումն ավելացնել Հայաստանի շուրջ։ Ներկայում Ադրբեջանը, չմիջամտելով Երևանին արված Վաշինգտոնի առաջարկին, ցույց է տալիս, թե գնդակը Երևանի դաշտում է, և ցանկացած պարագայում հայկական կողմը պետք է պատասխանի ոչ միայն Վաշինգտոնին, այլև իր որոշման համար՝ տարածաշրջանի մյուս կարևոր դերակատարներին, օրինակ՝ Ռուսաստանին ու Իրանին։
Ադրբեջանում տևական ժամանակ է դադարել են հիշատակել 2020-ի եռակողմ հայտարարությունը, որտեղ հիշատակում կա Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհին ռուս սահմանապահների մասին։
Սա ոչ այքան պայմանավորված է Բաքվի և Մոսկվայի միջև վերջին լարվածությամբ, այլ ռուսական ներկայություն տեսնելու Ադրբեջանի դժկամությամբ, ինչը բխում է նաև ԱՄՆ-ի ու Թուրքիայի շահերից։ Սակայն Մոսկվայի՝ ավելի նորարարական ադրբեջանամետ դիրքորոշման պարագայում Բաքուն կարող է վերանայել ռուսական դերակատարության հարցը։ Ի դեպ, ադրբեջանական խոսույթում կա ակնարկ, որ Մոսկվան բավականաչափ քայլեր չի արել Հայաստանի հարավով նախատեսված ճանապարհի բացման գործում։
Ինչ վերաբերում է Հայաստանի գործոնին՝ որքան էլ հաղորդակցային ուղիների հարցը կարևոր լինի Երևանի համար, հաշվի առնելով հարցի բարդությունը՝ առաջնահերթությունը խաղաղության պայմանագրի փաստաթղթի կնքումն է, որն ինքնին հավելյալ անվտանգային միջավայր կստեղծի Հայաստանի համար, ինչպես նաև կմեծացնի խաղաղության օրակարգի հարցում Հայաստանի իշխանությունների արդյունավետությունը։ Այդ է պատճառը, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրման հարցը ավելի շատ քննարկվում է հայկական կողմում։ Դրա մասին քննարկումներն ակտիվ էին նաև մինչև հուլիսի 10-ը՝ Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Կարելի է ենթադրել, որ այդ բանակցություններին գլխավորապես քննարկվել է խաղաղության պայմանագրի նախա/ստորագրման հարցն ու հաղորդակցային թեմաները, որոնց հարցերում կողմերը չեն կարողացել հասնել ընդհանուր հայտարարի։
Այնուամեանայնիվ, Հայաստանի հարավով նախատեսված հաղորդակցային ուղու հարցը դուրս է ադրբեջանական կողմի պատկերացրած՝ Երևան-Բաքու երկկողմ ձևաչափից և ունի շատ ավելի լայն ընդգրկում։ Այն փոխկապակցված է տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող մի շարք դերակատարների դիրքորոշումների հետ։
Թուրքիա
Թուրքական կողմի ոչ պաշտոնական արձագանքները ամերիկյան առաջարկի վերաբերալ դրական էին։ Անկարան ոչ միայն ցանկանում է շուտափույթ տեսնել Հայաստանի հարավով անցնելիք ճանապարհի բացումը, այլև նույնքան հետաքրքրված է, որ այն լինի առանց ռուսական ներկայության։
Թուրքիան Մեղրիի ճանապարհն առաջին հերթին դիտարկում է Չինաստանը Արևմուտքին կապող երթուղու մի հատվածի՝ Միջին միջանցքի բաղկացուցիչ մասը, որը Կենտրոնական Ասիան պետք է Հայաստանով կապի Թուրքիային ու Եվրոպային։ Հետևաբար իր համար կարևոր այդ ճանապարհին ռուսական ներկայության գոյությունը, անցանկալի է։
Հայաստանի հարավով հնարավոր ճանապարհը թուրքական կողմի համար ռազմավարական նպատակ է հետապնդում․ եթե մի պահ պատկերացնենք, որ հաղորդակցային այդ ուղու ենթակառուցվածքները պատրաստ են թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, միևնույն է՝ Նախիջևանը Թուրքիային կապող երկաթուղի գոյություն չունի։ Թուրքական կողմը այս տարի է պատրաստվում զարկ տալ 224 կմ-ոց երկաթուղու շինարարությանը, որը ձգվելով մի քանի տարի՝ Նախիջևանը միացնելով Կարսին։
Իրան
Թեհրանի համար Հայաստանի հարավով նախատեսված ճանապարհի հարցը 2020-ի Արցախյան պատերազմից ի վեր Կովկասում իր ունեցած հետաքրքրությունների ամենազգայուն հարցերից է։ Իրանը մշտապես դեմ է արտահայտվել արտատարածքային որևէ միավորի գոյությանն ու երրորդ ուժերի տեղակայմանը տարածաշրջանում։
Ամերիկյան առաջարկի ֆոնին Իրանի ու Հայաստանի պաշտոնյաների միջև ակտիվ շփումներ տեղի ունեցան։
Պաշտոնական Թեհրանի հայտարարությունները սկզբնական փուլում անհասցե վերահաստատում էին իրանական կողմի դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության վերաբերյալ։ Սական օրերս Թեհրանն ավելի մասնավորեցրեց իր դիրքորոշումը՝ ըստ էության դեմ արտահայտվելով ամերիկյան առաջարկին։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասաց, թե «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն աշխարհաքաղաքական սխեմա է, որը ղեկավարվում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից՝ ի վնաս Իրանի ազգային անվտանգության և ռազմավարական կապերի։
««Զանգեզուրի միջանցքի» նման ծրագրերը հետապնդվում են որպես ավելի լայն աշխարհաքաղաքական նախագծերի քողարկում։ Գլխավոր նպատակն է թուլացնել դիմադրության առանցքը, խզել Իրանի կապը Կովկասի հետ և ցամաքային շրջափակում սահմանել Իրանի և Ռուսաստանի վրա տարածաշրջանի հարավում»,- հայտարարել է Վելայաթին։
Գեորգի Միրզաբեկյան











