Գլխավոր Լրահոս

Տաքսու վարորդներին կհամաներվի ավելի քան 1,3 մլրդ դրամ պետական տուրք և տույժ

Տաքսու վարորդներին կհամաներվի ավելի քան 1,3 մլրդ դրամ պետական տուրք և տույժ

Հուլիսի 31-ին կառավարությունն որոշեց համաներում կիրառել անհատ տաքսու վարորդների նկատմամբ, որոնք պետք է լիցենզավորվեին ու վճարեին պետական տուրք։ Նախագծի համաձայն՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 2015-2019-ին գործող հոդվածներից մեկով սահմանված էին ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար պետական տուրքի դրույքաչափերը՝ ամսական, եռամսյակային և տարեկան տուրքերի ձևով։ Հետագայում օրենքը փոխվել է, և այն ուժը կորցրած է ճանաչվել, սակայն գործունեությունը շարունակել է համարվել լիցենզավորման ենթակա։

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալների համաձայն՝ 2015-2019-ին ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման բնագավառում լիցենզիաներ են տրամադրվել 10,950 ֆիզիկական անձանց։ Այդ ժամանակահատվածում գործունեությունն իրականացնող ավելի քան 5,000 ֆիզիկական անձանց մոտ կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ, որի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1,3 մլրդ դրամ, որից տուրքը՝ 927 մլն դրամ, իսկ տույժը՝ 415 մլն դրամ։

2024-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել նոր նախագիծ, որով կարգավորվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայության մատուցումը։ Ըստ ՊԵԿ տվյալների՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման ավելի քան 90%-ը կենտրոնացված է ուղևորափոխադրումների պատվերներ ընդունող և փոխանցող էլեկտրոնային հարթակներում։ Ըստ այդմ՝ 2024-ի սեպտեմբերից մինչև 2025-ի վերջը հարթակներում ներառված են եղել 60-65 հազար ֆիզիկական անձինք, որոնց կողմից գեներացվում են հաշվիչ դրամարկղային կտրոններ, և Հարթակների միջոցով պետական բյուջե է մուտքագրվել 330 մլն դրամ պետական տուրք։

Տաքսու վարորդները մեծապես կենտրոնացված են այդ հարթակներում, իսկ դրանցից դուրս ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման պատվերների բացակայության հետևանքով ֆիզիկական անձինք, որոնք կազմում են մոտ 10 տոկոս, նորից օգտվում են պարբերաբար այդ հարթակներից։ Ըստ կառավարության՝ այսպիսով բոլորը անխուսափելիորեն կատարում են պետական տուրքի վճարման պարտականությունները, որը մինչև 2026-ի հունվարի 1-ը աճման միտումով կազմելու է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի մինչև 5%-ը։ Ուստի, կառավարությունը որոշեց համաներում իրականացնել լիցենզիայի մասով, որն ի դեպ պետական բյուջեի ակնկալվող եկամուտներում ներառված չի էլ եղել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում