Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում խաղաղության շրջանակային համաձայնագիր կստորագրվի, գրում է Reuters-ը։ Վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաների, Reuters-ը գրում է, որ այս համաձայնագիրը ներառում է ամերիկյան բացառիկ իրավունքներ Հարավային Կովկասով անցնող ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ՝ երկարաժամկետ օգտագործման նպատակով։
Միջանցքը կկոչվի TRIPP (Trump Route for International Peace and Prosperity)՝ Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի։ Այն կգործի Հայաստանի օրենսդրության համաձայն, իսկ ԱՄՆ-ն այն վարձակալության կտա ենթակառուցվածքների կառավարման միջազգային կոնսորցիումի։
«Այս քայլը, իր տնտեսական բաղադրիչով, կբացի տարածաշրջանը և կկանխի նոր ռազմական հակամարտությունները»,- Reuters-ին ասել է ամերիկացի անանուն պաշտոնյան։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրելու են նաև մի փաստաթուղթ, որով պաշտոնապես կդիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջով։ Մինսկի խումբը ստեղծվել է 1992-ին՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ, միջնորդելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։
Նշվում է, որ խաղաղության բանակցությունների առաջընթացը սկսվել է դեռ մարտ ամսին, երբ տարածաշրջան էր այցելել ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Նրա թիմը հաջորդ ամիսներին մի քանի անգամ վերադարձել է տարածաշրջան՝ նպաստելու համաձայնագրի ձևավորմանը։
ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ խաղաղության համաձայնագիրը կարող է դուռ բացել Ադրբեջանի համար՝ միանալու Աբրահամյան համաձայնագրերին, որոնց միջոցով Թրամփն իր առաջին նախագահության ընթացքում նպաստեց Իսրայելի և մուսուլմանական մի քանի երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։
ԱՄՆ-ում սպասվող զարգացումների մասին ավելի վաղ մանրամասներ էր հայտնել Վաշինգտոնում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։
Տե՛ս նաև՝ Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում կդիմեն Մինսկի խումբը լուծարելու հարցով, հայտնում է լրագրողը
Civilnet











