Գլխավոր Լրահոս

Կարապետյանները հերքում են Ստոկհոլմի արբիտրի նոր որոշման կառավարության մեկնաբանությունը

Կարապետյանները հերքում են Ստոկհոլմի արբիտրի նոր որոշման կառավարության մեկնաբանությունը

Լիա Ավագյան

2025-ի օգոստոսի 4-ին Ստոկհոլմի առևտրային պալատի Արտակարգ արբիտրի կողմից կայացված որոշման շուրջ ՀՀ կառավարությունն ու Սամվել Կարապետյանի ընտանիքը տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ են տալիս։ Կառավարությունը հայտարարում է, որ ՀԷՑ-ի բաժնետերերի նոր միջնորդությունները մերժվել են, մինչդեռ Կարապետյանների ճամբարը շեշտում է, որ Արտակարգ արբիտրը հերթական անգամ հաստատել է հուլիսի 22-ի որոշման պարտադիր կատարելի լինելը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժնետերերը՝ Կարապետյանները և Liormand Holdings Limited-ը հուլիսի 29-ին կրկին դիմել էին Արտակարգ արբիտրաժին՝ պահանջելով հստակեցնել ՀՀ կառավարության պարտավորությունները հուլիսի 22-ի որոշման կատարման առումով, վերականգնել ընկերության բաժնետերերի դիմումի պահին գործող ստատուս քվոն և պարտադրել հաշվետվություն ներկայացնել իրականացված քայլերի վերաբերյալ։ 

«Օգոստոսի 3-ի որոշմամբ արբիտրն ամբողջությամբ մերժել է Հայցվորների պահանջն այն պատճառաբանությամբ, որ ներկայացվել են սկզբնական պահանջի համեմատ նոր պահանջներ և որ իր իրավազորությունը և լիազորությունները չեն տարածվում պահանջվող ապահովման միջոցների վրա»,- նշվում է կառավարության հաղորդագրությունում։

Սակայն Սամվել Կարապետյանի ընտանիքի անունից տարածված հայտարարությունում, մինչդեռ, շեշտվում է, որ օգոստոսի 4-ին հրատապ արբիտրաժը հրաժարվել է լրացնել հուլիսի 22-ի որոշումը՝ պարզաբանելով, որ այդ որոշումն արդեն իսկ բավարար հստակություն ունի և ենթակա է անհապաղ կատարման Հայաստանի կառավարության կողմից։

«Օգոստոսի 4-ին հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել քննության չառնել ավելի վաղ իր կողմից ընդունված որոշման լրացման անհրաժեշտությունը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ իր կողմից հուլիսի 22-ին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն իսկ ենթակա է պարտադիր և անհապաղ կատարման»,- նշված է Կարապետյանների տարածած հաղորդագրությունում։

Կարապետյանների ներկայացուցիչները հայտարարել են, որ Հայաստանի իշխանությունները շարունակել են իրենց գործողությունները՝ հակասելով արբիտրաժային որոշման էությանը, այդ թվում՝ ՀԷՑ-ում կադրային փոփոխություններով։

Ինչպես եղավ

ՀԷՑ-ի շուրջ վեճը սկսվեց այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը հունիսի կեսերին հրապարակայնորեն պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցուն  և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գահընկեց անել։։ Իր հայտարարությունից կարճ ժամանակ անց Սամվել Կարապետյանը կալանավորվեց, նրան մեղադրանք ներկայացվեց իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր անելու մեջ։ Դրանից օրեր անց կառավարությունը նախաձեռնեց  ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրենսդրական գործընթաց և ստանձնեց ընկերության կառավարումը։

Հուլիսի 22-ին Ստոկհոլմի արտակարգ արբիտրը որոշեց կասեցնել ՀԷՑ-ի ազգայնացմանն ուղղված քայլերը՝ արգելելով ընկերության կառավարման փոփոխությունները, նոր տնօրենների նշանակումները և այլ միջամտությունները։ 

Միաժամանակ, Հայաստանի կառավարությունը, այդ թվում վարչապետ Փաշինյանը, շարունակաբար հայտարարում են, թե ՀԷՑ-ի նկատմամբ քայլերն ուղղված են էլեկտրամատակարարման որակի բարելավմանը։ Փաշինյանը ակնարկել է, որ ՀԷՑ-ի կառավարման իրավունքը հնարավոր է փոխանցվի մասնավոր օպերատորին, ինչպես դա արվել է օրինակ ջրամատակարարման ոլորտում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում