Գեորգի Միրզաբեկյան
Հարավային Կովկասի նկատմամբ Միացյալ Նահանգների ուշադրությունը մեծանում է։ Ամերիկյան կողմը փորձում է լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հարցը, որը միաժամանակ կնպաստի «Աբրահամի համաձայնագրերի» ընդլայնման գործին։ Այն քաղաքական հովանոց կլինի նոր անդամ երկրների համար, իսկ ամերիկյան կողմին հնարավորություն կտա ավելի շահեկան դիրք գրավելու տարածաշրջանում, հատկապես՝ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող հաղորդակցային կապուղիների խնդրում։
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի լավատեսական հայտարարությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի մոտալուտ հանգուցալուծման մասին, ինչպես նաև Մեղրիի ճանապարհի վերաբերյալ ԱՄՆ-ի հնարավոր դերակատարության շուրջ քննարկումները վկայում են Միացյալ Նահանգների՝ տարածաշրջանում ավելի մեծ դեր ստանձնելու մտադրության մասին։ Դրան կարելի է գումարել օգոստոսի 4-ին տարածված ադրբեջանական ոչ պաշտոնական տեղեկություններն այն մասին, որ ուրբաթ Վաշինգտոնում սպասվում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպում։
Կովկասյան տարածաշրջանի նկատմամբ Միացյալ Նահանգների ակտիվության բարձրացման մասին է վկայում մեկ այլ կարևոր հանգամանք, ըստ որի՝ ամերիկյան կողմը մտադիր է զարկ տալ «Աբրահամի համաձայնագրերի» ընդլայնմանը՝ դրանցում ներգրավելով Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները։ Դրա վերաբերյալ ամենավերջին նորությունը հաղորդեց Reuters-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների, որոնց տեղեկությունները ավելի են ամբողջացնում Միացյալ Նահանգների քաղաքական որոշ հաշվարկներ Հրվ․ Կովկասին և Կենտրոնական Ասիային վերաբերող հարցերում։
Աբրահամի համաձայնագրերը (անգլ.՝ Abraham Accords) դիվանագիտական համաձայնագրերի շարք են, որոնք ստորագրվեցին 2020-ի սեպտեմբերին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ՝ նպատակ ունենալով նորմալացնել Իսրայելի և արաբական մի շարք պետությունների՝ ԱՄԷ-ի, Բահրեյնի, իսկ հետագայում նաև Սուդանի և Մարոկկոյի միջև հարաբերությունները։ Համաձայնագրերը ներառում են դիվանագիտական, տնտեսական և անվտանգային համագործակցության զարգացում։ Անվանումը ընտրվել է Աբրահամի անունով՝ ի նշան երեք մոնոթեիստական կրոնների՝ հրեականության, քրիստոնեության և իսլամի ընդհանուր հոգևոր նախահոր, ինչը պետք է խորհրդանշի միասնություն և փոխադարձ հարգանք։ Չնայած դրական արձագանքներին և խաղաղության հաստատման կոչերին՝ համաձայնագրերը քննադատության են արժանացել Պաղեստինի և իսլամական մի շարք երկրների կողմից՝ որպես պաղեստինյան հարցի շրջանցում և Իսրայելի հանդեպ արաբական դիրքորոշման լրջագույն զիջում։
Reuters-ի տեղեկություններով՝ Ադրբեջանը առանցքային նշանակություն ունի «Աբրահամի համաձայնագրերին» ներգրավելու Վաշինգտոնի ծրագրում, որը կարող է ամիսների կամ էլ շաբաթների հարց լինել։ Նշվում է նաև, որ Ադրբեջանն է կապ հաստատել Կենտրոնական Ասիայի երկրներից Ղազախստանի հետ՝ տեղեկանալու հարցի շուրջ առկա տրամադրությունների մասին։
