Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է ներկայացվել մի շարք արարքների համար, ներառյալ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցություն և փողերի լվացում: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։
Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախաքննության արդյունքում պարզվել է, որ Աբրահամյանը, զբաղեցնելով ՀՀ տարածքային կառավարման նախարարի, նախագահի աշխատակազմի ղեկավարի և վարչապետի պաշտոնները, օգտագործել է իր պաշտոնեական դիրքը՝ ազդեցություն գործադրելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վրա՝ կազմակերպելու անօրինական աճուրդներ:
Նշվում է, որ այդ աճուրդների արդյունքում Աբրահամյանն իր կամ իր մերձավորների անվամբ ձեռք է բերել մի շարք անշարժ գույքեր՝ շուկայականից անհամեմատ ցածր արժեքով, այդ թվում՝ շուրջ 75,000 քմ հողատարածք Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, 120 հա վարելահող և արոտավայր Արարատի մարզի Նարեկ համայնքում, ինչպես նաև ավելի քան 48 հա հողատարածք Մխչյանում:
Ըստ կոմիտեի՝ այս գույքերը դուրս են բերվել համայնքային գույքային ֆոնդից՝ առանց իրավաչափ հիմքի, իսկ հետագայում գրանցվել են Աբրահամյանի մերձավորների անվամբ։ Գույքի զգալի մասը փոխանցվել է նրա կնոջը և իր կողմից վերահսկվող ընկերությանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն նաև հաղորդել է, որ Աբրահամյանը ներգրավված է եղել ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ հովանավորելով ավազի արդյունահանմամբ զբաղվող կազմակերպություններին, այդ թվում՝ իր հետ փոխկապակցված անձանց անունով գրանցված «Մեծն Հովնան» ՍՊԸ-ին։ Նախաքննությամբ պարզվել է, որ նա եղբոր և ազգականների միջոցով փաստացի մասնակցել է նաև «Ավազահատիկ» ՍՊԸ-ի կառավարմանը՝ այդ ընկերությունից ստանալով շուրջ 230 մլն դրամի շահույթ։
Ըստ հաղորդագրության, Աբրահամյանը այդ գումարը միախառնել է այլ եկամուտների հետ՝ այն օրինականացնելու նպատակով տարբեր գործարքների միջոցով։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Աբրահամյանը միջոցներ չի ձեռնարկել իր հետ փոխկապակցված ընկերության կողմից իրականացվող՝ ընդերքօգտագործման սահմանված կարգի խախտմամբ ավազի արդյունահանման կանխարգելման ուղղությամբ։ Այս գործընթացի հետևանքով առաջացել է հողի դեգրադացում և փոփոխություն Արաքս գետի հունում, որի արդյունքում Հայաստանի պետական սահմանի մոտ ձևավորվել է 307,82 հա մակերեսով կղզյակ։
Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, լիազորությունները գերազանցելու, ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու հոդվածներով։
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Գործն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքի վրա դրվել է արգելանք։
Civilnet











