Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն իր կառավարության արտահերթ նիստում հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը մինչև սեպտեմբեր կճանաչի Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելը չձեռնարկի «էական քայլեր» Գազայի պատերազմը դադարեցնելու և կայուն խաղաղության գործընթացին պարտավորվելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն:
Կառավարության կողմից հրապարակված հայտարարության համաձայն՝ Սթարմերը նշել է, որ ճանաչումը կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ Նյու Յորքում, եթե Իսրայելը համաձայնություն չտա հրադադարի, չդադարեցնի օկուպացված Արևմտյան ափի որոշ հատվածների միացման ծրագիրը և չաջակցի երկու պետությունների լուծման քաղաքական ուղուն։
«Վարչապետը վերահաստատել է, որ Համասի և Իսրայելի միջև հավասարություն չկա և որ մեր պահանջները Համասից մնում են անփոփոխ՝ նրանք պետք է ազատ արձակեն բոլոր պատանդներին, համաձայնեն հրադադարին, ընդունեն, որ որևէ դերում չեն լինելու Գազայի կառավարման մեջ և զինաթափվեն»,- նշված է հայտարարությունում:
Սթարմերն ընդհատել է նախարարների ամառային արձակուրդները՝ քննարկելու եվրոպական նախաձեռնությամբ խաղաղության նախագիծ և մարդասիրական օգնության ավելացման ծրագրեր Գազայի հատվածում, որտեղ ՄԱԿ-ը նախազգուշացրել է սովի սպառնալիքի մասին:
Իսրայելը քննադատել է Մեծ Բրիտանիայի այս որոշումը՝ այն որակելով որպես «հատուցում Համասին», ինչը կարող է վնաս հասցնել դիվանագիտական ջանքերին՝ ուղղված Գազայի պատերազմին վերջ դնելուն։
Ավելի վաղ Ֆրանսիան ևս հայտարարել էր, որ սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը։
Civilnet