Ելնելով այս տեղեկությունների տրամաբանությունից՝ չի բացառվում, որ ամերիկյան կողմը կփորձի արագացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, քանի որ ըստ աղբյուրի՝ «Աբրահամի համաձայնագրերին» Բաքվի ներգրավման դիմաց ամերիկյան կողմը Ադրբեջանի առջև որպես նախապայման է դրել Երևանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Աբրահամի համաձայնագրերին» միանալու հեռանկարում շրջանառվել է նաև Հայաստանի անունը, ճիշտ է՝ ոչ հիմա, այլ գարնանը։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի համատեքստում, Հայաստանը ներգրավելու ցանկության մասին էր հայտնել։ Այդ ժամանակ Հայաստանի ԱԳՆ-ն ուղիղ չպատասխանեց նման հնարավորությանը։
Ճիշտ է՝ Reuters-ի անանուն աղբյուրներն այս անգամ Հայաստանը չեն հիշատակել, բայց հնարավոր է՝ Երևանը ներառելու հեռանկարը չի անհատեցել ամերիկյան ծրագրերից, մանավանդ, եթե ամերիկյան աջակցությամբ Երևանն ու Բաքուն հասնեն բանակցային արդյունքի։ Անշուշտ, Վաշինգտոնի հովանավորությամբ խաղաղության պայմանագրի կնքումը իր հերթին լավ հնարավորություններ կստեղծի ամերիկյան կողմի համար «Աբրահամի համաձայնագրերն» առաջ տանելու գործում, որի հարցում ամերիկյան կողմը վճռական է թվում։
Հարավկովկասյան ու Կենտրոնաասիական իրականության մեջ այդ համաձայնագրերի ընդլայնումը ԱՄՆ-ի համար շահավետ դիրքեր կարող է խոստանալ Արևելքն Արևմուտքին կապող կարևոր տարանցիկ հաղորդակցությունների գործում, որի առանցքային մասերից մեկը նախատեսում է Կենտրոնական Ասիան միացնել Եվրոպային Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով։
Նման հեռանկարը ամերիկյան կողմի տեսանկյունից սեփական դերն էականորեն ավելացնելու հնարավորություն կստեղծի, որը կարող է ընդհուպ հանգեցնել այդ տարածաշրջաններում անվտանգային նոր հավասարակշռության ստեղծմանը։
Ադրբեջանն ու «Աբրահամի համաձայնագրերը»
Reuters-ի անանուն աղբյուրների տեղեկությունները թույլ են տալիս եզրակացնել, որ ադրբեջանական կողմը նույնպես շահագրգռված է համաձայնագրերին միանալու հեռանկարով, ինչը նոր հարթություն կարող է տեղափոխել Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քանիցս դժգոհելով ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի հետ ունեցած հարաբերությունների մակարդակից՝ հանդես է եկել Թրամփի կառավարության հետ փոխշահավետ համագործակցության կոչերով։
Ադրբեջանի համար համաձայնագրերին միանալը կարող է երկու առումով հետաքրքիր լինել․
Բաքուն ձգտելու է չեղարկել 1992-ին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած «Ազատության աջակցման ակտի» 907-րդ բանաձևը, որը պայմանավորված Ղարաբաղյան հակամարտությամբ՝ ԱՄՆ-ն արգելում էր ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Բաքուն պարբերաբար փորձել է հասնել դրա վերանայմանը, սակայն այդ որոշումը բովանդակային առումով մինչև օրս անփոփոխ է մնացել։ (2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ն կասեցրեց (բայց չչեղարկեց) 907-րդ բանաձևը)։
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկա կոնտեքստում բանաձևի չեղարկումը նոր կարևորություն է ստացել Ադրբեջանի համար։ Բաքուն այդ հարցը տարբեր մակարդակներով շոշափելով՝ հաճախ այն կապում է իր՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարի հետ։ Վերջերս 907-րդ բանաձևի չեղարկման մասին էր խոսել նաև ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։
Մեկ այլ կարևոր հանգամանք, որը կարող է Բաքվին հետաքրքիր լինել «Աբրահամի համաձայնագրերին» միանալու խնդրում, Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ կապերի ամրապնդման հեռանկարն է, այդ թվում՝ պաշտպանական ու հաղորդակցային խնդիրներում։ Reuters-ի աղբյուրները նաև նշել էին, որ ԱՄՆ-ի տեսանկյունից «Աբրահամի համաձայնագրերին» Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի ներգրավվումը ավելի շատ կարևոր է հենց այդ երկու պատճառով։
