Գլխավոր Լրահոս

Վարչապետի ավտոշարասյան վրաերթի գործը՝ եզրափակիչ փուլում

Վարչապետի ավտոշարասյան վրաերթի գործը՝ եզրափակիչ փուլում

Գևորգ Թոսունյան

Հուլիսի 29-ին դատախազ Արմեն Բեգլարյանը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ վարչապետի ավտոշարասյան ղեկավար Արամ Նավասարդյանը պետք է մեղավոր ճանաչվի հղի Սոնա Մնացականյանի վրաերթի գործով: Դատախազը նշեց, որ դատարանում ուսումնասիրված ոչ մի ապացույց չի վկայում Նավասարդյանի անմեղության մասին, ընդհակառակը՝ կան բազմաթիվ ապացույցներ, որոնք հիմնավորում են նրա մեղքը:

Գործի նախապատմությունը

2022-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Երևանում՝ Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին։ Ո՛չ Սոնայի, ո՛չ էլ նրա առաջնեկի կյանքը փրկել չհաջողվեց։ Դեպքը տեղի ունեցավ, երբ Փաշինյանը շտապում էր Ազգային ժողով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպմանը։ Դեպքը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Հատկանշական է, որ երիտասարդ կնոջ վրաերթից հետո ո՛չ վրաերթ կատարած մեքենան, ո՛չ էլ շարասյան մյուս մեքենաները չկանգնեցին և փորձ չարեցին նրան տեղափոխել հիվանդանոց։

Նախաքննության տվյալներով՝ Արամ Նավասարդյանը, կատարելով հատուկ շարասյան ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից, խախտել է երթևեկության կանոնները՝ վարելով մեքենան 108.7 կմ/ժ արագությամբ։ Սա գերազանցում է վարչապետի ավտոշարասյան համար թույլատրելի 100 կմ/ժ արագությունը։ Ավելին, նա միջոցներ չի ձեռնարկել արագությունը նվազեցնելու համար։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նավասարդյանը վրաերթի է ենթարկել կանաչ լույսի տակ «հանգիստ քայլող հետիոտն Սոնա Մնացականյանին»։

2022-ի հոկտեմբերի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ քննվում է դատարանում։

Վարորդը կարող էր կանխել վրաերթը՝ ըստ հանրային մեղադրողի

Հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը

Դատաքննության եզրափակիչ փուլում հանրային մեղադրողն անդրադարձավ պաշտպանության կողմի բարձրացրած երկու հարցերի՝ տեսաձայնագրային փորձաքննության մեկ կադրի բացակայությանը և դրանով պայմանավորված արագության գերազանցման վիճարկմանը։ 

«Այդ մասով դատարան են հրավիրվել փորձագետները, նրանք ամբողջությամբ պնդեցին իրենց կողմից տրված եզրակացության ճշտությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հենց փորձաքննության եզրակացությամբ է, որ արարքը պետք է հիմնավորվի:

Բեգլարյանը մեջբերեց փորձաքննությունների եզրահանգումները, ըստ որոնց՝ Նավասարդյանը, երթևեկելով ավտոշարասյան համար թույլատրելի 100 կմ/ժ արագությունը գերազանցող արագությամբ՝ 108 կմ/ժ, ժամանակին միջոցներ չի ձեռնարկել արգելակելու և վրաերթը կանխելու համար։ Փորձագետի եզրակացության համաձայն՝ վարորդին հետիոտնը տեսանելի է եղել առնվազն 20 մետր հեռավորությունից։

«Սա մեղքի անզգուշությամբ կատարվող հանցագործությունների շարքին է դասվում, անզգուշությունը վարորդի հանցավոր ինքնավստահությունն է, որը ըստ էության մտածել է, որ կարող է կանխել իրավիճակը, բայց տվյալ պարագայում հնարավոր չեղավ»,- եզրափակեց մեղադրողը։

Տուժող կողմի փաստաբանի դիրքորոշումը

Սոնա Մնացականյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Րաֆֆի Ասլանյանը

Սոնա Մնացականյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ պաշտպանական կողմը փորձել է ձգձգել դատական նիստերը։ Նրա խոսքով՝ դատաքննության ամբողջ ընթացքում պաշտպանական կողմը բազմաթիվ միջնորդություններ է կատարել և հարցաքննությունների հրավիրել փորձագետների, սակայն դրանք կրկնում էին փորձաքննության մեջ առկա տվյալները և ժամանակի վատնում էին։

«Պաշտպանության կողմը ողջ դատաքննության ընթացքում վիճարկեց փորձագետների եզրակացությունը՝ միջնորդելով նոր փորձաքննություններ։ Դատարանն այդ միջնորդությունները մերժեց։ Այս դատավարական իրավիճակում ունենք այն, որ վիճարկվող փորձագիտական եզրակացությունները մնում են ուժի մեջ ու հանդիսանում են Նավասարդյանի մեղադրանքի հիմքը։ Գտնում ենք, որ այդ փորձաքննությունները հավաստի են»,- պնդեց Ասլանյանը։

Փաստաբանը նաև մատնանշեց, որ Նավասարդյանը վրաերթից հետո չի կանգնել և շտապօգնություն չի կանչել՝ օգնելու տուժողին։ 

