Դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կարապետյանի պաշտպան Լիաննա Գասպարյանը։
«2025-ի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի (ընդ որում՝ Արտակ Կարապետյանը Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորն է) կողմից կայացված որոշման դեմ ներկայացված Հատուկ վերանայման բողոքը բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Սամվել Կարապետյանի իրավունքի խախտման փաստը»,- գրել է Գասպարյանը։
Ըստ պաշտպանի, այս հանգամանքը փաստում է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար ի սկզբանե բացակայել են բավարար փաստական հիմքերը, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանի բնակարանում կատարված խուզարկությունը «կրել է բացահայտ ապօրինի բնույթ»:
***
Հայաստանի կառավարության և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:
Հունիսի 18-ին դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է։
Civilnet