Իրանի հետ Ադրբեջանի ռազմավարական հակամարտությունը երկարաժամկետ հարց է, իսկ հաղորդակցային ուղիներում՝ հատկապես Հայաստանի նկատմամբ առավելության հասնելու նպատակները այժմեական են Բաքվի համար։
Դեռ տարեսկզբին փորձագիտական տարբեր շրջանակներում քննարկումներ էին գնում այն մասին, որ Բաքուն ձգտում է Իսրայելի ու Միացյալ Նահանգների հետ հասնել սերտ համագործակցության՝ այդ ժամանակ Իրանի հետ ոչ հարթ հարաբերությունների համատեքստում։ Այդ մասին քննարկումները լայն թափ էին ստացել հատկապես 2024-ի վերջին և 2025-ի փետրվարին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Իսրայել կատարած այցերի համատեքստում։
«Աբրահամի համաձայնագրերը» առավել լայն պատկերում
Համաձայնությունները, որոնք կնքվել են Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ժամանակ, դիվանագիտական հաջողություն են ընկալվում Միացյալ Նահանգների նախագահի թիմի շրջանում։
«Մենք այստեղ ենք՝ փոխելու պատմության ընթացքը»,- համաձայնագրերի կնքման համատեքստում նշել էր Թրամփը։
2020-ին և դրանից հետո Միացյալ Նահանգների հիմնական նպատակներից մեկը այդ համաձայնագրերին Միջին Արևելքի ամենակարևոր երկրներից մեկին՝ Սաուդյան Արաբիային ներգրավելն է, որը սակայն հրաժարվում է դրանց միանալ, իր մասնակցությունը անմիջականորեն կապում է Իսրայելի կողմից Պաղեստինը ճանաչելու խնդրի հետ։ Չնայած այդ դիրքորոշմանը՝ Սաուդյան Արաբիան էական քայլեր արել է հօգուտ Իսրայելի, օրինակ՝ բացելով իր օդային տարածքը վերջինի համար, իսկ 2023-ի դեկտեմբերին՝ իսրայելա-պաղեստինյան ընթացիկ պատերազմի պայմաններում, էլ-Ռիադը իր տարածքով բեռնափոխադրումների տարանցման համար միջանցք բացելու որոշում կայացրեց, որի հետևանքով Իսրայելն ու ԱՄԷ-ն շարունակեցին միմյանց միջև առևտուրը։
Ուշագրավ է, որ չնայած ներկայում ԱՄԷ-ի ու Իսրայելի միջև Գազայի խնդրով պայմանավորված տնտեսական կապերը թուլացել են, այնուամենայնիվ, խոսք չկա «Աբրահամի համաձայնագրերի» անդամ արաբական երկրների ու Իսրայելի միջև դիվանագիտական կապերի խզման մասին։
Իրանի գործոնը
Իրանն «Աբրահամի համաձայնագրերին» կտրուկ դեմ արտահայտվող երկրներից է, որը հարցը կապում է ոչ միայն Պաղեստինի հիմնախնդրի, այլ նաև Միջին Արևելքում Իսրայելի աճող ազդեցության հետ։ Իրանի գլխավոր մտահգություններից մեկը իր հարևանությամբ գտնվեղ երկրներում ամերիկյան հովանավորությունը վայելող Իսրայելի քաղաքական ու տնտեսական դիրքերի ուժեղացումն է։ Դրան հակազդելու համար Իրանն ավելի ուշ MWADA (Muslim West Asian Dialogue Association) հարթակի ստեղծման նախաձեռնությամբ հանդես եկավ, սակայն էական առաջընթաց այդ գործում դեռ չի նկատվում։
Իրանը 2020-ից Ղարաբաղյան պատերազմի հետո առավել զգայուն է Կովկասյան տարածաշրջանի հանդեպ և պարբերաբար հայտարարում է արտարածաշրջանային ուժերի ներգրավվածության անթույլատրելության մասին, որի անվան տակ Թեհրանը հասկանում է առաջին հերթին ԱՄՆ-ն ու Իսրայելը։
Մեղրիի ճանապարհի շուրջ ամերիկյան հնարավոր դերակատարության քննարկումների համատեքստում Թեհրանի ակտիվությունը ևս վկայում է Իրանի անհանգստությունների մասին։ Մերձավոր Արևելքում սեփական դիրքերի թուլացումը, Իսրայել-Իրան պատերազմն ու անորոշությունը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, Իրանին ոչ շահեկան վիճակի մեջ են դնում։
Գեորգի Միրզաբեկյան