«Արամ Նավասարդյանը ցուցմունք էր տվել, որ կանգնել ու օգնել է տուժողին, հետո նա ասել է, որ շփոթմունք է տեղի ունեցել ու չի կանգնել, թերևս գիտակցելով, որ սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում»,- ասաց Ասլանյանը։ 

Փաստաբանի խոսքով՝ իրենք դատարան են ներկայացրել տեսագրություններ, ըստ որոնց՝ Նավասարդյանը կանգնել է դեպքի վայրից մոտ 150 մետր վերև, զանգահարել, այնուհետև նստել մեքենան և հեռացել։ Ասլանյանը նշեց, որ Նավասարդյանը հետագայում չի մոտեցել դեպքի վայրին՝ պնդելով, թե իմացել է, որ շտապօգնությունն արդեն տեղափոխել է Սոնա Մնացականյանին «Նաիրի» բժշկական կենտրոն։

Ասլանյանը նաև մեղադրեց նախաքննություն իրականացնող քննիչին՝ կանխակալ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Մասնավորապես, նշվեց, որ քննիչը միայն ութ օր անց է դիմել «Նաիրի» ԲԿ-՝ տեսագրությունները ստանալու համար, երբ արդեն դրանք ջնջվել էին (պահպանվում են յոթ օր)։ Այնուամենայնիվ, Ասլանյանը հավելեց, որ քննիչին չի հաջողվել իր գործողություններով կամ անգործությամբ վնասել գործին։

Պաշտպանական կողմի դիրքորոշումը

Պաշտպանական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը

Պաշտպանական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը պնդեց, որ Արամ Նավասարդյանը որևէ կանոն չի խախտել և ենթակա է արդարացման։ Նա նշեց, որ Նավասարդյանը ղեկավարել է խաչմերուկը կարգավորող ոստիկանի ուղղակի հրամաններով։

Ըստ փաստաբանի՝ նախաքննության ընթացքում պետք է պարզվեին նաև ավտոշարասյան մասնակից ոստիկանության մյուս ծառայողների գործողությունները, սակայն գործը կարճվել է։ Բալոյանի կարծիքով՝ նախաքննության մարմինը պետք է հաշվի առներ, որ ենթադրյալ արարքը ուղղակիորեն առնչվում է պետական ծառայողների գործողությունների կամ անգործության հետ։

Բալոյանը մեջբերեց Նավասարդյանի ցուցմունքները, որ դեպքի պահին ինքն իրականացրել է անհետաձգելի ծառայողական առաջադրանք՝ վարչապետին ուղեկցելը։ Նավասարդյանը նշել է, որ իր նկատմամբ երթևեկության կանոնները չեն կիրառվում, բացառությամբ կարգավորողի ցուցումների։

«Ավելին՝ խաչմերուկ մուտք գործելիս տեսա, որ հետիոտնը անցել է մի մասը ու կանգնել։ Հաշվի առնելով կարգավորողի թույլատրող ազդանշանը, ես ավտոմեքենայի ու հետիոտնի միջև անվտանգ տարածությունը, հասկանալով, որ երթևեկության իմ անվտանգությունն ապահովված է, շարունակել եմ»,- մեջբերեց Բալոյանը՝ ընդգծելով, որ հատուկ նշանակության ավտոշարասյան ուղեկցման համար պատասխանատվության է ենթարկվում ոչ թե վարորդը, այլ շարասյան ղեկավարը։

Ռուբեն Բալոյանը նշեց, որ տեսագրություններից պարզ է դառնում հետիոտնի՝ տվյալ դեպքում հղի Սոնա Մնացականյանի իրավախախտ վարքագիծը։

«Նայեք նախավերջի կադրը, տեսեք Սոնա Մնացականյանը ինչքան հեռու էր մեքենայից, եթե կանգնած մնար, այդ վթարը տեղի չէր ունենա»,- հայտարարեց Բալոյանը։

Նա ասաց, որ Մնացականյանի կողմից ճանապարհի հատումը եղել է անթույլատրելի։

«Ճանապարհի բանուկ մասում հետիոտնի հետքայլ կատարելը ևս կարգավորողի ցուցումները չընկալելու մաս է, ինչպե՞ս պետք է Նավասարդյանը կանխատեսեր, որ հետիոտնը հետքայլ է կատարելու ու հայտնվելու է իր ընթացագոտում, երբ Մնացականյանի առջևի գոտուց մի կին քայլերն արագացնելով դուրս է գալիս երթևեկելի գոտուց»,- ասաց փաստաբանը։ 

Ընդհանուր առմամբ՝ Բալոյանը ողջ ընթացքում մեղադրեց նախ վարերթի արդյունքում մահացած Սոնա Մնացականյանին, այնուհետև քննիչին ու դատախազին, փորձագետներին ու վերջում նաև դատավորին։

Ըստ Բալոյանի՝ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մեժել է նոր փորձաքննություններ նշանակելու միջնորդությունները, բացի այդ թույլ չի տվել, որ կողմը հարցեր տան փորձագետին՝ այսպիսով խախտելով կողմերի հավասար մրցակցության սկզբունքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում