Ջանդի (Ալեքսանդրա) Քուենինգ, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում
Աքրամ Այլիսլիի պատմվածքների առաջին եռագրությունը՝ «Մարդիկ և ծառերը», Խորհրդային Ադրբեջանում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի պատանու՝ Սադըղի մանկության ու պատանեկության վերապրումների մասին է։
Գրքում ներառված է երեք պատմվածք՝ «Մեդինայի պատմությունը», «Նռենու պատմությունը» և «Ծառերի մարդիկ», ինչպես նաև կարճ պատմվածք՝ «Արծաթե մազահանի պատմությունը»։
Գիրքը հրատարակվել է ադրբեջաներեն 1970-ին և ռուսերեն է թարգմանվել 1971-ին։
Սադըղի պատմությունն աչքի է ընկնում խորհրդային մոդեռնիզացիայի ու ավանդական մշակույթի բախմամբ։ Գրքի հիմնական գիծն ընտանեկան բռնության քննադատությունն է։ Պատմվածքներում կանանց նկատմամբ բռնությունը՝ հատկապես ամուսինների կողմից, ներկայացվում է որպես տարածված և ընդունված երևույթ գյուղական համայնքներում։ Սադըղի հոր ամենամոտ ընկեր և օրինակ հանդիսացող Յաղուբն անգամ հայտարարում է․ «Կանանց պետք է պինդ ձեռքով պահել. ուղեղները հավի չափ են։ Եթե չծեծես, լրիվ կգժվեն»։
Չնայած այդ ամենին՝ Սադըղը դեմ է գնում այս մտածելակերպին՝ աջակցելով իր մորաքույր Մեդինային՝ բռնարար ամուսնու մահից հետո նոր կյանք սկսելու հարցում։
Սակայն Այլիսլին չի առաջարկում պարզ ու երջանիկ ավարտ։ Մեդինան, չնայած մի պահ հրաժարվում է բռնարար Յաղուբի առաջարկից, վերջում՝ ընտանիքի բարօրության և Սադըղին Բաքվում կրթություն տալու նպատակով, ընդունում է ամուսնության առաջարկը։ Սադըղը, արդեն հասուն տարիքում, ի վերջո համակերպվում է որոշման հետ։ Այս հանգուցալուծումը ներկայացնում է սոցիալական այն բարդ իրողությունները, որոնց միջով անցնում էին կանայք՝ ապրելու, ապահովություն ստանալու և երեխաների ապագան երաշխավորելու նպատակով։
Գրքում հիմնական թեմաներից է նաև բնության և խորհրդային կոլեկտիվի միջև հակադրությունը։ Այս համատեքստում Այլիսլին, բովանդակային առումով լինելով զգուշավոր, երբեմն քննադատաբար է մոտենում խորհրդային համակարգին՝ ընդգծելով ավանդույթների էությունը հասկանալու դրա անկարողությունը։ Գեղարվեստականության բարձր մակարդակը երևում է հատկապես բնության նկարագրություններում․ «Հետո հայրս խոսեց, և մորաքույրս լսեց։ Գիշերը լսեց նրա խոսքը, ծառերը լուռ խոնարհեցին գլուխները։ Եվ երբ հայրս լռեց, աստղերը սկսեցին շշնջալ լեռների հետ, իսկ այդ օրը նրանց շշնջոցում մի բան մռայլ էր»։
Թեպետ «Մարդիկ և ծառերը» Այլիսլիի վաղ շրջանի ստեղծագործություններից է, այն արդեն վկայում էր գրողի գրական տաղանդի մասին։ 2012-ին զգայուն թեմաների շուրջ հենց նրա ուղղախոսությունը դարձավ սկանդալի պատճառ, երբ նա հրապարակեց մի վեպ, որտեղ անդրադառնում էր 1989-ին Բաքվում հայերի ջարդին և 1919-ին թուրքական զորքերի իրագործած սպանություններին։ Դրանից հետո Այլիսլին զրկվեց պետական կոչումներից և այժմ փաստացի տնային կալանքի տակ է Բաքվում։
Չնայած իր վիճահարույց կերպարին՝ Աքրամ Այլիսլիի ստեղծագործությունները շարունակում են մնալ նշանակալի վավերագրություն՝ պատկերելով հասարակ մարդկանց կյանքը՝ թե՛ խորհրդային, թե՛ ժամանակակից Ադրբեջանում։
Civilnet











