Վարչապետի ավտոշարասյան ղեկավար Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց հղի Սոնա Մնացականյանի վրաերթի գործով:
Հուլիսի 30-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հայտարարեց, որ «ապացուցված են մեղադրյալի կողմից արարքները կատարելու հանգամանքները»։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց, որ գործով լրացուցիչ դատալսումները նշանակված են օգոստոսի 13-ին։ Այդ օրը կորոշվի պատժաչափը։

Գործի նախապատմությունը
2022-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Երևանում՝ Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին։ Ո՛չ Սոնայի, ո՛չ էլ նրա առաջնեկի կյանքը փրկել չհաջողվեց։ Դեպքը տեղի ունեցավ, երբ Փաշինյանը շտապում էր Ազգային ժողով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպմանը։ Դեպքը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Հատկանշական է, որ երիտասարդ կնոջ վրաերթից հետո ո՛չ վրաերթ կատարած մեքենան, ո՛չ էլ շարասյան մյուս մեքենաները չկանգնեցին և փորձ չարեցին նրան տեղափոխել հիվանդանոց։
Նախաքննության տվյալներով՝ Արամ Նավասարդյանը, կատարելով հատուկ շարասյան ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից, խախտել է երթևեկության կանոնները՝ վարելով մեքենան 108.7 կմ/ժ արագությամբ։ Սա գերազանցում է վարչապետի ավտոշարասյան համար թույլատրելի 100 կմ/ժ արագությունը։ Ավելին, նա միջոցներ չի ձեռնարկել արագությունը նվազեցնելու համար։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նավասարդյանը վրաերթի է ենթարկել կանաչ լույսի տակ «հանգիստ քայլող հետիոտն Սոնա Մնացականյանին»։
2022-ի հոկտեմբերի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ քննվում է դատարանում։
Կարդացեք նաև՝
Civilnet











